Համաշխարհային բանկն ապրիլին հրապարակել է զեկույց, որում արձանագրվում է Հայաստանում տնտեսական աճի զգալի դանդաղումը։ Տնտեսական աճի կառուցվածքում հիմնական շեշտը դրվում է շինարարության և ծառայությունների աճի վրա, այնինչ արդյունաբերության ոլորտը հայտնվել է լրջագույն անկման մեջ։ Մասնավորապես, փետրվարին արձանագրվել է 27 տոկոս անկում արդյունաբերական արտադրության ծավալում, ինչը մտահոգիչ է ոչ միայն ներկայի, այլև միջնաժամկետ հեռանկարի առումով։ Այդ ֆոնին արտաքին առևտրի ցուցանիշները նույնպես վատթարացել են՝ արտահանումը փետրվարին կրճատվել է մոտ 68 տոկոսով՝ արձանագրելով վերջին տարիների ամենախոր անկումներից մեկը։
Տնտեսական անարդյունավետությունն ուղեկցվում է նաև սոցիալական խնդիրների խորացմամբ։ Աշխատաշուկայում գործազրկության մակարդակը շարունակում է բարձրանալ նույնիսկ այն պայմաններում, երբ անցյալ տարի, ըստ համաշխարհային Բանկի տվյալների, այս ցուցանիշն արդեն հասել էր 13,9 տոկոսի։ Ու սա այն պարագայում, երբ հնգամյա ծրագրով կառավարությունը նպատակ է սահմանել գործազրկությունը 10 տոկոսից նվազեցնել: Գործազրկության նմանատիպ ծավալը ոչ միայն սոցիալ-տնտեսական լարվածության ցուցիչ է, այլև ազդանշան, որ եթե որոշակի տնտեսական աճ էլ ունենում ենք, ապա այն բաշխվում է անհավասարաչափ ու պայմաններ չի ապահովում բավարար թվով աշխատատեղերի ստեղծման համար։
Տնտեսության մեջ դիտարկվող այսպիսի միտումներին գումարվում է նաև պետական պարտքի խնդիրը։ Արդեն իսկ մարտ ամսվա դրությամբ պետական պարտքն աճել է և հասել 13 միլիարդ 581 միլիոն դոլարի, ինչն, ըստ էության, ռեկորդային է անկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում։ Փաշինյանի կառավարման 7 տարվա ընթացքում պետական պարտքը ծավալային առումով գրեթե կրկնապատկվել է։ Այս գումարի զգալի մասը սպասարկվում է բարձր տոկոսադրույքով։ Օրինակ՝ նոր թողարկված եվրապարտատոմսերը՝ 750 միլիոն դոլարի չափով, ունեն 7,1 տոկոս տոկոսադրույք։ Սա աննախադեպ բարձր թիվ է՝ հատկապես այն պարագայում, երբ 2021 թվականին այդ տոկոսադրույքը կազմել էր ընդամենը 3,87 տոկոս։ Միայն պարտքի սպասարկումն էական բեռ է դառնում պետության ուսերին։ Մյուս կողմից էլ՝ նշված ցուցանիշները խոսում են Հայաստանի նկատմամբ միջազգային շուկայի վստահության նվազման մասին՝ անկախ պաշտոնական հայտարարություններից։
Ավելին, խիստ մտահոգիչ է այն, որ բյուջետային ծախսերն իրականացվում են ոչ թափանցիկ պայմաններում։ Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի կազմակերպությունը՝ GRECO-ն, դեռևս 2024 թվականին պահանջել էր հրապարակել բարձրաստիճան պաշտոնյաների՝ վարչապետի, նախագահի և Ազգային ժողովի նախագահի ծախսերը՝ հատկապես արարողակարգային, տրանսպորտային ու կեցության ոլորտներում։ Սակայն այս պահանջը մինչ օրս չի կատարվել, իսկ հանրությունը փաստացի զրկված է իմանալու, թե ինչպես են ծախսվում պետական միջոցները։ Օրինակ՝ բարձրաստիճան պաշտոնյաների արարողակարգային բնույթի ծախսերը շարունակում են գաղտնի մնալ՝ հղում անելով «Գնումների մասին» 2016 թվականին փոփոխված օրենքին, որը թույլ է տալիս չհրապարակել այդ տվյալները։
Կարդացեք նաև
Բացի այդ, բյուջետային ծախսերում նկատվում է շռայլության տարր։ Ավելացել են պետական մարմինների ծախսերը, այդ թվում՝ ծառայողական ավտոմեքենաների ձեռքբերումներ, դիվանագիտական ներկայացուցիչների և պատվիրակությունների գործուղումներ, ինչպես նաև տասնյակ միլիոնավոր դրամների ծախս պահանջող հասարակական միջոցառումների կազմակերպում։
Նմանատիպ իրավիճակը վկայում է կառավարման համակարգային ճգնաժամի մասին։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։