Երեւանի քաղաքապետարանի գործընկերների հետ քննարկել են անձրեւից հետո մայրաքաղաքում տիրող իրավիճակի հարցը․ խորհրդարանում՝ կառավարության հետ հարցուպատասխանի նիստի ժամանակ ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին։ Իշխանական պատգամավորը նկատել էր՝ երեկ հերթական անձրեւից հետո Երեւանը մինի-լճերի էր վերածվել։
«Համանման հարցեր կան հանրապետության այլ մարզերում՝ հիմնականում հարթավայրային մարզերում եւ քաղաքային բնակավայրերում։ Փողոցների կառուցման ծրագրերում ներառում ենք նաեւ ջրահեռացման ցանցի կառուցման արդիականացման աշխատանքները։ Պլանավորում ենք շարունակել այս ուղղությամբ աշխատանքները՝ քննարկելով ավելի մեծ ծավալով աշխատանքներ իրականացնել ջրահեռացման ոլորտում»,-ասաց Դավիթ Խուդաթյանը։
Ըստ նրա, հիմնական խնդրահարույց տեղերում ուսումնասիրություններ են իրականացնում, նաեւ՝ 2026-ին ֆինանսական միջոցներն են ավելացրել համապատասխան աշխատանքների համար, արդյունքները քաղաքացիների համար գոհացուցիչ կլինեն։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Թեման շարունակեց նաեւ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ հեգնելով, որ եթե այս նիստը երեկ լիներ, կառավարության անդամները ստիպված պետք է լինեին նավակով գալ խորհրդարան։ Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց՝ որքա՞ն գումար է մսխել այս կառավարությունը վերանորոգման, ճանապարհաշինական եւ համանման այլ աշխատանքներում։
«Մսխվել է զրո դրամ»,- նեղացած արձագանքեց Դավիթ Խուդաթյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ