Լրահոս
Ջրի ճամփան
Օրվա լրահոսը

Ձյունիկ Աղաջանյան. «Կարծում եմ, երկու նախագահների ելույթները նաեւ հրահանգ էին իրենց թիմերին՝ վերջ դնելու բզկտոցին, որովհետեւ այս իշխանության համար նման քննարկումները հանրային դաշտում միասնությունը բացառելու միջոց է»

Մայիս 05,2025 17:38

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Հայելի» ակումբում անդրադարձավ անցած շաբաթ տեղի ունեցած իրադարձություններին: Մասնավորապես, խոսելով Նոր Նորքի թաղապետարանում համայնքապետի անմիջական մասնակցությամբ ակտիվիստ Արթուր Չախոյանին խմբակային բռնության ենթարկելու մասին՝ տիկին Աղաջանյանն ասաց. «Շատ տգեղ եւ տխուր զարգացումներ էին, բայց նաեւ շատ սպասելի: Որովհետեւ այդ խումբը աստիճանաբար սկսում է իր իրական դեմքը ցույց տալ: Մենք պետք է հասկանանք, ու կարծում եմ, հոգեբաններն այստեղ շատ ավելի ճիշտ որակումներ կտան, որ նման դրսեւորումները մի քանի պատճառներ են ունենում:

Առաջինը, որ սեփական ամբարտավանության արհեստական գիտակցությունը եւ դրա դրսեւորումը իրենք իրենց ներսում փորձում են վերածել «ամենակարողության» դրսեւորման: Եվ այս առումով նաեւ ուժի հերթական գործադրմամբ իրենց ազդեցությունը տարածելու պատրանք ստեղծել: Նրանք կարծում են, որ դեռ տիրապետում են որոշ լծակների, ինչը խոստացվել է իրենց, երբ իրենց նմաններին բերել են իշխանության: Եվ այդ սեփական արժեքի, ուժի, ազդեցության գերագնահատման արդյունքում նման խայտառակ, ճիշտ հայերենով՝ խուժանական դրսեւորումներ են իրականացնում՝ անկախ նրանից, թե դա հասարակական վայրում է, թե պետական մարմնի տարածքում, որը շատ ավելի քաղաքակիրթ պահվածք է ենթադրում, քան փողոցային վարվելակերպը:

Այդ պարագայում նման վարվելակերպը մի բառով է բնութագրվում: Խուժանություն: Դա սադրանք էր հենց այդ ղեկավարի եւ նրա թիմակիցների կողմից, որոնք նպատակ ունեին իրենց կարծիքով ցույց տալ Չախոյանին իր տեղը: Ամբողջ գաղափարն էր՝ Չախոյանին եւ նրա նմաններին ցույց տալ իրենց տեղը եւ լռեցնել դրանով: Այդ մարդկանց պահվածքը վկայությունն էր տարրական իմացության բացակայության»:

Անդրադառնալով ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահների վերջին օրերին ունեցած հանրային ելույթներին եւ նրանց հարաբերություններին՝ Ձյունիկ Աղաջանյանն ասաց. «Մենք երբեք չպիտի ուրանանք մեր ձեռքբերումները, մենք պետք է տեր լինենք եւ մեր հաջողություններին եւ անհաջողություններին: Նախ, ողջունում եմ մեր երկու նախագահների ելույթները նման դաշտում, որովհետեւ դա իրենց հնարավորություն է տալիս իրենց թիմերից դուրս հանրային կարծիքին առնչվել եւ դրանց ուղիղ պատասխան տալ:

Մենք լավ գիտենք, որ շատ հաճախ մարդիկ շրջափակված են իրենց շրջապատի մարդկանցով եւ մատուցվող տեղեկատվական հոսքերը կարող են ոչ օբյեկտիվ պատկեր ստեղծել ընդհանուր հանրային խնդիրների եւ դրանց ձեւակերպումների վրա: Կարծում եմ, որ 3-րդ նախագահի նեղվածությունը գալիս է հենց նրանից, որ գոնե իրեն թվում էր, թե իր հարցազրույցներով, իր խոսքերով դրանք փարատել է, բայց այդ հարցերը նորից ու նորից բարձրանում են: Խնդիրն այն է, որ այս հարցերը երկու պատճառով են այսօր շատ ավելի առաջ եկել: Եվ կարծում եմ, որ երկու նախագահների ելույթները ինչ-որ մի տեղ նաեւ վերջակետ ու հրահանգ էին իրենց թիմերին՝ վերջ դնելու այդ բզկտոցին: Նաեւ այս իշխանություններն են հրահրում պառակտում, որովհետեւ իրենց համար նմանատիպ քննարկումները հանրային դաշտում միասնությունը բացառելու միջոց են»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031