Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծով առաջարկվում է ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը հանել։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ասաց, որ ուսումնասիրությունների եւ վերլուծությունների արդյունքում պարզ է դարձել, որ ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային վերին շեմի սահմանման նպատակահարմարությունը բացակայում է, քանի որ առաջնային նշանակություն ունեն որակական չափանիշները։ Եթե անձը իր մասնագիտական կարողություններով, ֆիզիկական պատրաստականությամբ ու առողջական վիճակով համապատասխանում է սահմանված չափանիշներին, ապա տարիքը նման պարագայում չպիտի հանդիսանա որոշիչ չափանիշը, որը կխոչընդոտի ոստիկանությունում ծառայության անցնելուն։ Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային սահմանափակումը հանել՝ հնարավորություն տալով ոստիկանությունում ծառայության անցնել նաեւ 35 տարին լրացած ՀՀ այն քաղաքացիներին, որոնք իրենց անձնական հատկանիշներով, գործնական կարողություններով, կրթությամբ, ֆիզիկական պատրաստականությամբ և առողջական վիճակով կարող են կատարել ոստիկանության գործառույթները։
«Այս թեման ես երբեք չեմ հասկացել, թե ինչո՞ւ 36 տարեկանին չի կարելի ոստիկանությունում ծառայության մտնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ Պարեկային ոստիկանության հիմնադրման ընթացքում հատկապես կանանց դեպքում հարցը սրվեց, քանի որ նաեւ հասակի խնդիր դրվեց։
«Մենք եկանք ասացինք՝ եթե այսքան հասակ ունեք, ձեզ կարող ենք Պարեկային ոստիկանությունում աշխատանքի ընդունել։ Եթե այս հասակից ցածր է, մենք չենք ընդունի։ Ու ես այստեղ շատ մեծ դիսոնանս եմ տեսնում, որը մեր ինստիտուցիոնալ պրոբլեմը բացահայտում է։ Էդ մարդը ծնվել է այդքան, եթե 1 ու 35 է մարդ բոյը կամ 1 ու 40, չի կարա էդ մարդը ոչ մի օբյեկտիվ բան անի, որ իր բոյը դառնա 1 ու 57։ Բայց մյուս կողմից, մենք տեսնում ենք զինվորական ծառայության մեջ գտնվող մարդիկ, ովքեր քաշի ստանդարտներն անգամներով գերազանցում են, բայց մենք իրեն բան չենք ասում։ Խնդրում եմ, ճիշտ հասկանանք, որովհետեւ ես ինքս էլ ավելորդ քաշով եմ տառապում, բայց զինվորական ծառայության մեջ մարդը 153 սմ է, 177 կիլո, մենք իրեն բան չենք ասում։ Բայց, որ մարդը 140 սմ բոյ ունի, գործի չենք ընդունում։ Այդ մարդն ասում է՝ ի՞նչ անեմ ես, որտե՞ղ գնամ բոյս 2 սմ-ով բարձրացնեմ։ Այսինքն՝ ինչն այդ մարդու կոնտրոլից դուրս է, ասում ենք՝ քեզ չենք ընդունում, ինչը ցույց է տալիս, թե ինչքանով է ինքը կարգապահ ու ինչքանով է իր վրա ի վիճակի աշխատել, դա ասում ենք՝ ոչինչ, նորմալ է։ Սա մեր մտածողության ձւերի դեֆորմացիաների մասին է խոսում»,- նշեց Փաշինյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ