Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճնշված լինեին, ինչո՞ւ էին մյուս օրը գալիս ու ինձնից հարցազրույց վերցնում»․ Անդրանիկ Քոչարյանի վարքը քննող հանձնաժողով չի ստեղծվի

Մայիս 06,2025 15:19

«Երբ դուք ինձ մեղադրում եք՝ մեղադրեք հստակ․ ի՞նչ եմ ես ասել եւ դուք ի՞նչ եք հասկացել։ Դուք չասացիք։ Ես էլ եմ մեկնաբանել եւ իմ մեկնաբանությունն արել եմ իմ ֆեյսբուքյան գրառման մեջ։ Խոսքի մասին է, տիկին Թովմասյան, խոսքի մասին եմ ասել եւ խոսքի մաքրության։ Լրագրողի եւ ընդհանրապես պատգամավորների հետ հարաբերություններում դա երկկողմանի է՝ պարտավորությունները իրավական։ Դուք ասում եք՝ չորրորդ իշխանությունն ամեն ինչից վեր է․․․ Դուք արդեն դարձրել եք այդպիսին, որովհետեւ մեր ընդդիմադիր գործընկերները, քաղաքական օրակարգ չունենալու պարագայում, գտել են լրագրողական խմբերով օրակարգ ձեւավորելու ձեւաչափը։ Շատ լավ։ Այդ դեպքում, երբ ինձ մեղադրում եք՝ մեղադրեք հստակ»,- խորհրդարանում իր ելույթում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացնող ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

ԱԺ լիագումար նիստում այսօր քննարկվում էր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը, որը ներկայացրել են «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները՝ 161 լրագրողների դիմումի հիման վրա։ Անդրանիկ Քոչարյանը վիրավորել էր լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին։ Հարցի՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկման ժամանակ, իշխող ուժը դեմ քվեարկեց նախագծին։ Հարցի քննարկմանն ընդառաջ, լրագրողները խորհրդարանի միջանցքում ցույց էին անում։

Անդրանիկ Քոչարյանը կրկնեց իր տեսակետը՝ ասելով, որ «որոշ ընդդիմադիր գործիչներ եւ նրանց շահերը սպասարկող որոշ լրագրողներ» փորձում են լարվածություն ստեղծել եւ իր անունը շահարկել՝ օգտագործելով «ափսոսանքի արժանի» միջադեպը։

«Ասել, որ ես լրագրողներին ճնշել եմ… բա ճնշված լինեին, ինչո՞ւ էին մյուս օրը գալիս ու ինձանից հարցազրույց վերցնում։ Թող ճնշված մնային։ Բոյկոտ էին հայտարարել․․․ անեիք, ինչո՞ւ չեք անում»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ ընդդիմության համար սա պարզապես առիթ էր՝ 1,5 ժամն իրենց համար օրակարգ դարձնելու։

Մանրամասները՝ տեսանյութում

Նախագծի հիմնական զեկուցող «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի եւ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցուպատասխանի ընթացքում բանավեճ սկսվեց։

Վահագն Ալեքսանյանը՝ վրդովվեց՝ ընդդիմադիրները քննարկում են Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը, բայց չեն քննարկում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականի վարքագիծը, որը լրագրողի էր հարվածել․ «Ոչ մի խմբակցություն հայտարարություն չի տարածել, էթիկայի հանձնաժողով չեք ստեղծել»։

«Նույն օրը դատապարտել եմ։ Դուք չլսեցի՞ք, որ ասացի՝ դատապարտել եմ։ Մի հատ ուշադիր լսեք պատասխանս»,- Վահագն Ալեքսանյանին ընդհատեց Թագուհի Թովմասյանը՝ հավելելով․ «Նիկոլ Փաշինյանի անվտանգության պետը՝ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը, փողոցում ծեծեց լրագրողներին, կամերան վնասեց, որեւէ գործ չի հարուցվել։ Մենք հապաղել ենք, որ էթիկայի հանձնաժողով չենք ստեղծել, երբ որ Ազգային ժողովի նախագահը թքեց քաղաքացու վրա։ Շատ ճիշտ եք ասում, մենք այդ դեպքով թերացել ենք։ Թերացել ենք, երբ որ Արթուր Հովհաննիսյանը եկել ու իրեն խուլիգանի պես էր պահում մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստի ժամանակ»։

Դահլիճից արձագանքներ հնչեցին։

«Դուք ձեզ կարգի հրավիրեք, իմ ընդհատեք ինձ։ Հիմա էլ եք ձեզ արդեն պահում ոչ հարիր, ձեզ հանգիստ պահեք»,- հակադարձեց Թագուհի Թովմասյանը։

Մանրամասները՝ տեսանյութերում

Իշխող ուժը դեմ քվեարկեց նախագծին։ Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը պարզաբանեց․ «Ընդդիմությունն այս նախագիծը բերել էր ոչ թե էթիկայի հարցերով շահագրգռված լինելու համար, այլ բերել էր, որ ՔՊ-ին վատ լինի։ Ոչ թե, որ լրագրողի համար լավ լինի, այլ ՔՊ-ի համար վատ լինի։ Այնպես որ, սա որեւէ կապ չուներ էթիկայի հետ, սա հերթական անգամ ընդդիմության կողմից, ընդհանրապես, բարոյականությունը որպես կոնցեպտ թրաֆիկինգի ենթարկելու փորձ է։ Էթիկան եւ դուք իրարից նույնքան հեռու եք, որքան դեռեւս շարունակում են իրարից հեռու մնալ Գառնիկ Դանիելյանը եւ Մոնիկա Բելուչին»։

Արծվիկ Մինասյանն էլ հակադարձեց․ «Հենց նոր ՔՊ խմբակցության ղեկավարը փաստեց՝ ՔՊ-ն հրաժարվում է էթիկայի հարցով քննարկում իրականացնելուց եւ սա հաստատում է մեր այն մտահոգությունը, որ բռնությունը, ատելությունը եւ անհանդուրժողականությունը խրախուսվում է բարձրագույն իշխանության կողմից»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031