-Ես իմ քաղաքական գնահատականն եմ տվել, ոչ մեկի չեմ սպառնացել, չեմ ծեծել,-այսօր Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմաց լրագրողներին ասաց բլոգեր Արթուր Չախոյանը՝ անդրադառնալով քննադատություններին, թե Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը որպես հայ տղամարդ՝ բլոգերի «յոգուրտային» ակցիայից հետո իրավացիորեն կարող էր իր պատիվը պաշտպանել ու ծեծել:
Հիշեցնենք, որ ծեծին նախորդել էր ակցիա վարչական շրջանի շենքի դիմաց, որն, ըստ տարբեր գնահատականների, ուղեկցվել է վարչական շրջանի ղեկավարի հասցեին հնչած վիրավորական ու հայհոյախառն խոսքով:
Չախոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ միացրեց նաեւ 105 մանկապարտեզի տարածքում արված իրենց տեսագրությունը, եւ ցույց տվեց, որ այդ տեսագրության մեջ չկա որեւէ վիրավորական խոսք թաղապետի հասցեին: Նա պարզաբանեց, որ իշխանական թեւը տարածում է, թե այդ տեսագրության մեջ թաղապետի հասցեին հնչած վիրավորանքներն են հիմք եղել, որ թաղապետը հաջորդ օրն իրեն զանգի, հայհոյի ու սպառնա:
Կարդացեք նաև
«Վայե՞լ է թաղապետին, որ ոչինչ չարած մարդուն զանգի հայհոյի ու սպառնա»,—իր յոգուրտային ակցիան անվայել համարողներին հակադարձեց Չախոյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ