Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կապ ունի օրենքով գողը Գյումրիում մանդատագողության փորձի հետ․ նոր պատմություններ են ի հայտ գալիս

Մայիս 07,2025 20:25

Գյումրիում դեռ քննարկվում է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գլխավորած «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամ Կարեն Բադալյանի մանդատից հրաժարվելու ու փոշմանելու թեմայի շուրջ ստեղծված աղմուկը:

Այն «Մեր քաղաքը» դաշինքի փաստաբան Սոս Հակոբյանը համարել էր իշխանազավթման առաջին փորձը Գյումրիում:

«Գյումրիում տեղի ունեցան ընտրություններ, ձևավորվեց ավագանի, ընտրվեց համայնքի ղեկավար, և կարծես թե աշխատանքը սկսում էր ընթանալ։ Բայց կային կանխատեսումներ, որոնք արդարանում են վատ իմաստով․ որևէ մի կերպ, ինչ-որ մի գործիքով, ապօրինի ձևով իշխանությունները կփորձեն կամաց-կամաց մանդատները գողանալ ընդդիմադիր խմբակցություններից, որպեսզի կարողանան այստեղից էլ զավթել իշխանությունը։ Եվ կարծես դրա ծիծեռնակներն արդեն կան «Մեր քաղաքը» դաշինքի պարագայում»,- ասել էր փաստաբանը՝ բարձրաձայնելով, որ ավագանու անդամի լիազորությունները դադարելուց հետո նա չի կարող փոշմանել, ըստ օրենքի՝ համայնքապետին ուղղված իր դիմումը հետ վերցնել։

Փաստաբանը նաև նշել էր, որ Կարեն Բադալյանն այս ամենն արել է ճնշումների ներքո։ Կարեն Բադալյանը փոշմանելիս՝ համայնքապետին ուղղված դիմումում նաև նշել էր, որ « Մեր քաղաքը» դաշինքից հրաժարվում է։

Կարեն Բադալյանն անհասանելի է, մենք փորձեցինք զրուցել նրա հետ, սակայն ապարդյուն, անհասանելի է նաև նրա եղբայրը՝ Սերոժ Բադալյանը, որից ևս փորձում էինք ճշտել, թե ուր է իր եղբայրը․ «Մեր քաղաքը» դաշինքի անդամները երեկ խոսում էին նրա անհետացման մասին։

Գյումրիում լուրեր են պտտվում, որ Կարեն Բադալյանին այդ քայլին դրդել է օրենքով գողերից մեկը, որն այս պահին դատվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, անցնում է քրեական ենթամշակույթ կրող անձանց նկատմամբ հարուցված քրեական վարույթով։

Գյումրիում շրջանառվող լուրերի համաձայն, օրենքով գողը բարեկամական հարաբերություններ ունի Կարեն Բադալյանի կնոջ հետ։ Օրենքով գողն է միջնորդ հանդիսացել, որպեսզի մանդատը վայր դրած Կարեն Բադալյանը մտափոխվի ու այն փորձի հետ ստանալ, սակայն ավագանու կազմում հանդես գա որպես անկախ անդամ ու հարկ եղած դեպքում օգնի իշխանության ձգտող ՔՊ-ին։

Aravot.am-ն այս թեմայի շուրջ պարզաբանումներ խնդրեց Գյումրու ավագանու «Մեր քաղաքը դաշինքի» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանից։

Լիզա Գասպարյանը նշեց, որ օրենքով գողերի՝ այս պատմությանը ներքաշվելու մասին չի տիրապետում, սակայն վստահ է՝ իրենց քաղաքական թիմի ղեկավար Մարտուն Գրիգորյանն մանրամասն գիտի Կարեն Բադալյանի հետ կատարվածի մասին, մասնավորապես՝ ինչպիսի ճնշումներ են կիրառվել նրա նկատմամբ, ինչ հարցեր են դրվել նրա առջև, որի պատճառով էլ ստիպված է գնացել այդ քայլին։ Բայց թիմի հետ այս մասին չի կիսվել:

Նա նշեց, որ Կարեն Բադալյանը շփումների ժամանակ դրական տպավորություն է թողել, չնայած քաղաքականության մեջ նորեկ էր իրենց համար, սակայն նրա անձը վստահություն է ներշնչել։

Խնդիրը, ըստ Լիզա Գասպարյանի, այն է, որ ՏԻՄ համակարգում մանդատագողությունը թրենդ է դարձել։

«Մի բան ենք զգացել, որ ՔՊ-ի ուզածն այս քաղաքում հավերժ թշնամություն տարածելն է, ընտանիքների, ազգերի, գերդաստանների իրար դեմ հանելն է, որ իրենք պուպուշ երևան։ Եվ այն թեզը, որ առաջ են տանում ՝ նախկինները, նախկինները, ես գյումրեցիների լեզվով ասեմ․ գյումրեցիներն ասում են, որ նրանք նախկիններից բեթար են, անցնում են բոլոր արժեքների ու սկզբունքների վրայով, որպեսզի այդ մի փոքրիկ մանդատը, էդ մի բաժնի պետի պաշտոնը, էդ մի տնօրենի աթոռը մնա իրենց»,- ասաց Լիզա Գասպարյանը։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը ևս ապրում է Գյումրիում ու լսել է քաղաքում տարածված լուրերն այն մասին, որ օրենքով գողեր են խառնվել այս գործին։
Ըստ նրա, իրեն այդքան չի հետաքրքրում քրեական ենթամշակույթ կրող անձանց մասնակցությունը քաղաքական գործընթացներում, որքան Նիկոլ Փաշինյանի վարքագիծը։

«Նիկոլ Փաշինյանն այն մարդն է, որը դեմ էր կրիմինալ գործունեությանը Հայաստանում, որը հատուկ օրենք ընդունեց գողական աշխարհի ներկայացուցիչների դեմ։ Հայտարարում էր, որ կրիմինալը, բիզնեսը իրավունք չունեն ներգրավվել որևէ քաղաքական գործընթացում, և հիմա տեսնում ենք հատուկ մարդկանց անուններ են տալիս, որոնք ներգրավված են այս գործընթացներում։ Ես գողական աշխարհի ներկայացուցիչներից անուններ չեմ տա, բայց ծուխն առանց կրակի չի լինում», ասում է Գագիկ Համբարյանը։

Նա նաև նշում է, որ Մարտուն Գրիգորյանի գլխավորած «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակում ընդգրկված երկու անձինք՝ Սվետլանա Ադամյանն ու Կարեն Բադալյանը Արթուր Վանեցյանի մարդիկ են։ Թե որտե՞ղ է հիմա Կարեն Բադալյանը, որի հետ կապ հաստատել չի հաջողվում,Գագիկ Համբարյանը խորհուրդ է տալիս հարցնել Արթուր Վանեցյանից։

Ի դեպ, մեր զրուցակիցները տեղյակ են Գյումրիում շրջանառվող այն խոսակցությունների մասին, թե ընդդիմադիր խմբակցություններից փորձելու են մանդատագողության ևս երկու փորձ անել, թիրախում երկու կին ավագանու անդամներ են։

Գագիկ Համբարյանի ասելով, սա ամենևին իրեն չի զարմացնում, քանի որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատրաստ է ամեն ձևաչափով՝ քրեական գործեր հարուցելով, շանտաժի միջոցով, վախի մթնոլորտ ստեղծելով՝ ավագանու անդամներ գողանալու գիծն առաջ տանել։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031