«Ուզում եմ խոսել նախորդ շաբաթ Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի մասին, պարոն Տեր-Մարգարյան, կործում եմ՝ դուք էլ կարիք կունենանք այս թեմայով խոսելու»,-Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ դիմելով Նոր Նորք համայնքի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին:
Ավինյանն ասաց, որ բռնության ցանկացած ձեւ՝ լինի ֆիզիկական բռնություն, խոսք, վիրավորանք, կամ սադրանք, անընդունելի է: Ընդգծեց, որ Երեւանի քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակից, մասնավորապես վարչական շրջանի ղեկավարները պարտավոր են ցուցաբերել զսպվածություն:
«Սադրանքները միշտ կան եւ կլինեն: Անընդհատ որեւէ մեկը որեւէ թեմայով որեւէ սուտ կասի, եւ այդ սուտը վստահաբար մենք կարող ենք որպես սադրանք ընդունել: Այնուամենայնիվ, ես դատավորի դեր չեմ ստանձնելու, կա քրեական գործ, եւ քրեական գործի էությունը ցույց է տալիս, որ կա նաեւ երկրորդ կողմ: Այսինքն` կան խուլիգանության հոդվածով անձինք, որոնք ներգրավված են, եւ վարույթ է իրականացվում»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի ձեւակերպմամբ, հայտնի միջադեպի տեսարանը հաճելիներից չէր, եւ որպես վարչական շրջանի ղեկավար ինքը չպետք է տրվեր սադրանքի. «Ցավում եմ տեղի ունեցածի համար եւ ձեզանից, պարոն քաղաքապետ եւ մեր հանրությունից եւս մեկ անգամ հայցում եմ ներողամտություն: Հավատացնում եմ, որ դրանից հետո ես ինքս եկել եմ բազմաթիվ եզրահանգումների»:
Տիգրան Ավինյանը շեշտեց, որ Երեւանի քաղաքապետարանը կուսակցական կառույց չէ: «Երեւանի քաղաքապետարանը քաղաքական պաշտոններում ունի կուսակցականներ, որոնք ելնում են իրենց կուսակցության քաղաքական գաղափարախոսությունից, բայց, այնուամենայնիվ, ուզում եմ հիշեցնել՝ դուք բոլորդ Երեւանի քաղաքապետի ներկայացուցիչներն եք ձեր վարչական շրջաններում»: Ավինյանը սա ասաց՝ դիմելով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանին, որը հարցազրույցում ասել էր՝ եթե քաղաքապետը որոշում կայացնի հեռացնել Նոր Նորք համայնքի ղեկավարին՝ «Հանրապետություն» կուսակցության բոլոր ներկայացուցիչները վայր կդնեն լիազորությունները, ինչի արդյունքում «Հանրապետություն»-ՔՊ կոալիցիան կկազմալուծվի:
Քաղաքապետը հույս հայտնեց, որ երեւանցիները կգնահատեն Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի ներողությունը, իսկ դատարանը կորոշի՝ ով է ճիշտ, ով է սխալ:
Մանրամասն՝ տեսանյութում.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































