Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ նախագահի հրավերը եւ կմեկնի Մոսկվա՝ մայիսի 9-ին մասնակցելու Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի միջոցառումներին․ այս մասին նա հայտարարեց այսօր, խորհրդարանում՝ հարցուպատասխանի նիստի ժամանակ։
Պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին՝ արդյոք այդ այցը չի վնասի ՀՀ-ի հարաբերություններին՝ Արեւմուտքի հետ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Մենք հրապարակային ասել ենք՝ բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն ենք որդեգրել, որի մեջ ամենևին չի մտնում հարաբերություններ կառուցել ի հաշիվ այլ հարաբերությունների: Եվ այդ քաղաքականության տրամաբանության մեջ չի եղել, որ մենք ՌԴ այցեր չենք ունենալու և Ռուսաստանի հետ հարաբերությունները չենք զարգացնելու և խորացնելու, ինձ համար հասկանալի չեն այդ մեկնաբանությունները»։
Բացի միջոցառման կարեւորությունից, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նման հարթակներում նաեւ երկկողմ ու բազմակողմ հանդիպումներ-քննարկումներ են լինում եւ ճիշտ չի լինի նման առիթները բաց թողնել։
Նախապես հայտնի երկկողմ հանդիպումների օրակարգի մասին հստակեցմանն էլ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ նախատեսված հանդիպումներ չկան, որ կլինեն ոչ ֆորմալ հանդիպումներ՝ պարզ է, բայց որքանով դրանք կֆորմալացվեն՝ պարզ չէ։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ