«Արդարադատության անկախությունն իրականություն կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ դատավորն ազատ է ներքին ու արտաքին ճնշումներից։ Պետք է բացառել օրենսդիր և գործադիր իշխանության ցանկացած միջամտություն, սակայն սա չի նշանակում փոխգործակցության բացակայություն։ Դատական համակարգում վերադասի կողմից որևէ ազդեցություն չպիտի լինի, դատավորի կողմից կողմերի նկատմամբ կողմնակալ մոտեցում չպիտի լինի։ Դատական անկախության հիմնական սպառնալիքներն են ոչ միայն քաղաքական միջամտությունը, այլև համակարգի ներսում անտեսանելի ճնշումները»,-խորհրդարանում հայտարարեց ԲԴԽ անդամի ՔՊ-ի կողմից ներկայացված թեկնածու Անահիտ Աբրահամյանը։
Նշենք, որ ԲԴԽ անդամի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է երեք թեկնածու՝ Արմենուհի Հարությունյան, Անահիտ Աբրահամյան, Աշոտ Հայրապետյան։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց Անահիտ Աբրահամյանի կենսագրությունը։ Նա ծնվել է 1979-ին՝ Երևանում, 2001-ին ավարտել է ՆԳՆ ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը։ Այնուհետև հավատարմագրվել է Հարվարդի Քենեդիի կառավարման դպրոցի կողմից՝ որպես հանրային քաղաքականության և առաջնորդության մասնագետ։ 2022-2024 թվականին ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի մագիստրատուրան, ԱՄՆ Պետդեպարտամենտի «Միջազգային առաջնորդ այցելուների» ծրագրի շրջանավարտ է, Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) կողմից ֆինանսավորվող «Մեդիայի զարգացումը ժողովրդավարության պայմաններում» ծրագրի շրջանավարտ է։ Աշխատել է ՆԳՆ-ում, ՀՀ ոստիկանությունում, Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոնում՝ որպես կարճաժամկետ փորձագետ, Հայբիզնեսբանկում, ԵԽ-ի ծրագրում՝ որպես ազգային փորձագետ։ 2024-ի մայիսից մինչ օրս «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենն է։
Իր ելույթում ԲԴԽ անդամի թեկնածուն հայտարարեց՝ ԲԴԽ-ն ինքը պետք է դառնա որոշակիության աղբյուր՝ նպաստելով դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանն ու ամրապնդմանը։
Կարդացեք նաև
Հաշվետվողականության ու թափանցիկության հարցին անդրադառնալով՝ ԲԴԽ անդամի թեկնածուն նշեց․ «Կցանկանայի Դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովների վրա կենտրոնանալ։ Վերջինիս երեք հանձնաժողովներում գերակշռում է դատավոր անդամների թիվը։ Միջազգային մոնիտորինգային մարմիններն իրենց զեկույցներում նշել են, որ դատական համակարգի նկատմամբ հաշվետվողականություն չի նշանակում կախվածություն, այլ ենթադրում է թափանցիկություն և հանրային ներգրավվածություն, և որ կարգապահական վարույթների և էթիկական գործընթացների վերաբերյալ հանրային տեղեկատվության պակասը խաթարում է համակարգի թափանցիկության ընկալումն ու բացասաբար է ազդում հանրային վստահության վրա։ ԲԴԽ-ն հանդիսանում է դատարանների և դատավորների անկախության երաշխավորը, բայց հասանելիություն չունի դատավորների գործունեության գնահատման եզրակացություններին։ Այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է օրենսդրական փոփոխությունների արդյունքում կատարել դատավորների գործունեության գնահատման կազմի ընդլայնում՝ ոչ դատավոր անդամների թվի ավելացում՝ ընդգրկելով ակադեմիական շրջանակների, քաղհասարակության շրջանակների ներկայացուցիչներին»։
Անահիտ Աբրահամյանը նաև փաստեց՝ արդյունավետ դատական համակարգը ենթադրում է ողջամիտ և կանխատեսելի գործերի քննություն, որին խոչընդոտում են դատական գործերի ձգձգումները, դրանց լուծման ուղիներից են ԲԴԽ-ի կողմից սահմանված՝ գործերի քննության միջին ուղենիշային ժամկետները, վերջիններս սահմանված են հիմնական միջազգային չափանիշների հիման վրա, ունեն փաստական և գիտական հենք։ Շեղվելու դեպքում դատավորը պետք է հիմնավորի իր անգործությունն ու գործունեությունը։
Անահիտ Աբրահամյանն առաջարկեց շահերի բախման վերահսկման իրավական մեխանիզմներ ներդնել․ «Շահերի բախման վառ օրինակ է, երբ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում ոչ դատավոր անդամների թվում են գործող փաստաբաններ։ Եթե ցանկություն ունեն նման հայտ ներկայացնել՝ այս հանձնաժողովում գործելով, ուրեմն փաստաբանները պիտի կասեցնեն իրենց արտոնագրերը։ Փաստաբանը դատավարության կողմ է և գործի ելքով շահագրգռված անձ, հետևաբար չի կարող լինել անաչառ ու անկողմնակալ ներկայացուցիչ կարգապահական հանձնաժողովում»։
Անահիտ Աբրահամյանը նաև հայտնեց, որ կողմ է, որ կալանքների թիվը գնալով նվազի և դատավորներն առաջնորդվեն խափանման այլընտրանքային միջոցներով։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ