Իտալիայի իրավապահները բավարարել են ՀՀ դատախազության իրավական օգնության պահանջը՝ մասամբ, եւ տեղեկատվություն են տրամադրել Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի վերաբերյալ քրեական գործի՝ որոշ դրվագների վերաբերյալ․ այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Տեղեկատվությունը հայկական կողմին է փոխանցվել երեկ երեկոյան։
Ըստ Աննա Վարդապետյանի, խոսքը հանցավոր խմբավորման մասին է՝ հստակ դերաբաշխումներով, այդ թվում՝ իրավական ապահովման տեսանկյունից, տարբեր տեսակի խոչընդոտներ վերացնելու տեսանկյունից, որոշակի օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնելու տեսանկյունից։
Նա նաեւ մանրամասնեց, որ վարույթն ամբողջական չի ուղարկվել դատարան՝ երկու պատճառով․ նախ, լուրջ չէ 70 դրվագանոց գործը միանգամից դատարան ուղարկելը, քանի որ դատաքննությունը չի ավարտվի։ Նաեւ՝ գործի դրվագներն են ուղարկում՝ ըստ ապացույցների ձեռքբերման հաջորդականության։
Կարդացեք նաև
«Միքայել Մինասյանի՝ դատարան ուղարկված վարույթի վերաբերյալ 2024 թվականի հաշվետվության մեջ չկա, որովհետեւ վարույթը ֆիզիկապես դատարան մուտք ենք արել 2025 թվականի փետրվարին։ Վերջին դրվագը, որը մի քանի օր առաջ մամուլով տարածվեց, վերաբերում է ընդամենը մեկ դրվագի՝ մեկ հեռուստաընկերության հետ կապված։ Բայց մինչ այդ էլի դրվագներ կան, որոնք ուղարկված են դատարան, էլի տեղ կգտնեն 2025 թվականի հաղորդման մեջ»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանում ներկայացնում էր դատախազության 2024 թվականի հաշվետվությունը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ