Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր ընտրվելու օրը պնդեց, որ 3800 մարդ է Ջավախքից բերվել եւ գրանցվել Գյումրիում, որպեսզի մասնակցեն քաղաքապետի ընտրություններին․ այսօր խորհրդարանում Վարդան Ղուկասյանի այս հայտարարությունը հնչեցրեց ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանը՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարց ուղղելով՝ այդ առիթով կա՞ հարուցված քրեական գործ, քանի որ, ըստ էության, հանցագործության մասին հայտարարություն է արվել։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանում ներկայացնում էր դատախազության 2024 թվականի հաշվետվությունը։
Աննա Վարդապետյանը պատասխանեց, որ դատախազությունում հաղորդում չեն ստացել այդ փաստի առիթով եւ եթե ճիշտ է հիշում՝ այս պահի դրությամբ վարույթ չունեն։ Մամուլի հրապարակումների հիման վրա սկսված ստուգողական գործողության մասին էլ դատախազը տեղեկություն չունի։
Թագուհի Ղազարյանը նաեւ հետաքրքրվեց վերջերս՝«Հայկական համալսարանի» ուսանողների հետ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ հնչած հարցուպատասխանով։ Հարցին՝ թե ինչո՞ւ 2018-ին, երբ ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գրոհեցին Ռադիոտան շենքը, նրանք չձերբակալվեցին, Սերժ Սարգսյանը պատասխանել էր, որ այդ ժամանակ վերլուծություն եւ հաշվարկ չի եղել, որ գործընթացը կարող է ձնագնդիի էֆեկտ ստանալ, քանի որ ցուցարարները սակավաթիվ էին։
Կարդացեք նաև
Այդ ժամանակ «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Թագուհի Ղազարյանը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը առաջին անգամ ապրիլի 9-ին դադարել է լինել պաշտոնյա, ՀՀ վարչապետ է ընտրվել ապրիլի 17-ին, իսկ Ռադիոտան դեպքը եղել է ապրիլի 14-ին ու հետաքրքրվեց՝ ո՞վ էր Սերժ Սարգսյանն այդ ժամանակ, որ կարող էր որոշումներ կայացնել՝ մարդկանց ձերբակալելու մասին։
Աննա Վարդապետյանը պատասխանեց՝ ընթացիկ աշխատանքով է զբաղված եղել, Սերժ Սարգսյանի հարցազրույցը չի լսել։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ