«Ես այս հարցին անդրադառնում եմ իբրեւ քաղաքացի, ում բեռն է ավելացել իրականում եւ ոչ թե փաստաբանների հարկման դաշտը։ Եթե լուրջ ուսումնասիրություն իրականացնենք, կտեսնենք, որ իրականում թվերի մասին ենք խոսում, որոնք որ բարձրացել են եւ դա ոչ թե հարկման դաշտի արդարացիության մասին է խոսում, այլ ուղղակի ծանրացրել է որոշ քաղաքացիների իրավիճակը, ովքեր առանց այդ էլ հնարավորություն չունեին իրենք իրենց պաշտպանելու․ դատական համակարգի հնարավորությունն այդքան արդյունավետ չէ դեռեւս»,- խորհրդարանում այսօր հայտարարեց ԲԴԽ անդամի ՔՊ-ի կողմից ներկայացված թեկնածու Արմենուհի Հարությունյանը։ Նա խոսում էր շրջանառության հարկի ավելացման արդյունքում փաստաբանական ծառայությունների թանկացման մասին։
ԲԴԽ անդամի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է երեք թեկնածու՝ Արմենուհի Հարությունյան, Անահիտ Աբրահամյան, Աշոտ Հայրապետյան։
Ըստ Արմենուհի Հարությունյանի, այս հարցով խորհրդարանական լսումների ժամանակ հաստատ փաստաթղթեր են ներկայացրել, որոնք չեն կարող մտահոգող չլինել։
Արմենուհի Հարությունյանի բնութագրմամբ, ընտրանքային փոփոխություններ են իրականացվել՝ հրատապ խնդիրներ լուծելու համար, ինչը բարդ վիճակի մեջ է դրել հանրային որոշակի շերտի։
Կարդացեք նաև
ՔՊ-ի ներկայացրած թեկնածուին պատասխանեց ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ ասելով, որ այդ փոփոխությունները հրատապ, ոտքի վրա արված չեն, կոնկրետ փաստաբանների մասով հարցը 6 տարի քննարկվել է եւ վերջին փոփոխություններով էլ փաստաբաններին հնարավորություն է տրվել իրենց ընդհանուր ծառայությունների 5 տոկոսի չափով անվճար ծառայություններ մատուցել։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ