Լրահոս
Օրվա լրահոսը

«Չկորցնենք հույսը և երբեք չմոռանանք հաղթանակներ կերտած մեր ընկերներին»

Մայիս 06,2025 09:00

«Ապառաժ». Արևիկին Արցախում գրեթե բոլորն էին ճանաչում․ գեղեցիկ, խնամված, կատակասեր, շողարձակող աչքերով․․․ Իսկ ինչքա՜ն հայրենասիրություն ու նվիրում կա այդ փխրուն կնոջ մեջ․․․ Արցախյան առաջին պատերազմի մասնակից է Արևիկ Անդրյանը։ Պատերազմի առաջին իսկ օրերից մինչև Արցախի տեղահանումը, բուժաշխատողի իր առաքելությանը հավատարիմ, նա բուժօգնություն էր ցուցաբերում մարդկանց․․․

1988-ին Արևիկը՝ տակավին երիտասարդ տարիքում Արցախյան շարժման գաղափարակիցն էր դարձել, իսկ երբ արցախցին ստիպված էր զենք վերցնել ու պաշտպանել հայրենի հողը, հայրենասեր աղջիկը կամավոր բուժքույրերի շարքում էր արդեն։

Արևիկն իր կյանքի կարևորագույն քայլն է համարում

-Արցախյան պատերազմի առաջին օրերին ընկերուհիներիս հետ ներկայացել եմ զինկոմիսարիատ ու ասել, որ ուզում եմ դաշտային հոսպիտալում աշխատել և մեր հողը պաշտպանող զինվորների կողքին լինել։ Որոշումս անխախտ էր․ այդ պահին իմ մեջ մի ուրիշ Արևիկ էր իշխում։ 4 տարի շարունակ բժշկական անձնակազմով շրջել ենք Արցախի ողջ տարածքով՝ Մարտակերտ, Մարտունի, Ասկերան, Ղուբաթլու, Ֆիզուլի, Հադրութ… Իհարկե, սկզբից շատ ծանր ու դժվար էր տեսնել, թե ինչպես էին քո աչքի առաջ տղաները վիրավորվում, արյունաքամ լինում։ Չէինք կարողանում համակերպվել կորուստների հետ։

Հետզհետե հասկացա, որ պատերազմը նաև զոհեր է պահանջում և պետք է պատրաստ լինել ամեն ինչի։ Արցունք թափելով էինք զոհված տղաների մարմինները կարգի բերում և ուղարկում հարազատներին։ Ծանր վիրավորներին առաջին օգնություն էինք ցույց տալ, կյանքի վերադարձնում և ուղարկում քաղաքային հոսպիտալ։ Ամեն մի ազատամարտիկի կյանքը փրկելիս, թվում էր՝ թե քո կյանքն ես վերագտնում։ Այդ դաժան օրերին անգամ չէինք հուսահատվում, աշխատում էինք մեզ սառնասրտորեն պահել, որ կարողանանք մարդկային կյանքեր փրկել։ Իհարկե, մեզ օգնում էր նաև մեր լավատեսությունը, որովհետև հավատում էինք, որ հաղթանակը մերն է լինելու։ Այդպես էլ եղավ։

Ցավոք, մենք անցանք նաև ապրիլյան քառօրյա և 2020-ի սարսափելի պատերազմների միջով։ Կրկին զոհեր, կրկին արյուն ու լաց․․․ 44-օրյա պատերազմի ժամանակ մինչև սեպտեմբերի 30-ը բաժանմունքում էինք, հետո, երբ սկսեցին քաղաքը ռմբակոծել, իջանք նկուղ: Ինչե՜ր ասես, որ չենք տեսել այդ օրերին․․․ Պատերազմն ավարտվեց ցավալի ու ամոթալի ավարտով, սակայն մենք համակերպվեցինք ու շարունակեցինք ապրել մեր հողում։ Անգամ 9 ամսյա շրջափակումը չկոտրեց մեզ։ Մտածում էինք՝ դա ևս կհաղթահարենք ու սպասում էինք կյանքի ճանապարհի բացմանը։ Ավա՜ղ, շրջափակմանը հաջորդեց մեր երկրին պատուհասած ամենամեծ ողբերգությունը․ կորցրինք Արցախը, մեր թանկ հիշողություններն ու սրբությունները։ Իր հազարամյա պատմության մեջ Արցախն առաջին անգամ հայաթափվեց։

Արևիկի ընտանիքը Երևանում է հաստատվել

-Տեղահանությունից հետո հոգիս լրիվությամբ դատարկվել էր ու ծանր լռություն էր տիրում իմ մեջ․ ինքնամեկուսացել էի։ Ցավալի է գիտակցել, որ կորցրել ենք հազարավոր տղաների արյամբ պատված ու սրբացած մեր հողը։ Հետո հասկացա, որ պետք է ապրեմ, կրկին՝ հանունի․․․ Հանուն իմ երեխաների, ամուսնու ու ․․․ հետվերադարձի։ Ճիշտ է, Հայաստանն անվերապահորեն ես իմ հայրենիքն եմ համարում, սակայն ոչինչ չի կարող փոխարինել Արցախ աշխարհին, իմ հայրենի Խրամորթի օդ ու ջրին․․․ Փորձում եմ վերագտնել ինձ, չկորցնել հավատս։ Ինձ ուժ են տալիս հարազատներս, ընկերներս, հիշողություններս․․․

Շուտով մայիսի 9-նն է։ Մայիսյան եռատոնը մեզ համար միշտ հաղթանակների պանծալի օր կմնա, և այդ առթիվ շնորհավորում եմ ողջ արցախահայությանը, մարտական իմ ընկերներին։ Եկեք չկորցնենք մեր հույսը և երբեք չմոռանանք հաղթանակներ կերտած ու մայր հողի համար ընկած մեր ընկերներին․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031