Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը վերջին տարիներին անտառային կառավարման բարելավումը դարձրել է գերակա ուղղություն. ՄԱԿ-ի ֆորումում Արամ Մեյմարյանը կարևորել է էկոպարեկային ծառայության ստեղծումը

Մայիս 06,2025 13:49

Նյու Յորքում ընթացող Անտառներին նվիրված ՄԱԿ-ի ֆորումի 20-րդ նստաշրջանի ժամանակ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության անունից ելույթով։

Իր խոսքում նախարարի տեղակալը բարձր գնահատել անտառների նշանակությունը՝ որպես կլիմայական կայունության, կենսաբազմազանության պահպանման և կայուն զարգացման հիմնարար բաղադրիչ։ Նա ընդգծել է, որ Հայաստանում անտառներն ունեն ոչ միայն էկոլոգիական, այլև մշակութային, սոցիալ-տնտեսական կարևորություն, ինչի հիման վրա պետությունը վերջին տարիներին անտառային կառավարման բարելավումը դարձրել է գերակա ուղղություն։

Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումները՝ այդ թվում՝ 14 անտառտնտեսությունների համար անտառային կառավարման պլանների ընդունումը, անտառապատման և վերականգնման ընթացակարգերի արդիականացումը, ինչպես նաև կայուն անտառային կառավարման նոր չափանիշների և ցուցիչների հաստատումը։

Անդրադառնալով ինստիտուցիոնալ բարեփոխումներին՝ Արամ Մեյմարյանը առանձնակի կարևորել է Էկոպարեկայինծառայության ստեղծումը, որը կոչված է ապահովելու շուրջօրյա բնապահպանական վերահսկողություն ողջ հանրապետության տարածքում՝ 24/7 ռեժիմով արձագանքելով իրավախախտումներին և կանխելով դրանք։ Ծառայությունն ուղղված է կենսաբազմազանության և բնական էկոհամակարգերի պահպանմանը՝ հատկապես արգելոցային և անտառային տարածքներում։

Բացի այդ, նախարարի տեղակալը նշել է, որ ընթացքի մեջ է նաև մի շարք կարևոր օրենքների՝ այդ թվում՝ «Կլիմայի մասին» և «Բուսական աշխարհի մասին» օրենքների, ինչպես նաև «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի արդիականացումը՝ անտառների և կենսաբազմազանության պաշտպանության իրավական դաշտի ամրապնդման նպատակով։
Նախարարի տեղակալն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի կողմից ՄԱԿ-ի Կենսաբազմազանության հաջորդ՝ COP17 համաժողովի հյուրընկալմանը և նշել, որ մեր երկիրը պատրաստ է առաջիկա տարիներին հանդես գալ որպես ակտիվ և օրինակելի մասնակից՝ ներգրավվելով գլոբալ բնապահպանական օրակարգի իրականացման մեջ։

Ելույթի ավարտին Արամ Մեյմարյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ պաշտպանել անտառներն ու կենսաբազմազանությունը՝ ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031