Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ աշխատանքային պայմանագրի միակողմանի լուծման մասին ծանուցում է ստացել, ինչը եւ իր, ե՛ւ թատրոնի աշխատակազմի մոտ տարակուսանք է առաջացրել. տնօրենը սիրված է աշխատակազմի կողմից, ներկայացումները գունեղ են, աշխատանքային մթնոլորտն առողջ է, ստեղծագործական մթնոլորտը՝ ապահոված, թատրոնը 400- 450 % ֆինանսական աճ է ապահովում:
«Մայիսի 5 –ին ստացա Երեւանի քաղաքապետից ծանուցում, ըստ որի կցված զեկուցագրով (տրված՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանի կողմից) մեր եռամսյակային հաշվետվության մեջ նշված է, որ 1200 հրավիրատոմս ենք տվել: Գրված էր, որ ոչ իրավաչափ են դրանք տրվել, ինչի արդյունքում վարչության պետը քաղաքապետին առաջարկում է միակողմանի լուծել իմ աշխատանքային պայմանագիրը՝ վնաս պատճառելու համար, միակողմանի անվստահության հիմքով»,- մեզ տեղեկացրեց Էմին Թորոսյանը:
Նրա ձեւակերպմամբ, կարդալուց հետո ինքը վրդովել է, որովհետեւ հրավիրատոմսերը, երրորդ անձանց անվճար մուտքի հնարավորությունն իրենք ապահովում ենք սահմանված կարգով:
Էմին Թորոսյանն այս ամենի մեջ միտում է տեսնում, որովհետեւ ստացած ծանուցումից առաջ թատրոնի համար արհեստականորեն շղթայական խնդիրներ էին ստեղծվել՝ այդ թվում սուբսիդիայի պայմանագրով նախատեսված գումարի ձգձգում, աուդիտ եւ այլն:
Կարդացեք նաև
Եվ երբ մայիսի 5-ին ստացել է ծանուցումը, թատրոնում մեծ կազմով հանդիպում-քննարկում է կայացել: «Ընդվզման ալիք էր բարձրացել, դրա համար որոշեցինք բոլորի հետ հանդիպել, ներկայացրի բոլորին, թե խնդիրը որն է: Մեր ռեժիսոր Դավիթ Հարությունյանն էլ զանգահարեց մշակույթի վարչության պետին, տեղեկացրեց, որ հավաք ունենք, խնդրում, ակնկալում ենք ձեր, Երեւանի քաղաքապետի ներկայությունը, հարկ եղած դեպքում խնդրում ենք փոխանցել ինֆորմացիա, եթե մեզ կարող են ընդունել, մե՛նք կարող ենք գալ»,-հավելեց Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենը:
Ինչ վերաբերվում է գործընթացին, որով տրամադրվել են հրավիրատոմսերը, այդ մասին բացատրագիր է ուղարկվել Երեւանի քաղաքապետին: «Նախկինում գոյություն ուներ մշակույթի նախարարի հրաման, որով կարգավորում էր հայաստանյան թատրոնների տոմսային տնտեսության կարգը՝ տոմսեր, հրավիրատոմս, աբոնեմենտներ եւ այլն: Հետո մեկ այլ հրամանով դա չեղարկվեց: Երբ արդեն տեղափոխվեցի թատրոն, քաղաքապետարանի նույն վարչության պետի, ոլորտը համակարգող փոխքաղաքապետի հետ փորձեցինք այդ հարցը կարգավորելու ձեւեր գտնել: Քննարկեցինք եւ եկանք նրան, որ համաձայն ՊՈԱԿ-ների մասին օրենքի (մենք ՀՈԱԿ ենք, ՀՈԱԿ-ի մասին օրենք չկա) հստակ սահմանվում է գործադիր մարմնի ՊՈԱԿ-ի լիազորությունները, եւ այդտեղ կարգավորումներ են գնում, նաեւ հիմք ընդունելով մեր կազմակերպության կանոնադրությունը, ըստ որի ես կարող եմ տալ համապատասխան հրամաններ, հրահանգներ, պարտադիր կատարման համար ցուցումներ, այսպիսով արեցինք այս քայլը, որպեսզի կարողանանք հրավիրատոմսեր տրամադրել, երրորդ անձանց մուտքն անվճար ապահովել: Սա եղել է տարիներ շարունակ: Իսկ նշված 1200 հրավիրատոմսերի թիվն առաջին հայացքից է մեծ երեւում, բայց երբ բայց դա բաժանում ենք ամիսների մեջ, ստացվում է միջինացված 400»,-պարզաբանեց թատրոնի տնօրենը:
Մեր զրուցակիցը նշեց, որ հրավիրատոմսեր տրվել են թատրոնի աշխատակիցներին, ինչը նորմալ է, նախարարի հրամանով սահմանված աբոնեմենտային համակարգով թատրոն եկող դպրոցականների խմբերին, ինչի համար նախարարությունը վճարել է, երեխաներին ուղեկցողներին, Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի, Տարածաշրջանային, Շառլ Ազնավուրի քոլեջների ուսանողներին, մի քանի թոշակառուների եւ ՊՆ N զորամասից ստացված գրությամբ՝ 36 զինվորականի:
Էմին Թորոսյանն ընդգծում է՝ եթե վերցնում ես վաճառված տոմսերն ու տրամադրված հրավիրատոմսերի թիվը, ապա դրանց հարաբերակցության մեջ հրավիրատոմսերն ընդամենը 9,6 % են կազմում, մինչդեռ նախարարի նախկին հրամանով 20 % -ն էր:
«Հիմա այս հիմքով գրություն ես գրում, զեկուցագիր ներկայացնում քաղաքապետին՝ միակողմանի հիմքով լուծելու պայմանագիրը, որ վնաս եմ հասցրե՞լ, ուզում եմ հասկանալ այդ ի՞նչ վնաս է, ո՞նց է հաշվարկվել…Մեծ հաշվով խնդիր չկա, բայց որ հետեւություն ես անում, թե այսբերգի տակ ինչ կա, հասկանում ես, որ սա անձի դեմ է ուղղված: Մեր թատրոնում աշխատող ժողովրդական եւ վաստակավոր արտիստներն ասել են՝ մենք մեր տնօրենին սիրում-հարգում ենք, ստեղծագործական մթնոլորտը ապահոված է, կարիք չունենք նրան մեկ ուրիշով փոխարինելու:
Անձնակազմը համոզված է՝ զեկուցագիր գրողի պարագայում ոչ կոմպետենտություն կա, կամ միտում, դրա համար առաջարկում է՝ պարոն քաղաքապետ, գուցե իրեն փոխեք, մեկ ուրիշը գա ու ճիշտ ներկայացնի, թե ինչ իրավիճակ է թատրոնում»,-ասում է Էմին Թորոսյանը: Նրանից տեղեկացանք, որ քաղաքապետարանից դեռ չեն արձագանքել թատրոնի անձնակազմին:
Հավելենք, որ Երեւանի քաղաքապետարանից News.am-ին հայտնել են, որ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի գործունեության ընթացքում առաջացել են որոշակի խնդիրներ, տնօրենից պահանջվել են պարզաբանումներ, հարցը կքննարկվի եւ խնդրին նախատեսված կարգով կտրվի լուծում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները Էմին Թորոսյանի ֆեյսբուքյան էջից: