Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահ Մակրոնի ձեռքը սեղմելիս անմիջապես ասացի՝ ես հայ եմ. հայուհու որմնանկարի բացումը Ֆրանսիայի նախագահն է կատարել

Մայիս 06,2025 16:43

Մեր հայրենակցուհի, նկարչուհի, դիզայներ Ամալի Գալստյան-Պյուժոսն օրերս բարձր ընդունելության եւ հարգանքի է արժանացել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ երկրի բարձրագույն ռազմական ղեկավարության կողմից: Նրա ստեղծած որմնանկարը, որը նվիրված է 1863թ Կամերոնի ճակատամարտում Ֆրանսիայի օտարերկրյա լեգեոնի հաղթանակին, արդեն զարդարում է Ֆրանսական հարավում գտնվող շքեղ դղյակը: Ամեն տարի ապրիլի 30-ն էլ Ֆրանսիայում նշվում է որպես օտարերկրյա լեգեոնի փառքի օր:

Ամալի Գալստյանից տեղեկացանք, որ սովորել է Գեղարվեստի ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղում, այնուհետեւ Ֆրանսիայում 5 տարի սովորել է Դիզայնի ու ճարտարապետական դիզայի բարձրագույն դպրոցում: Նա աշխատել է հեղինակավոր դիզայներների, ճարտարապետների մոտ, նաեւ Dior-ի ներքին ճարտարապետության, դիզայնի եւ սցենագրաֆիայի բաժնում, Dior-ի բոլոր բուտիկների ներքին ճարտարապետության ու արտաքին դիզայնի կոնցեպտների վրա է աշխատել, ներգրավված եղել մեծ նախագծերում ՝ Ֆրանսիայում եւ նրա սահմաններից դուրս: Հետագայում բացել է իր ատելիեն, իր գրասենյակը՝ Փարիզի օպերայի հարեւանությամբ, նաեւ ցուցադրվում է Փարիզի հանրահայտ ցուցասրահներում, որտեղ ժամանակին ցուցադրվել են Վան Գոգը, Պիկասոն եւ ուրիշ անվանիներ:

Aravot.am-ի հետ հարցազրույցում Ամալին տեղեկացրեց, որ մեկ տարի առաջ Ֆրանսիայի հեղափոխության օրվան նվիրված փակ միջոցառման ժամանակ, որին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ էին ներկա, ծանոթացել է Ֆրանսիայի բանակի էլիտար զորամասերից մեկի գեներալի հետ, իրեն ներկայացրել են որպես նկարչուհի, ճարտարապետական կոնցեպտների դիզայներ, այնուհետեւ բարձրաստիճան զինվորականը այցելել է իր ատելիե եւ առաջարկ արել ֆրանսիացիների համար հիշարժան ճակատամարտին նվիրված որմնանկարը ստեղծելու:

«Դա մոնումենտալ գործ է՝ 8 մետր երկարություն, 3,5 մետր լայնություն ունեցող որմնանկար, որի բացումը կայացավ ապրիլի 30-ին՝ Կամերոնին նվիրված հանդիսության ժամանակ: Ներկա էին Ֆրանսիայի բոլոր բարձր պաշտոնատար անձինք՝ երկրի նախագահը, պաշտպանության նախարարը, բարձրաստիճան զինվորականներ եւ այլք: Կամերոնի ճակատամարտի պատվին նկարված որմնանկարի բացումը նախագահ Մակրոնը կատարեց: Ես այդ օրն առաջին անգամ հանդիպեցի նախագահին, ինչը մեծ պատիվ էր ինձ համար: Իր ձեռքը սեղմելիս անմիջապես ասացի՝ ես հայ եմ: Նախագահը ժպտաց ու ասաց՝ հայերը մեր լավ բարեկամներն են: Այնուհետեւ հետաքրքրվեց, թե ինչ ճանապարհ եմ անցել, շնորհակալություն հայտնեց, որ լինելով երիտասարդ արվեստագետ՝ նման մեծ նախագիծ եմ կյանքի կոչել» ,-ասաց Ամալին :

Ապա հավելեց. «Թեպետ որմնանկարը արել եմ Մեքսիկաի եւ Ֆրանսիայի միջեւ ճակատամարտի թեմայով, բայց այդ որմնանկարի մեջ նաեւ Հայաստանն եմ պատկերել՝ Արարատը՝ երկու եկեղեցիներով, որպես իմ ինքնություն: Չնայած Ֆրանսիայի քաղաքացի եմ, բայց իմ ինքնությունը, իմ արմատները երբեք չեմ մոռանում եւ իմ արվեստում արտացոլում եմ, իսկ նման արարողությունների ժամանակ անպայման ասում եմ՝ հայ եմ: Ինձ համար հպարտություն էր, որ այդ օրը Ֆրանսիայի բարձր պաշտոնյաները գալիս ու շնորհավորում էին ինձ՝ հայազգի նկարչիս, ասում էին, որ շատ արժեւորում են արված գործը, մինչեւ հիմա հազարավոր նամակներ ու արձագանքներ եմ ստանում: Դա պատմական պահ էր» :

Մեր զրուցակիցը նաեւ ասաց, որ իր հաջողությունների համար պարտական է նկարչության իր առաջին ուսուցչուհուն, գեղանկարչուհի Սաթենիկ Մազմանյանին, որը նրա ձեւակերպմամբ, իրեն ծանոթացրել է գեղանկարչության այբուբենին:

Ամալի Գալստյան-Պյուժոսն ասում է, որ միշտ ցանկացել է Ֆրանսիայում ստացած գիտելիքները ծառայեցնել ի շահ հայրենիքի, եւ այժմ նման հնարավորություն իրեն ընձեռվել է. մասնակցել է Հայաստանի գիտաբժշկական գրադարանի կառուցման համար հայտարարված մրցույթին եւ շահել, նախագծի ճարտարապետական կոնցեպտի հեղինակն ու ղեկավարն է:

Ամալիի մայրը բժշկուհի է, հայրը նկարիչ-քանդակագործ, ասում է՝ այդ նախագիծը ինչ-որ իմաստով խորհրդանշական է:

Չնայած Ֆրանսիայում բազմաթիվ հաճախորդներ ունի եւ գերլարված աշխատանք, սակայն պատրաստ է առաջարկների դեպքում համագործակցություն սկսել հայաստանյան նախագծերի շուրջ, քանի որ շատ է կարեւորում մասնագիտական առումով հայրենիքի հետ կապը պահելը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները՝ Ամալի Գալստյան-Պյուժոսի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031