Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր դեպքում է սկսվում առնետավազքը

Մայիս 07,2025 10:00

1990 թվականին Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնին հավակնում էին Վլադիմիր Մովսիսյանը՝ Կոմկուսից եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ ՀՀՇ-ից: Այդ կուսակցություններից ոչ մեկն այդ խորհրդարանում այնպիսի մեծամասնություն չուներ, որ կարողանար ԳԽ նախագահ ընտրել: Բայց կոմունիստները զգացին, որ ուժը (տվյալ դեպքում՝ հասարակական լայն աջակցությունը) ՀՀՇ-ի կողմն է, եւ իրենց քաղաքական, իսկ գուցե նաեւ՝ տնտեսական ապագան պայմանավորված կլինի ՀՀՇ-ի վերնախավով: Առավել «ճկուն ուղեղ» ունեցողները դա ձեւակերպեցին, եւ շատերը հրաժարվեցին իրենց կոմունիստական գաղափարներից (եթե այդպիսիք կային):

1997 թվականի աշնանը, երբ ամենազոր պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը հրապարակավ հակադրվեց նախագահ Տեր-Պետրոսյանին Արցախի հարցում, ՀՀՇ-ի աջակցությամբ պատգամավոր դարձած «Հանրապետություն» խմբակցության պատգամավորները երես թեքեցին իրենց հովանավորներից ու դարձան «երկրապահ», որովհետեւ զգում էին, որ ուժը (տվյալ դեպքում՝ ուժային կառույցները, բանակն ու զինված երկրապահները) Վազգեն Սարգսյանի կողմն է: Այդպես խորհրդարանական մեծամասնությունը դարձավ փոքրամասնություն:

Նույն տրամաբանությամբ 2018-ի ապրիլ-մայիսին «Բարգավաճ Հայաստանն» ու ՀՅԴ-ն, որոշ գովելի բացառություններով (նկատի ունեմ, մասնավորապես, Աղվան Վարդանյանին) անցան Փաշինյանի կողմը: Այդ ալյանսը, սակայն, երկար չտեւեց:

Պատգամավորներն, այսպիսով, փոփոխամիտ մարդիկ են: 2017 թվականին դուք կարո՞ղ էիք ենթադրել, որ Շիրակ Թորոսյանը կդառնա իմքայլական, իսկ Սերգեյ Բագրատյանը՝ ՔՊ-ական:

Այնպես որ, ոչինչ բացառված չէ: ՔՊ-ականների մի մասն էլ տեսականորեն կարող է երես թեքել Փաշինյանից: Բայց առնետավազքը սկսվում է այն ժամանակ, երբ «ճկուն ուղեղները» հասկանում են, որ իրենց նախորդ տիրոջ նավը խորտակվում է: Իսկ մինչ այդ նրանք, այսպես ասած, կուրծք են ծեծելու՝ իրենց շեֆին հավատարմության երդումներ տալով:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031