Լրահոս
Օրվա լրահոսը

Իմպիչմենտն ինքնախաբեություն է, եթե նշված կարեւոր պայմանները չեն ապահովում. Աբրահամ Գասպարյան. «Հրապարակ»

Մայիս 07,2025 10:43

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ի վերջո, հնարավո՞ր է իմպիչմենտի միջոցով հեռացնել իշխանության ղեկից ամուր կառչած Փաշինյանին:

Զրուցել ենք քաղաքագետ Աբրահամ Գասպարյանի հետ: Գասպարյանը, անդրադառնալով հարցին, նկատեց. «Այս պայմաններում իմպիչմենտ իրականացնել, միանշանակ, հնարավոր չէ, ինչու, որովհետեւ իմպիչմենտն իշխանազրկման գործընթաց է, որն ունի քաղաքական եւ իրավական հստակ գործիքակազմեր, բայց այն իրականացվում է սահմանադրությամբ` համապատասխան օրենքներով, տարվա ընթացքում տրվում է մեկ հնարավորություն, ինչը նշանակում է, որ գործընթացի լրջությունը պետք է գիտակցել, այդ թվում՝ այդ գործընթացի ետեւում կանգնած ուժերի քաշը, կշիռը, ռեալ ռեսուրսները: Եթե այս կարեւոր հանգամանքները հաշվի չեն առնվում, ստացվում է, որ պրոցեսը դառնում է ինքնանպատակ, ինչը նպաստում է իշխանության վերարտադրմանը: Եթե չկա իրական հավակնորդ կամ եթե հավակնորդը չի կարողացել մոբիլիզացնել փողոցը եւ բողոքավոր, ընդվզող փողոցին չի կարողացել ապահովել հստակ գործիքակազմ, հստակ քայլեր, չի տրամադրել ճանապարհային քարտեզ եւ գործողությունների տրամաբանական հաջորդականություն, ապա իմպիչմենտի մասին անիմաստ է խոսելը»: Իսկ եթե ՔՊ-ականներից ոմանք միանա՞ն պրոցեսին։ «Ո՞վ միանա, ինչո՞ւ պետք է միանան: Նրանք կարո՞ղ են առանց Նիկոլի շնչել, առանց նրա թույլտվության ոչ մի բան չեն կարող անել պատգամավորները, իսկ եթե նրանց շարքերում լինեին մարդիկ, ովքեր ցանկություն ունենային ազատվել Փաշինյանից, ապա դա կանեին 2020 թվականին, ինչպես որ որոշ պատգամավորներ արեցին: Իմպիչմենտն ինքնախաբեություն է, եթե իմ նշած կարեւոր պայմանները չեն ապահովում: Եթե ֆիկտիվ պրոցես ծավալելու հարց են փորձում լուծել, կարող են իմպիչմենտ անել՝ խափանելով այն գործիքակազմը, որն իրապես համապատասխան պայմանների հասունացման դեպքում հնարավորություն կտա գործընթացն իրականացնել: Եթե այսօր նախաձեռնում են իմպիչմենտ, փաստորեն, խլում են խորհրդարանական այն գործիքակազմը, որը մի օր գուցե արդյունքի հասնելու հնարավորություն տա»:

Իշխանափոխության տարբերակ կա՞ այս պահին, եթե իմպիչմենտը բացառում եք, իսկ փողոցում չկա պայքար։ Մեր զրուցակիցն ասաց. «Կա շատ ավելի կարեւոր մի բան, երբ դու կրակում ես, կրակոցներդ չեն դիպչում թիրախին, իսկ դրա պատճառն այն է, որ թիրախին չես հարվածում, իսկ ինչո՞ւ, եթե նպատակը թիրախին հարվածելն է: Ես կարեւորություն եմ տալիս ընդդիմության կոնսոլիդացիային, փոխադարձ կրակոցները ոչ մի արդյունք չեն տալիս ընդդիմությանը, փոխարենը դրանից շահում է իշխանությունը` տեսնելով պառակտված ընդդիմություն: Եթե օրակարգում կա իշխանափոխության պրոցես, ապա բոլոր ռեսուրսները պետք է այդ նպատակին ծառայեն, ի դեպ, նման մի քանի փորձ արվել է, այնպես չէ, որ ոչինչ չի արվել, տարբեր թեւեր տարբեր ակցիաներ են իրականացրել, սակայն համախմբվածություն է եղել: Համագործակցություն եղել է, բայց այսօր նման իրավիճակում` իրար մեղադրելով, իրար վրա կրակելով՝ ոչ մի բանի հնարավոր չէ հասնել»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031