Լրահոս
Օրվա լրահոսը

AI քեզ բան կամ ինչպես ընկերանալ Աբոյի հետ

Մայիս 08,2025 17:30

Ինչպես ժամանակին նրանք, ովքեր փորձում էին հեռու մնալ համակարգչից, ասելով՝ ես թուղթ ու գրիչով էլ կգրեմ, տարիներ անց, միեւնույն է, ստիպված եղան տիրապետել համակարգչային գոնե նվազագույն գիտելիքների, որովհետեւ ժամանակներն այդպես էին թելադրում, այնպես էլ հիմա նրանք, ովքեր դիմադրում են արհեստական բանականության, կամ ինչպես կատակով ասում են՝ «Աբոյի» հետ ընկերանալուն, որոշ ժամանակ անց կգիտակցեն, որ պարզապես հետ են մնացել, ժամանակի եւ ռեսուրսների կորուստ են տվել, ու ստիպված կլինեն ուշացումով դառնալ Աբոյի թիմակիցը: Այս մասին էր երեկ ՌեԱրմենիա հարթակի նոր արշավի՝ «AI քեզ բան»-ի բաց դռների օրվա ուղերձը:

ReArmenia հարթակն այսօր շատերին է ծանոթ: Այն ստեղծվեց 2021-ին՝ պատերազմից հետո, նպատակ ունենալով դառնալ մի համացանցային միջավայր, որտեղ գաղափարներ կփոխանակվեն, տարբեր կարեւոր ծրագրերի համար դրամահայթայթում կիրականացվի, համայնքային մշակույթ կձեւավորվի: Չորս տարիների ընթացքում ՌեԱրմենիան 180 ծրագիր է կյանքի կոչել, որի համար հավաքվել է 4,5 մլն դոլար գումար, եւ միավորել է 18 հազար մարդու: Իսկ անցած տարի բացվեց ՌեԱրմենիա ակադեմիան, որն ուսուցողական կուրսեր է անցկացնում:

Արդեն իրականություն է դարձել արհեստական բանականության ուսուցման «AI քեզ բան» անունը կրող դասընթացի առաջին փուլը, որի 88 մասնակիցներն արհեստական բանականությունից ոչ միայն չեն վախենում, այլ վարպետորեն օգտագործում են: Իսկ մայիսի 12-ին կմեկնարկի դասընթացի երկրորդ փուլը:

Գեւորգ Պողոսյանը, ՌեԱրմենիայի հիմնադիրներից մեկը, երեկ, խոսելով «AI քեզ բանի» մասին, ասաց, որ արհեստական բանականության մուտքը մեր իրականություն հեղեղի նման եղավ, եւ հիմա ամենքս ընտրության առաջ ենք կանգնած՝ կամ փորձել խուսանավել այդ «ձիերի երամակի վայրի արշավից եւ ի վերջո ոտատակ ընկնել կամ փորձել հեծնել այդ երամակի ձիերից մեկին եւ առաջ ընթանալ՝ երամակին համընթաց»:

Նրանք, ովքեր արդեն սկսել են արհեստական բանականության տված հնարավորություններից օգտվել, շահում են՝ ճիշտ հրահանգների միջոցով գործի են դնում արհեստական բանականությանը եւ արագացնում են իրենց գործը:

«Պետք չէ վախենալ, որ մարդկանց գործը կանի ռոբոտը: Հակառակը՝ ռոբոտն անում է հենց ռոբոտի գործը, իսկ խնայած ժամանակը մնում է մարդկային գործերի համար: Ամենակարեւոր բաներն էլի մարդն է անում՝ հրահանգներ է տալիս եւ որոշումներ ընդունում: Իսկ հրահանգ կատարողը եւ տարբերակներ առաջարկողը Աբոն է»,-պատկերավոր ներկայացրեց Գեւորգ Պողոսյանը:

Նրա ներկայացմամբ՝ արհեստական բանականության դասընթացը կունենա երկու մակարդակ՝ սկսնակների եւ քիչ թե շատ գիտակների:

Աբոյի հետ արդեն մտերմություն անող ութ ուսուցիչները այդ երկու խմբերի համար կբացեն արհեստական բանականության բազմաթիվ գործիքների աշխարհը: Այս պահի դրությամբ 35 հազար գործիք՝ տարբեր ոլորտների, տարբեր ասպարեզների համար, անում են 18 հազար տեսակի աշխատանք: Կան թարգմանող, նկարներ գեներացնող, տեսանյութեր մոնտաժող, գրաֆիկներ կազմող եւ հազար ու մի այլ գործիքներ, եւ դրանցից յուրաքանչյուրը կարող է դառնալ դեպի նպատակի իրականացում տանող ճանապարհը կառուցող թիմի անդամ:

Ինչպես տեղեկացրեց AI քեզ բան կուրսերն անցկացնող AI քեզ թիմի անդամ Անահիտ Վարդանյանը՝ երկշաբաթյա կուրսերի ընթացքում, որոնք լինելու են օնլայն, շաբաթը երկու օր՝ երկու ժամով, սկսնակները՝ start կրթակարգն անցնողները, կսովորեն դառնալ AI-գրագետ, ճիշտ հրահանգներով լավագույն արդյունքներ ստանալ, AI էկոհամակարգին տեղեկանալ, տեքստերից անցնել ավտոմատացման, գաղափարներից՝ պատկերներ ստանալ, գեներացնել պրեզենտացիաներ: Իսկ քիչ թե շատ AI գրագետների խումբը՝ Level-up կրթակարգով սովորողները, կխորացնի գիտելիքները ԱԲ –ից, եւ կսովորի բարդ ու բազմաշերտ նախագծերի պլանավորումից սկսած մինչեւ առանց ծրագրավորման կայքէջի ստեղծում:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031