Խորհրդարանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանին փոխանցել են հսկայական ծրար՝ լրագրողական հետաքննության ժողովածու, որտեղ խոսվում է այսօրվա կառավարության տարբեր գործիչների գործունեության մասին։ Այնուհետև հայտարարեց․ «Օրինակ՝ դա կարդալուց հետո անմեղության կանխավարկած հարգելով Հակոբ Սիմիդյանին կարող էր Նիկոլ Փաշինյանն ասել՝ օրինակ՝ Աբովյանի ստադիոնի շինարարությունը ո՞նց է եղել, որ քո ընկերոջ հարևանի ֆիրման է անում»։
Գեղամ Մանուկյանը խոստովանեց, որ «ֆանատ է դարձել կառավարության նիստերը նայելու, քանի որ ամեն նիստին Նիկոլ Փաշինյանը մի ամբողջ ինքնախոստովանական ցուցմունք է տալիս, որ մենք չենք կարողանում աշխատել, նախագծերը հետ ենք տալիս, նույն դասարանում ենք մնում, հանձնարարություն տալիս եմ, չեն կատարում»։
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Մինչև չարչարվում էիք այդ փաթեթը պատրաստելու համար, ինձ ՀՀ ԱԽ քարտուղարը ամեն ամիս երբեմն ավելի հաճախ զեկուցում է գրավոր կարգով մամուլում հրապարակված բոլոր այն տեղեկությունները, որոնք վերաբերվում են կոռուպցիոն դեպքերին, կամ որոնցում կասկած է արտահայտվում կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ։ Շատ լավ է, որ արդեն հասել ենք այդ մակարդակի։ Մեզ համար արդեն ընկերոջ հարևանի հորեղբոր տղու բարեկամը կոռուպցիոն դեպք է։ Էլ չասեմ՝ էս դահլիճում նստած բոլոր մարդիկ, հիմա փողոցում քայլող բոլոր մարդիկ ընկերոջ հարևանի բարեկամի կամ ընկեր, խնամի կամ քենակալ են»։
Գեղամ Մանուկյանն արձագանքեց՝ «դոկումենտով ամեն ինչ ճիշտ է տարբերակն է» ու շարունակեց․ «Հարյուր հոդված տպեք ԱՆԻՖ-ի հետ կապված, ստեղ ասում եք՝ անմեղության կանխավարկած։ Էդքան նյութ որ հրապարակվել է, դրանից հետո չքմեղանա՞լ․․Արմեն Գրիգորյանի գործը ոնց որ ԱԽ քարտուղարությունն էր, թե՞ հակակոռուպցիոնի մամուլի ծառայությունը»։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանն էլ պատասխանեց․ «Կոռուպցիան անվտանգային սպառնալիք է ՀՀ համար։ Ինչ վերաբերում է ԱՆԻՖ-ի հետ կապված՝ այն, ինչ գիտեք ԱՆԻՖ-ի մասին, այդ ամենը գիտեք միայն այն բանի շնորհիվ, որ իմ հանձնարարությամբ տարբեր մարմիններ ուսումնասիրել ու արել են բացահայտումներ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ