«Գոյ թատրոնի» կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանի ֆեյսբուքյան գրառումը
Արվեստի դեմ վարչական ճնշման հերթական գործողությունը. պատանի հանդիսատեսի թատրոնը առանց տնօրենի
Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանի պաշտոնանկությունը, ինչպես և նախորդ մի շարք դեպքերում՝ այդ թվում «Գոյ» թատրոնի շուրջ ընթացող զարգացումներում, ես ստիպված եմ մեկ անգամ ևս բարձրաձայնել այն վտանգը, որ կախված է մշակութային ինստիտուտների վրա՝ վարչական կամայականության տեսքով։
Այս վերջին զարգացումը ես չեմ կարող դիտարկել մեկուսացված։ Սա այն շղթայի հերթական օղակն է, որտեղ արվեստը ենթարկվում է ճնշման՝ տնտեսական և կառավարչական մեթոդներով, իսկ մշակութային համայնքի ձայնը նորից լուռ է։
Կարդացեք նաև
Հիմնավորումը՝ «չափից շատ հրավիրատոմսերի տրամադրում», բոլորովին անհամարժեք է ստեղծված իրավիճակին։ Պաշտոնական տվյալներով՝ հրավիրատոմսերը կազմել են պետության կողմից թույլատրված թվի ընդամենը 9.6%-ը։ Այսինքն՝ խոսքը ոչ թե չարաշահման, այլ հասարակության տարբեր խմբերին՝ զինծառայողներին, երեխաներին, ուսանողներին, թոշակառուներին մշակույթին մոտեցնելու գիտակցված քաղաքականության մասին է։ Սա հենց այն բանն է, ինչին պետք է խրախուսեն մշակույթի ոլորտը ղեկավարող մարմինները։
Բայց դրա փոխարեն մենք տեսնում ենք հետևյալ պատկերը՝
-Թատրոնը ամիսներով չի ստանում խոստացված պետական ֆինանսավորումը,
-Տնօրենը փորձում է լուծել աշխատավարձերի հարցը սեփական միջոցներով,
-Նրան ազատում են աշխատանքից՝ ձևական և շինծու պատճառաբանությամբ։
Այս պատկերն արդեն չափազանց ծանոթ է։
Այն հիշեցնում է «Գոյ» թատրոնի գործը, որտեղ տարիների հետևողական աշխատանքից հետո փորձ է արվում թատրոնը դարձնել «չեզոք» կառույց՝ զրկելով ինքնությունից, իսկ դերասաններին՝ ազատ ստեղծագործելու հնարավորությունից։ Երկու դեպքում էլ՝ իշխանությունն արձագանքում է ոչ թե ստեղծագործական արդյունքին, այլ կառավարման մեխանիզմներին։
Երբ վերահսկող մարմինը սկսում է օգտագործել ֆինանսները որպես լծակ՝ ուղղորդելու համար թատրոնների ներսում տիրող մթնոլորտը, մենք գործ ունենք ոչ թե աջակցության, այլ վերահսկման քաղաքականության հետ։ Իսկ երբ տնօրենը պատժվում է նրա համար, որ ընտրել է հասանելիություն ապահովելու ուղին՝ մշակույթը դարձնելով հասանելի բոլոր խմբերին, դա արդեն խախտում է արվեստի էությունը։
Այս ամենը ես չեմ դիտում որպես մեկ մարդու աշխատանքային վեճ։ Սա հարված է մի ամբողջ կառույցի՝ արվեստի, թատրոնի, ազատ ստեղծագործության ինստիտուցիոնալ ապագային։
Եվ ես՝ որպես արվեստագետ, ստիպված եմ արձանագրել, որ եթե մենք լռենք այս դեպքում, վաղն արվեստը կորցնելու է իր տեղը հասարակական կյանքում։ Որովհետև արվեստը իշխանության գործիքը չէ։ Այն հասարակության հոգու հնչողությունն է։ Եվ այդ հնչողությունը պետք է պաշտպանել։