Լրահոս
«Յոխ»
Օրվա լրահոսը

«Փաստացի մի մեծ խումբ բաց ենք թողում»․ քննարկում ԱԺ-ում՝ «խտրականության մասին» օրենքի նախագծի շուրջ

Նոյեմբեր 25,2026 13:23 Share
Աջակցեք aravot.am-ին

«Գործող նախագծով մենք ունենք, որ միայն մարդու իրավունքների պաշտպանի որոշման առկայության դեպքում ապացուցման բեռի բաշխումը դատարանի կողմից կարող է լինել ի օգուտ խտրականության ենթարկված անձի։ Մնացած բոլոր դեպքերում դատարանն ինքն է որոշում ապացուցման բեռի բաշխման հարցը։ Միջազգային փորձն է նաև մեզ ասում՝ հաշվի առնելով, որ խտրականության գործերը բավական զգայուն գործեր են, մեծ համարձակություն են պահանջում նաև անձից՝ բարձրաձայնել դրա վերաբերյալ, պետք է նաև ստեղծել որոշակի դատավարական երաշխիքներ՝ այդ թվում ապացուցման բեռի բաշխման տեսանկյունից։ Ո՞րն է պատճառը, որ չենք նախատեսում միջազգային նորմերին համապատասխան այս կարգավորումը, և արդյոք չենք համարում, որ ինքնին նախագիծը խտրական է այս առումով, որովհետև եթե դու հնարավորություն ես ունենում միայն մարդու իրավունքների պաշտպանի որոշման հիման վրա դիմել, բայց սա տարածվում է միայն որոշակի ոլորտներում՝ պետական կամ տարածքային ինքնակառավարման մարմինների կողմից խտրականության գործերին, չի տարածվում մասնավոր ոլորտի վրա։ Փաստացի մենք մի մեծ խումբ բաց ենք թողում այս պարագայում։ Կամ ուղղակի չի ցանկանում անձը դիմել մարդու իրավունքների պաշտպանին, միանգամից ուզում է դիմել դատարան»,- խորհրդարանում, ԱԺ մարդու իրավունքների եւ պաշտպանության մշտական հանձնաժողովի կազմակերպած՝ «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի և կից օրենքների նախագծերի փաթեթի աշխատանքային քննարկման ժամանակ իր մտահոգությունները բարձրաձայնեց Կանանց ռեսուրսային կենտրոնի ղեկավար Աննա Հովհաննիսյանը։

Նա հավելեց, որ նախագծի նախկին տարբերակում կար վարչական իրավախախտումների օրենսգրքով վիկտիմիզացիայի ոտնձգության համար տուգանք։ Ներկայացված նախագծում՝ չկա։ Իր գնահատմամբ, գենդերային խտրականության գործերով այս տուգանքի առկայությունը պատասխանատվության կարևոր մեխանիզմ է։

Մանրամասները՝ տեսանյութում

 

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը ներկայացրել էր հիմնական կարգավորումները։ Ըստ այդմ, սահմանվում են խտրականության հասկացությունը և տեսակները, այդ թվում՝ ուղղակի և անուղղակի խտրականությունը, խտրականության հրահրումը, ոտնձգությունը, զոհայնացումը և այլ դրսևորումներ։ Խտրականության արգելքը տարածվում է հասարակության հասարակական կյանքի բոլոր ոլորտների վրա և ներառում է բոլոր տեսակի պաշտպանված հատկանիշները՝ սեռ, ռասա, մաշկի գույն, էթնիկ, սոցիալական ծագում, գենետիկական հատկանիշներ, լեզու, կրոն, աշխարհայացք․ «Նախատեսվում են նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պարտականությունները, ինչպես նաև փաստացի անհավասարության հաղթահարման նպատակով ժամանակավոր հատուկ միջոցների կիրառման հնարավորությունները։ Բարեփոխման առանցքային բաղադրիչներից է իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության ինստիտուցիոնալ համակարգի ամրապնդումը. մասնավորապես՝ Մարդու իրավունքների պաշտպանին վերապահվում է իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մարմնի մանդատը՝ իրավահավասարության մարմին։ Այս շրջանակում պաշտպանը հնարավորություն կունենա քննարկելու նաև կազմակերպությունների կողմից ենթադրյալ խտրականության վերաբերյալ բողոքները, իրականացնելու մշտադիտարկում, ներկայացնելու օրենսդրության և պրակտիկայի բարելավման առաջարկություններ, ինչպես նաև կողմերի համաձայնությամբ իրականացնելու հաշտարարություն։ Կարևոր նորամուծություն է նաև պաշտպանի՝ խտրականության ենթարկված անձի կամ անձանց խմբի համաձայնությամբ դատարան դիմելու իրավասության նախատեսումը, եթե պաշտպանի կողմից արձանագրվել է խախտում և համապատասխան մարմինը կամ կազմակերպությունը չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել պաշտպանի առաջարկությունները»։

Ըստ նրա, առանցքային նշանակություն ունեն նաև նախագծի փաթեթով նախատեսվող դատավարական փոփոխությունները. «Փաստացի առաջարկվում է խտրականության չենթարկվելու իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերի քննությունը վերապահել ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարաններին՝ անկախ ենթադրյալ խտրականությունը գործած սուբյեկտի կարգավիճակից։ Այս կարգավորումը տարածվելու է նաև այն դեպքերի վրա, երբ խտրականությունը դրսևորել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ։ Նախագծի փաթեթով նաև վերանայվում է խտրականության համար քրեական պատասխանատվության շրջանակը»։

Մանրամասները՝ տեսանյութում

ՄԻՊ գրասենյակին փոխանցվող հիմնական մանդատի՝ իրավահավասարության մարմնի առնչությամբ, ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն ասաց․ «Որպես հաստատության ղեկավար ստանձնել եմ այդ հանձնառությունը, բայց միանշանակ նաև շեշտադրել եմ, որ հաստատությունը կարող է ստանձնել այս գործառույթը այն դեպքում, երբ միջազգային չափանիշներին համաձայն հաստատությանը տրամադրվեն բավարար մարդկային, ֆինանսական ռեսուրսներ, շենքային պայմաններ, որպեսզի զուտ այդ նույնիսկ մինիմալ հնարավորությունները գործառույթն իրականացնելու համար բավարար լինեն, պատշաճ լինեն»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել