Լրահոս
Օրվա լրահոսը

Նա իր հայրենի հողի քաջարի պաշտպանն ու զինվորն էր

Մայիս 07,2025 12:30

Սրտի խոսք ճակատային հորս մասին՝ Մեծ հաղթանակի 80-ամյակի առթիվ

Հայրս՝ Հովհաննես Գրիգորի Ծատուրյանը, մեծ հեղինակություն էր ինձ համար եւ այսօր էլ այդպիսին մնացել է, չնայած երկրային կյանքին հրաժեշտ է տվել 1982 թ. մայիսի 5-ին։ Ես շատ բաներով եմ պարտական նրան, ահա թե ինչու ինձ համար հոգու մեծ պարտք է Մեծ հաղթանակի 80-ամյակի առթիվ այսպես որդիական հարգանքի տուրք մատուցել նրա պայծառ հիշատակին։

…Աննախանձելի ծանր ճակատագիր է վիճակվել Ջավախք աշխարհի Ալաստան գյուղում 1912թ. ծնված հորս, ինչի մասին արդեն տասնամյակներ անց ես իմ բանաստեղծական տողերում նաեւ այսպես էի հիշելու.

Զայրանում էր հայրս, բարկանում էր հայրս,

Եզան լծի վրա հաճախ քնած հայրս,

Հազար փորձության դեմ մենակ կանգնած հայրս։

Ահա այդպես, անողոք զրկանքի ու փորձության առջեւ միայնակ մնացած, «կուլակի լակոտ» խարանը «ճակատին»՝ Հովհաննես հայրս, այդուհանդերձ, դատապարտված էր հաղթելու… անարդար աշխարհին։ Ավելին, իր մեջ գերմարդկային ուժ պիտի գտներ վառ պահելու անձնվեր տքնանքով փայփայած հայրենական օջախի ծուխը։ Դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո Ախալքալաքում ընդունվել է տեխնիկում, բայց կիսատ է թողել, քանի որ տան միակ տղամարդը մնալով, պետք է հոգար ընտանիքի հացի, գոյատեւման խնդրի մասին։ Աշխատել է գյուղի ակումբի վարիչ, գիշեր ու զօր տքնել հողի վրա, մեծ դժվարությամբ ապրուստի միջոց հայթայթել։

Մեծ հայրենականի սկսվելուն պես Հովհաննես Ծատուրյանը զինվորագրվածների առաջին շարքերում էր։ Մարտական ծառայությունն սկսել է «հրետանային գնդից, ապա՝ որպես հրաձիգ, ծառայել օդանավակայանային սպասարկման գումարտակում՝ մինչեւ 1943թ.։ Այնուհետեւ՝ հրաձգային բրիգադի ջոկի հրամանատար, ծովային բրիգադի ստորաբաժանման գնդացրային հաշվարկի ջոկի հրամանատար։ 1943-45 թթ.՝ գվարդիական հրաձգային գնդի ջոկի հրամանատար»։ Չակերտներում առնվածը որպես մեջբերում նրա զինգրքույկից։

Մենք, նախկին ճակատայինի ժառանգներս, առանձնակի խնամքով ու հպարտությամբ ենք պահել-պահպանել նրա հարուստ կենսագրությանն առնչվող ցանկացած իրեղեն կամ գրավոր վկայություն, փաստաթուղթ, նմանապես եւ չեն մոռացվել բանավոր խոսքն ու զրույցը, զանազան պատմությունները։ Չորս անգամ վիրավորվել է, որոնցից առավել զգալին 1944թ. Ժիտոմիրի ազատագրման մարտերի ժամանակ ստացած վնասվածքն էր։ Ստիպված 4 ամիս անցկացրել է Կիեւի հոսպիտալում, որտեղ եւս «իրեն դրսեւորել է որպես հայրենասեր, կարգապահ ու հաստատակամ զինվոր», ինչի համար արժանացել է բուժհաստատության ղեկավարության հատուկ շնորհակալագրին։

Բուժում ստանալուց հետո, համապատասխան տեղեկանքի համաձայն, սերժանտ Հովհաննես Ծատուրյանն ազատվում էր ռազմական գործողություններին մասնակցելուց եւ կարող էր մարտադաշտից հեռու, ավելի ապահով պայմաններում շարունակել ծառայությունը։ Բայց չի հարմարվել դրան եւ խնդրել է իրեն կրկին առաջին գիծ ուղարկել։ «Իմ տեղը չէր, չէի կարող «գլուխ պահել»՝ լվացքատանը կանանց օգնելով կամ նման կարգի աշխատանք անելով»,- հիշում էր նա։ Ավելին, ռազմական գործողությունների դադարներին, երբ թնդանոթները լռում էին, զինակից ընկերների խնդրանքով ձեռքն էր առնում վարսավիրի գործիք մկրատը…

Լավ հիշում էր նաեւ, որ երբ հերթական անգամ աչքի էր ընկել մարտական առաջադրանքը կատարելիս, հրամանատարն ասել էր, թե նրան ներկայացնելու է բարձր պարգեւի՝ Կարմիր դրոշի շքանշանի։ Թե ինչը խանգարեց դրան կամ ինչպես դասավորվեցին հետագա իրադարձությունները, հայրս դրան, իր իսկ խոստովանությամբ, այնքան էլ կարեւորություն չէր տվել։ Նա զինվոր էր եւ իր բաժին կռիվն էր տալիս թշնամու դեմ՝ չսպասելով պարգեւների կամ ինչ-որ առանձնահատուկ վերաբերմունքի։ Չնայած այդ՝ խրախուսման կամ գնահատանքի առումով եւս հպարտանալու քիչ առիթ չուներ։ Բավական է միայն նշել, որ չորս անգամ արժանացել է «Խիզախության համար» մեդալի, ինչն արդեն իսկ շատ բան է ասում։ Դրանց գումարած՝ մարտական շատ այլ պարգեւներ, մեդալներ ու շքանշաններ։ Մոտ 10 պատվոգիր է ստացել նաեւ եվրոպական մի շարք քաղաքների ազատագրման մարտերին մասնակցելիս ցուցաբերած արիության համար եւ, ի վերջո, հաղթանակը դիմավորել է Բեռլինում։

Հորս օրագրային գրառումները վկայում են նաեւ, որ հայտնվել է հանրահայտ Մալայա Զեմլյայի ահեղ մարտերում եւ այնտեղ էլ ընդունվել կոմկուսի շարքերը։ Կուստոմսը նրան հանձնել է Լեոնիդ Բրեժնեւը։ Այս փաստն արժանահիշատակ է, քանի որ կուսակցական լինելու հանգամանքը մեր բազմանդամ ընտանիքի համար մոմի պայծառ լույսի պես ճամփա է հարթել արդարության վերականգնման ճանապարհին։ Մասնավորապես, ժամանակին հանիրավի հալածված ընտանիքին վերադարձրել են խլված արտն ու խոտհարքը, աշխատավորի բարի անունն ու համբավը։

Հաղթանակած վերադառնալով տուն, հայրս անցել է իր խաղաղ ու ստեղծագործ աշխատանքին։ Շարունակել է ղեկավարել հայրենի գյուղի կուլտուրայի տունը՝ գործունեության այս ճակատում եւս առանձնակի հաջողությունների ու ձեռքբերումների հասնելով։ Առհասարակ, մարդկային գործունեության բոլոր «ճակատներում» նա լավագույնս է դրսեւորել իրեն, ինչի մասին կարող է վկայել նրան երբեւէ ճանաչած ցանկացած անձնավորություն։ Նրա աշխատանքը գնահատվել է Վրաստանի կառավարական մարմինների կողմից տարբեր տարիների ստացած բազմաթիվ պատվոգրերով ու խրախուսումներով։ Ալաստանի կուլտուրայի տան երգի, թատերական ու պարի խմբերը մեկ անգամ չէ, որ հեռավոր այն տարիներին՝ 1947-ից սկսած, շրջանային կամ այլ ստուգատեսներում առաջին տեղ են գրավել։ Մի խոսքով, նվիրված ու տքնաջան աշխատանքով մեծապես նպաստել է գյուղի գեղարվեստական ինքնագործունեության զարգացմանը, նոր կյանք մտնող սերնդի գեղագիտական ճաշակի ձեւավորմանն ու ամրապնդմանը։ Գյուղխորհրդի պատգամավոր է ընտրվել, հասարակական այլ աշխատանք եւս կատարել։ Այդպես՝ շուրջ 3 տասնամյակ, որից հետո արդեն պատվով ու հարգանքով անցել է վաստակած հանգստի։

Պատերազմի թոհուբոհով անցած հայրս ավանդապաշտ ու հայրենասեր հայորդի էր, ազգային ու ընտանեկան արժեքները մեծապես գնահատող արժանապատիվ անձնավորություն, ինչը եւ լավագույնս փոխանցվել է իր ժառանգներին…

Գրիգոր ԾԱՏՈՒՐՅԱՆ

Բանաստեղծ, հրապարակագիր

«Առավոտ» օրաթերթ
06.05.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031