Լրահոս
Օրվա լրահոսը

Կապիտալ ծախսերը 7 տարիների ընթացքում տարեկան ճշտված պլանների համեմատ ընդհանուր առմամբ թերակատարվել են 324.5 մլրդ դրամով. «168 ժամ»

Մայիս 08,2025 10:11
vichakagrutyun

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2025թ. հունվար-մարտ ամիսներին արձանագրվել է տարվա առաջին երեք ամիսների կտրվածքով 2022 թվականից ի վեր գրանցված ամենացածր տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ)՝ 4.1%։ Դրա հիմնական պատճառը նախորդ տարիների բարձր տնտեսական աճին նպաստած հիմնական գործոնների ազդեցության էական թուլացումն է (որոշ գործոնների դեպքում՝ պարզապես զրոյացումը)։

ՏԱՑ-ի զգալի նվազումից բացի խիստ մտահոգիչ զարգացումներ են արձանագրվել նաև տնտեսության կառուցվածքում։ Մասնավորապես, արդեն մի քանի ամիս շարունակ չափազանց խոր անկում է արձանագրվում արդյունաբերության ոլորտում. 2025 թվականի առաջին երեք ամիսների արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոլորտի նվազումը 18.5% է։ Էապես՝ 54%-ով, նվազել է նաև արտաքին առևտրաշրջանառությունը։ Ընդ որում, կտրուկ նվազել են թե՛ արտահանումը և թե՛ ներմուծումը՝ համապատասխանաբար 62 և 48%-ով։

Արդյունաբերության ոլորտի և արտահանման այսպիսի կտրուկ նվազումը մտահոգիչ է մասնավորապես նրանով, որ դրանց ֆոնին չափազանց իրատեսական է ՏԱՑ-ի հետագա դանդաղում ակնկալելը։ Գրեթե վստահաբար կարելի է պնդել, որ ամիսներ շարունակ արձանագրվող բացասական միտումների պահպանման պարագայում տնտեսական աճն էապես ավելի ցածր կլինի քան 5.1% ցուցանիշը, որը որպես կառավարության կանխատեսում դրված է 2025 թվականի պետական բյուջեի հիմքում։ Այս մասին արդեն իսկ «ահազանգում են» տարբեր միջազգային կազմակերպությունները և ռեյտինգավորող ընկերությունները։ Մասնավորապես, Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի 2025թ. տնտեսական աճի վերաբերյալ իր նախկին 5% կանխատեսումը նվազեցրել է մինչև 4.5%, Համաշխարհային բանկը՝ 5%-ից` 4%, Fitch ռեյտինգավորող ընկերությունը՝ 5.5%-ից` 4.5%:

Ըստ էության, սա նշանակում է նաև, որ այս կազմակերպությունների կարծիքով 2025 թվականի պետական բյուջեի եկամուտների հավաքագրումը կասկածի տակ է։ Հիշեցնենք, որ անցյալ տարի նույնպես բյուջեի եկամուտները թերհավաքագրվել էին՝ հաստատված պլանի համեմատ 5.3%-ով։ Ընդ որում, բյուջեի հարկային եկամուտների թերհավաքագրումը դրանից ավելի մեծ է եղել՝ հաստատված պլանի նկատմամբ՝ 8.5%, իսկ ճշտված պլանի համեմատ՝ 7.3%։ Ի դեպ, հարկ է նշել, որ 2024 թվականին պետական բյուջեն թերակատարվել է նույնիսկ այն պարագայում, որ փաստացի տնտեսական աճը նույնիսկ 0.3 տոկոսային կետով գերազանցել է պետական բյուջեի հիմքում դրված 5.6% բազային ցուցանիշը։ Իսկ քանի որ բոլոր հիմքերը կան ակնկալելու, որ 2025-ին տնտեսական աճը լինելու է բյուջեի հիմքում դրված 5.1%-ից ցածր, առավել քան հիմնավոր է այն մտավախությունը, որ այս տարի ևս պետական բյուջեի եկամուտները կթերհավաքագրվեն, ինչը նշանակում է, որ պլանավորված ծախսերը կա՛մ կթերակատարվեն, կա՛մ դրանք հնարավոր կլինի ապահովել միայն պետական պարտքի ավելացման հաշվին։

Ի դեպ, օրերս ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն իր ասուլիսում ասել էր, որ 2024թ. արդյունքներով պարտք/ՀՆԱ ցուցանիշը նվազել է 0.1 տոկոսային կետով, քանի որ «մեր պարտքն աճել է ավելի դանդաղ քան մեր աճն է տեղի ունենում. այսինքն` մենք հարստանում ենք ավելի արագ, քան մենք պարտք ենք վերցնում»։ Այս հարցում նախարարի մեկնաբանությունը ընդունելու դեպքում գալիս ենք մի շատ հետաքրքիր եզրահանգման։ Քանի որ 2025թ. բյուջեով կառավարությունն ակնկալում է, որ 2025-ի տարեվերջին «պետական պարտք/ՀՆԱ» ցուցանիշը կազմելու է 54.3% կամ 2024-ի տարեվերջի ցուցանիշից միանգամից 4.0 տոկոսային կետով ավելի, իսկ 2026-ին՝ 55.7%, ապա ստացվում է, որ մենք առնվազն այս և հաջորդ տարի անխուսափելիորեն պարտքի աճի «հետևից չենք հասցնելու»։ Ընդ որում, վերոհիշյալ ցուցանիշները նույնպես պլանավորվել են 5.1% տնտեսական աճի կանխատեսման պարագայում:

Ասուլիսի ընթացքում, պատասխանելով լրագրողի հարցին, նախարարը նաև խոսեց պետական պարտքի ավելացման դրական կողմերի մասին՝ ասելով, որ, եթե պարտք վերցնելու շնորհիվ բյուջեի եկամուտներն աճելու են 200 մլրդ դրամով, մինչդեռ այդ պարտքի տարեկան սպասարկումը 20-30 մլրդ դրամ է, ապա ինչո՞ւ խուսափել պարտք վերցնելուց։ Այնուհետև ավելացրեց. «Պրոբլեմը էնտեղ կարող ա լինի, որ մենք պարտք վերցնենք, որպեսզի ինչ-որ բան կառուցենք ու չկառուցենք»։

Այս առումով նշենք, որ գործող իշխանության օրոք կապիտալ ծախսերը 7 տարիների ընթացքում տարեկան ճշտված պլանների համեմատ ընդհանուր առմամբ թերակատարվել են 324.5 մլրդ դրամով կամ մոտավորապես 833 մլն ԱՄՆ դոլարով (հաշվարկված ներկայիս դոլար/դրամ փոխարժեքով), այսինքն՝ գործող իշխանությունները բացահայտ ընդունում են, որ իրենց կառավարման անհետևողականությունը և անգործությունն ուղղակիորեն վերածվում են սերունդների ուսերին ծանրացած պարտքային բեռի, որը ոչ միայն չի ապահովում երկրի զարգացման խոստացված արդյունքները, այլև ծառայում է իշխանական պոպուլիզմի սնուցմանը։

Սա փաստացի նշանակում է՝ ամեն նոր պարտք դառնում է անհեռատես կառավարման վկայագիր, որը վճարելու են ապագա սերունդները՝ երկրի տնտեսական անկախության գնով։

Արմինե ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031