Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են աղմկում Քոչարյանի կողմնակիցները-7

Մայիս 06,2025 09:30

Հոդվածաշարի նախորդ մասը կարդացեք այստեղ:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթից անմիջապես հետո նորից պսեւդո-քաղաքական մակերեւույթ բարձրացան տարբեր սուբյեկտներ, որոնք իրենց հայելային արտացոլանքը տեսան երրորդ նախագահի ելույթի բազմաթիվ դրվագներում։ Տպավորություն ունեմ, որ շատերն իրենց անմիջապես նույնականացրեցին երրորդ նախագահի՝ «ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք» տեսարանի հետ ու մտովի վերհիշեցին իրենց եւ սույն կենդանու քաղաքական համբույրի պատմական պահը, ինչը այսօր դիտվում է որպես քաղաքական զոոֆիլիա։

Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթից հետո, ինչպես տեսնում ենք, ակտիվացել են նիկոլական ու քոչարյանական սեգմենտները, ովքեր իրար հերթ չտալով, երբեմն էլ՝ իրար դուխով պասեր տալով, շարունակում են Սերժ ու ՀՀԿ մերժել։ Նիկոլի տրուբադուրներ Ալեն Սիմոնյանը, Վահագն Ալեքսանյանը, տարբեր ռուբինյաններ, ստյոպիկներ, սրանց գումարած՝ քոչարյանական ագիտատորները, օլիմպիական մրցավազքի մեջ են, թե ո՞վ ավելի հնչեղ եւ ավելի զազրելի բառամթերքով, ո՞վ ավելի բյուրեղացված ստերով կհարձակվի Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի վրա։

Զարմանալի է, որ սովորաբար քաղաքական պաուզաների եւ լռության կողմնակից Ռոբերտ Քոչարյանը, որն այդպես էլ մեկ ֆրազ անգամ չարտաբերեց Արցախի շրջափակման, իր հայրենակիցների տառապանքների, դրան հաջորդած պատերազմի, Արցախի հայաթափման ժամանակ եւ այդ ողջ ընթացքում ընդամենը մեկ անգամ խախտեց լռությունը՝ հերքելով իրեն վերագրվող ֆեյք հեռախոսազրույցը ՌԴ նախագահի հետ, հանկարծ որոշում է, որ երկրի համար վճռորոշ այս ժամանակահատվածում հիմնական թիրախը պետք է ոչ թե աղետաբեր այս իշխանությունը լինի, այլ Սերժ Սարգսյանը։ Եվ հիմա երկրորդ նախագահի ողջ շքախումբը, իրենց ողջ ծանր, կիսածանր ու ջրիկ հրետանիով, գոյաբանական կռիվ են մղում Սերժի ու ՀՀԿ-ի դեմ։

Ես հասկանում եմ, որ 2018 թվականին տեղի ունեցած հայրենակործանման ողբերգությունն այդ օրերին ողջունելու եւ դրան մասնակից լինելու  մեղսակցությունն ընդունելը շատ ծանր հոգեբանական բարդույթ է, քանզի հրապարակավ ընդունել, որ դու ակտիվ մասնակիցը, առաջամարտիկը, ողջունողն ես եղել Նիկոլի աղետաբեր իշխանությանը, նշանակում է ընդունել  սեփական պարտությունը։ Ուստի, շատ ավելի հեշտ է Նիկոլին փնտրել այլոց գրպաններում ու տոննաներով դավադրությունների տեսություններ երկնել։

2018-ին Նիկոլ ողջունող Թեւանյան Անդրանիկը, որը յոթ տարի առաջ  այս օրերին բղավում էր, որ Սերժ Սարգսյանը պետք է հումանիտար միջանցքով հեռանա եւ, ըստ մամուլի հրապարակումների, դեմ չէր Նիկոլի հետ հետսերժյան Հայաստանում աշխատել, այսօր իր ու քոչարյանական մյուս սեգմենտների դավադրապաշտական տեսության մեխն է սարքել՝ «բա ինչի՞ Սերժը չկրակեց ու հրաժարական տվեց» թեզը, երեւի մոռանալով, որ հնարավոր կրակի առաջին փամփուշտի առաջին զոհը, թերեւս, նաեւ ինքն էր լինելու, որպես նիկոլական հեղաշրջման առաջնագծի պիլոտ։

Ես հասկանում եմ, որ էշի ճակատը համբուրելը առանձնապես գեղագիտական ակցիա չէ, բայց քոչարյանական ագիտպրոպի ակտիվիստ Անդրանիկի համար, որն իր հարցազրույցներից մեկում Նիկոլի լեգիտիմությունը համարում էր ոչ թե բարձր, այլ գերբարձր, դժվար է այսօր հաշտ լինել այն պարզ ճշմարտության հետ, որ իր գերբարձր Նիկոլը այլեւս հայկական պարտության հոմանիշն է։ Բայց փաստերի դեմ կռիվ տալը նույնիսկ դոնկիխոտություն էլ չի, այլ շուստրի նիկոլիզմ։

Եվ ուրեմն, հարգարժան այրեր, պետք չէ շեքսպիրյան՝ մեծ աղմուկ ոչնչից բորբոքել, հատկապես, որ այդ «ոչինչը», տվյալ դեպքում ձեր համբուրած «էշը», շարունակում է քանդել մեր եւ ձեր ընդհանուր հայրենիքը։

Ուստի, եթե ուզում եք, որ ձեր հրապարակային խոսքն ու ձեր քայլերը ունիսոն լինեն, ձեր թիրախները ճշգրտեք, պարոնայք եւ տիկնայք։

Մարիամ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.05.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Այս լրագրողական մակարդակը հիասթափեցնող է, այնպես, ինչպես դրա զետեղումը ձեր լրատվամիջոցում։

Պատասխանել Սարգիս Զեյթունյան

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031