Արցախի ու Շուշիի վերազատագրման համար գլխավոր անելիքը Հայաստանի ուժեղացումն է: Այս մասին այսօր մայիսյան Եռատոնի առիթով Եռաբլուրում լրագրողներին ասաց Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը
«Մենք պետք է ունենանք ամուր, զարգացած Հայաստանի հանրապետություն, որի ժողովուրդը ունենա ազգային գաղափարախոսություն, ազգային էլիտա ու դրա հիման վրա նաեւ արդյունավետ կառավարում: Դրա հիման վրա վստահ եմ, որ ժամանակի ընթացքում կարող ենք վերադառնալ Արցախ»,- ասաց Բեգլարյանը:
Անդրադառնալով Փաշինյանի շնորհավորական ուղերձին, որում որեւէ անդրադարձ չկար Շուշիի ազատագրմանը՝Բեգլարյանն ասաց. «Արդեն չեմ զարմանում: Խիստ բարկացնող է, բայց զարմանալու ոչինչ չկա: Դրա վերաբերյալ ինքը բազմիցս անոնսներ է կատարել»:
Բեգլարյանի խոսքով, Արցախ վերադարձի հույսը փայփայելը շատ տեղին է, բայց միայն չպետք է փայփայել, այլ պետք է գործել. «Ինչ մենք առայսօր անում ենք՝ մեր վերադարձի թեման օրակարգում պահելն է, վերադարձի հույսը մեր ժողովրդի սրտում պահելն է, քանի որ առանց հույսի որեւէ արդյունք չենք ունենալու: Իսկ վերադարձը պատկերացնում ենք առանց ադրբեջանական ցեղասպան վերահսկողության»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ