Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն միջազգային անկախ դիտորդներին ու փորձագետներին արգելել է մասնակցել հայերի դատերի. «Ազատություն»

Մայիս 06,2025 22:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ադրբեջանն արգելել է միջազգային անկախ դիտորդներին, փորձագետներին ու դիվանագիտական ներկայացուցիչներին մասնակցել Բաքվում ընթացող հայերի դատավարություններին։ Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ նիստերին մասնակցել ցանկացողներն անգամ հետապնդումների են ենթարկվել։ Արցախի նախկին նախագահների ու մյուս պաշտոնյաների դատավարությունից առանձին Բաքվի ռազմական դատարանում ընթանում է Ռուբեն Վարդանյանի դատաքննությունը։

«Նրանց հարցաքննել են, ողջ շարժի ընթացքում հետևել են և տարբեր ուժային ահաբեկող մեթոդներով փորձել են վախեցնել անձին: Այստեղ ոչ միայն սովորական արգելքներ են ներկայացվում, այլ նաև հետապնդում հիշեցնող քայլեր են իրականացվում բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել հռչակված բաց դատավարություններին», – «Ազատության» հետ զրույցում ասաց Սահակյանը:

Գերիների հարցերով զբաղվող միջազգային իրավունքի մասնագետն առայժմ չի բացահայտում, թե ովքեր կամ ինչ կազմակերպությունների անդամներ են Բաքվից մերժումներ ստացած ու հետապնդված անձինք։ Ասում է՝ նրանց դարձյալ չթիրախավորելու միտումով է ձեռնպահ մնում անուններ հրապարակելուց։ Միևնույն ժամանակ, Սահակյանը չի բացառում՝ առաջիկայում հնարավոր է բացահայտումներ արվեն։

«Այնտեղ անձինք իրենց ցանկություններով գտնվելու հնարավորություն չունեն, ցուցակագրվում են նախապես, անունները համաձայնեցվում են ադրբեջանական պետական մարմինների կողմից, այդ տեղեկատվությունը անձանց կողմից ստացված ամբողջովին վերահսկվում է պետության կողմից, և անկախ երրորդ անձինք զրկված են դատավարությանը ներկա գտնվելու հնարավորությունից», – նշեց միջազգային իրավունքի մասնագետը:

Տարեսկզբից մեկնարկած՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ու մյուս հայերի դատավարությունն ընթանում է փակ դռների հետևում՝ առանց անկախ փաստաբանների ու լրատվամիջոցների ներկայության։

Բաքվի ռազմական դատարանը վերջին նիստերին քննում է, ադրբեջանական կողմի ձևակերպմամբ, Շուշիի ու Մարտունիի «օկուպացիաները»։ Դրանց ընթացքում պարբերաբար շեշտվում են Արցախի ու Հայաստանի նախկին ղեկավարների անունները։ Որպես վկաներ ներկայացվող անձինք հայերին մեղադրում են սպանությունների, խաղաղ բնակիչներին թիրախավորելու, տեղահանելու համար։ Բայց թե ինչ փաստեր են ներկայացնում դատարանում, հնարավոր չի լինում պարզել. դատավարությունը լուսաբանող միակ լրատվամիջոցը՝ «Ազերթաջ»-ը, նիստերից կցկտուր տեղեկություններ է հրապարակում նույն օրը, հաջորդ օրն էլ՝ տեսանյութ։ Անկախ աղբյուրներից ադրբեջանական պետության կողմից վերահսկվող լրատվամիջոցի հայտնած տեղեկությունները ստուգել հնարավոր չէ:

Միջազգային իրավունքի մասնագետն ասում է՝ դա փաստում է, որ Բաքուն փորձում է խմբագրումներով կեղծ, մտացածին դատավարությանը իրականության իմիտացիա տալ։

«Մեծ ժամանակային խզում կա, օրինակ՝ դատավարությունները ոչ թե անմիջականորեն են լուսաբանվում, այլ մեկ-երկու օր վերամշակվում են նյութերը, որից հետո պետության թույլտվությամբ նոր արտահոսք է տեղի ունենում: Եվ մենք ունեցանք թե՛ Ռուբեն վարդանյանի և թե՛ Բաբայանի պարագայում ուղիղ խոսք՝ ընտանիքների միջոցով, առ այն, որ նրանց մտքերը ձևախեղվում են, և դատավարության ընթացքում հնչեցված հայտարարությունները ոչ ամբողջական, ոչ ճշգրիտ կերպով են ներկայացվում հանրությանը», – ընդգծեց Սիրանուշ Սահակյանը՝ շարունակելով. – «Սա, իմ գնահատմամբ, ադրբեջանական կեղծարարական քաղաքականության որոշակի դրսևորում է»:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Շնորհակալություն Սիրանուշ Սահակյանին իր հետևողական, խորքային և նվիրումով լեցուն աշխատանքի համար, որը նա կատարում է ծանրագույն պայմաններում գտնվող մեր գերյալների համար։
    Հայաստանի վարչապետն ու ԱԳՆ-ն կարծես բերանները ջուր առած լինեն և լռում են այս մասին, անտեսելով, որ իրենց սահմանադրական պարտքն է տեր կանգնելու յուրաքանչյուր հայ քաղացու իրավունքների պաշտպանության համար աշխարհի ցանկացած երկրում։
    Հարգելի Սիրանուշ Սահակյան, այս գործում Ձեր ցուցաբերած նվիրումի և անկոտրում կամքի համար շատ-շատերս ենք Ձեզ երախտապարտ։ Ձեզ ուժ ու եռանդ ենք մաղթում։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031