Լրահոս
Օրվա լրահոսը

Չենք կարող ասել, որ ունենք գենդերային հավասարություն, քանի որ ունենք ռազմավարություն. Աննա Հովհաննիսյան

Մայիս 05,2025 14:43 Share

ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանում գենդերային քաղաքականության իրականացման նոր՝ 2025-2028 թթ․ ռազմավարությունը։ Հիմնական նպատակն է ապահովել կանանց եւ տղամարդկանց հավասար հնարավորությունները՝ տարբեր ոլորտներում։

«Առաջին գերակայությունը հիմնականում անդրադառնում է որոշումների կայացման հարցում կանանց դերի բարձրացմանը, երկրորդ ուղղությունը սոցիալ-տնտեսական ոլորտում գենդերային հավասարությանն ուղղված աշխատանքներն են լինելու: Երրորդ գերակայությունը կրթության եւ գիտության ոլորտում կանանց եւ տղամարդկանց հավասար ներգրավվածության ապահովմանն է վերաբերվում, չորրորդը՝ առողջապահության ոլորտում կանանց եւ տղամարդկանց հավասար հնարավորություններին:

Հինգերորդ՝ առանցքային եւ մեծ գերակայությունը գենդերային բռնության եւ խտրականության հաղթահարմանն է վերաբերվում՝ այդ թվում ընտանեկան եւ կենցաղային բռնության աշխատանքներին: Վեցերորդ եւ նոր գերակայությունը, որ նախկինում չենք ունեցել, կլիմայի փոփոխությունների նկատմամբ գենդերաարձագանքող եւ գենդերազգայուն միջոցառումներ է ենթադրում»,- նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հավասար հնարավորությունների ապահովման վարչության Մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Սոֆի Բոստանչյանը՝ թեմայի վերաբերյալ Մեդիա կենտրոնում կայացած քննարկման ժամանակ:

Սոֆի Բոստանչյան

Անդրադառնալով ԱԺ-ում կանանց ներգրավվածությանը Սոֆի Բոստանչյանը փաստեց, որ կանանց թվի շուրջ 36 % աճ կա, իսկ մինչեւ 2020թ այդ ցուցանիշը 18-23 % էր կազմում: Նա նշեց, որ դրական տեղաշարժ կա նաեւ համայնքային մակարդակում՝ կին ավագանիների ներգրավվածության առումով եւ գործադիր մարմնում, որտեղ այժմ 4 կին նախարար ունենք: «Ռազմավարությունը քաղհասարակության համար շատ կարեւոր գործիք է, բայց իհարկե չենք կարող ասել, որ բավարար է»,-նշեց Սոֆի Բոստանչյանը:

Աննա Հովհաննիսյան

Կանանց ռեսուրսային կենտրոնի Ադվոկացիայի թիմի համակարգող Աննա Հովհաննիսյանի ձեւակերպմամբ. «Ռազմավարության ընդունումը մեծ առաջընթաց է կանանց իրավունքների պաշտպանության առումով, բայց չենք կարող ասել, որ ունենք գենդերային հավասարություն, քանի որ ունենք ռազմավարություն: Մյուս կողմից, դա մեծ հնարավորություն է տալիս որոշակի ժամանակահատվածը մեկ հաշվետվողականություն պահանջել պետությունից, ԱԺ-ից, Կառավարությունից»:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031