Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ այսօր կայացավ Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի եւ նրա հետ փոխկապակցված Ռուբեն Սանոյանի, Սուրեն Ջանոյանի, Սիրական Մկոյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով նախնական դատական նիստ, որի ընթացքում որոշվում էր ապացույցների հետազոտման կարգը, ինչպես նաեւ քննարկվում էր անթույլատրելի ապացույցների՝ պաշտպանական կողմի միջնորդությունը:
Մասնավորապես, Խաչատուր Բալասանյանի պաշտպանները նշեցին, որ գործը վարող քննիչը մեղադրանք ձեւակերպելու նպատակով ապացույցների ձեռք բերման ընթացքում թույլ է տվել օրենքի բազմաթիվ խախտումներ:
Կարդացեք նաև
Լսելով դատավարությունը շարունակելու մասին կողմերի կարծիքները՝ դատարանը որոշեց սկզբում հարցաքննել վկաներին ապա անցնել գրավոր ապացույցների հետազոտմանը:
Մեղադրյալներից Սուրեն Ջանոյանի պաշտպանը դատարանին տեղեկացրեց, որ ս/թ. մայիսի 2-ին իր պաշտպանյալը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Գյումրիի ԲԿ եւ բուժհետազոտությամբ առկա է եղել ուղեղի կաթվածի կասկած: Ախտորոշվել են նաեւ այլ հիվանդություններ: Սուրեն Ջանոյանը ավելի մասնագիտական հետազոտություններ եւ ստացիոնար բուժսպասարկում ստանալ կարող է Երեւանում տեղակայված մասնագիտական բուժհաստատություններում: Սակայն գտնվելով տնային կալանքի ռեժիմում՝ էապես դժվարանում է դրանց կազմակերպումը, որոնք նաեւ պլանային են: Ուստի, պաշտպանական կողմը միջնորդեց Սուրեն Ջանոյանի նկատմամբ ընտրված տնային կալանք խափանման միջոցը փոխարինել վարչական հսկողությամբ:
Դատարանը ներկայացված միջնորդության քննարկումը հետաձգեց՝ հիմնավորելով, որ դատարանը բժշկական մասնագիտական գիտելիքներ չունի ստեղծված իրավիճակը գնահատելու համար: Սակայն թույլատրեց ներկայացնել հետագայում բժշկական հետազոտությունների օրերը եւ ժամերը ներկայացնել դատարանին: Բուժհետազոտությունների արդյունքների մասին փաստաթղթերը լինելուց հետո խափանման միջոցը փոխելու միջնորդությունը կդարձվի բովանդակային քննարկման առարկա:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 20-ին, ժամը 16:00-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ