Մահվան դեպքերը տարբեր են։ Դրանց մի մասը բնական մահեր են, ցավոք, մի մասն էլ ինքնասպանության դեպքեր են։ Հարցի հասցեատերը և′ արդարադատության նախարարությունն է, և′ առողջապահության նախարարությունը։ Այդ է պատճառը, որ մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք միասին, որ կարողանանք լուծել մարդկանց առողջության ապահովման և բժշկական սպասարկման խնդիրը։ Նուբարաշենում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պահման պայմանները բարելավվել են, և մոտ ապագայում անազատության մեջ գտնվող հոգեկան առողջության խնդիրներ ունեցողները կտեղափոխվեն Նուբարաշեն»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նա փաստեց՝ իրականում ՔԿՀ-ներում մահվան դեպքերի աճ ունենք․ «Գուցե դա պայմանավորված է նրանով, որ որոշակի խումբ անձինք այս պահին ավելի շատ են գտնվում անազատության մեջ, քան առաջ էր։ Հիմա իրականացվում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հաշվառում, որ հստակ իմանանք, թե ովքեր են հակված ինքնավնասվման, որ անհատական աշխատանք կատարենք նրանց հետ»։
Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ Ձեր մտերմուհին, որ Քրեակատարողական ծառայության պետ նշանակվեց, փաստորեն չօգնեց, Սրբուհի Գալյանը հեգնանքով արձագանքեց․ «Այո, հստակ պատճառական կապ է առկա նշանակման և մահերի աճի միջև։ Իմ խոսքը կտրելու են և տարածեն, ես վստահ եմ»։
Մեկ այլ լրագրող էլ նշեց՝ ակնհայտ է, որ պատշաճ պայմաններ չկան, դրա համար մարդիկ ուզում են ինքնասպան լինել, հոգեբաններ չե՞ն աշխատում նրանց հետ։ Սրբուհի Գալյանն այս հարցը մինչև վերջ լսեց ու գլուխը թեքելով՝ սկսեց այլ հարցի մասին խոսել՝ չպատասխանելով այս հարցին։ Լրագրողի դիտարկմանը՝ հարգալից պահեք Ձեզ լրագրողի հանդեպ, Սրբուհի Գալյանն այսպես արձագանքեց․ «Ես կանդրադառնամ Ձեր հարցին»։ Լրագրողն ասաց, ուրեմն այդպես ասեք, Սրբուհի Գալյանը միջամտեց՝ եթե բարեհաճ լինեիք, ու ինձ չընդհատեիք, լրագրողն էլ ի պատասխան ասաց․ «Ու Դուք խոսում եք բարեհաճությունի՞ց։ Հետ տվեք կադրը, նայեք Ձեզ, Դուք իմ հանդեպ բարեհաճ գտնվեցի՞ք»։ Սրբուհի Գալյանն էլ ասաց՝ այլևս չեմ պատասխանելու Ձեր հարցին։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ