Լրահոս
Օրվա լրահոսը

Քննվում է լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանավորման հարցը․ Զարուհի Փոստանջյանին չեն թույլատրում ներս մտնել

Մայիս 09,2025 16:32

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այս պահին քննվում է գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանավորման վերաբերյալ քննիչի միջնորդությունը։

Դատարանի դռները փակել են․ նրա շահերը ներկայացնող Զարուհի Փոստանջյանին չեն թույլատրում ներս մտնել, ավելին` նրան չեն ներգրավում՝ որպես պաշտպան։ Նա դիմում է գրել, բայց ո՛չ ընդունումը կա, ո՛չ էլ մերժումը։ Զարուհի Փոստանջյանն ասում է՝ փաստացի իրեն մերժում են, քանի որ չեն թույլատրում մուտք գործել դատարան, անգամ չգիտի՝ ով է դատավորը։

Դատարանի դիմաց ժամեր շարունակ կանգնած սպասում է նաև նրա տարեց մայրը։

Թե ինչ քրեական վարույթի շրջանակում են Լիլիթ Աղեկյանին փորձում կալանավորել, Զարուհի Փոստանջյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն հստակ հայտնի չէ, բայց բանավոր տեղեկություն են փոխանցել, որ իբրև նա մեղադրվում է խուլիգանության և դատարանին վիրավորելու մեջ։

«Դա տեղի է ունեցել շուրջ մեկ ամիս առաջ, ես այդ ժամանակ ներկա եմ եղել, ենթադրում եմ՝ դատական նիստի ժամանակ, երբ մենք բացարկ ենք հայտնել, այդ նիստի մասին է խոսքը։

Ես այդ ժամանակ եղել եմ Լիլիթ Աղեկյանի ներկայացուցիչը, որը իրեն ցուցաբերել է իրավաբանական օգնություն։ Այսինքն՝ ես ունեցել եմ կարգավիճակ և չեմ կարող լինել որպես վկա, ես շարունակում եմ այդ կարգավիճակում մնալ, իսկ իրենք մերժում են ինձ որպես փաստաբան ներգրավել՝ այն պատճառաբանությամբ, թե ես վկա եմ եղել։

Հիմա ինչ իրենք ինձ ասում են՝ մերժելով, այդտեղից ես գիտեմ, որ խոսքն այդ օրվա վերաբերյալ է, բայց փաստաթղթային տեսքով ես տեղեկություններ չունեմ, որովհետև ինձ ոչինչ չեն տրամադրել»,-ասաց Զարուհի Փոստանջյանը։

Նա պատմեց, որ ձերբակալված Լիլիթ Աղեկյանին ուշ ժամի շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, Զարուհի Փոստանջյանը փորձել է ճշտել պատճառը, երկու բժշկի հետ է խոսել՝ նյարդաբանի և սրտաբանի հետ։

«Հարց տվեցի՝ բա մարմնի մնացած մասերը զննե՞լ եք, վնասվածքներ եղե՞լ են, ի՞նչ է եղել, ասացին՝ ոչ, քանի որ մենք գանգատներ չենք նկատել, մենք քննություն չենք արել, բայց մեզ ասին, որ տանում ենք ՄՌՏ-ի՝ նկարելու՝ գլուխը և այլն, բայց էլ չեն տարել։ Այսինքն՝ եղել է ցուցում, որ պիտի տանեն ու չեն տարել, դրանից հետո բերել են դատարան, չորս ժամ այստեղ պահել են, հետո էլի տարել են մեկուսարան», -պատմեց Զարուհի Փոստանջյանը։

Նա վստահ է, որ բռնություն են գործադրել նրա նկատմամբ, դա Հայաստանում դարձել է օրինաչափություն։

Զարուհի Փոստանջյանը պատմեց, որ երեկ ուշ ժամի ներխուժել են նրանց տուն, առանց որևէ փաստաթուղթ տրամադրելու, 77-ամյա մոր աչքի առաջ ձեռքերը ոլորել ու տարել են։

Զարուհի Փոստանջյանը վստահ է, որ այս ձևով փորձում են լռեցնել Լիլիթ Աղեկյանին։

Ըստ նրա, մոտ 10 հոգի՝ Շիրակի մարզի իրավապահ մարմինների վերնախավը՝ Շիրակի դատախազը, նրա օգնականը, ոստիկանության Կումայրի բաժնի ներկայացուցիչներ, Շիրակի մարզի քննչականի պետը Լիլիթ Աղեկյանից իբր տուժել են։

«Պատկերացնում եք՝ Լիլիթ Աղեկյանն ինչքան հզոր է, որ կարող է այնպես անել, որ բոլորը իրենց գործունեությունով տուժեն Լիլիթ Աղեկյանի խոսքից կամ հայտարարություններից, դա է ամբողջ մեղադրանքը։ Այստեղ էլ, ենթադրում եմ, տուժել է Աղաքարյան դատավորը։ Ենթադրում եմ, ինքն է նաև դիմել և նաև Արմինե Սուքիասյան կա, նախկին պետական պաշտոնյա, որը մեղադրվել է, չի արդարացվել, ուղղակի վաղեմության ժամկետի կիրառման հիմքով կարճվել է։

Ենթադրում եմ, որ մի բողոք բերողն էլ այդ տնօրենն է, մեղադրվել է պաշտոնեական կեղծիքի մեջ, և խոշոր չափերի յուրացման մեջ»,-ասաց Զարուհի Փոստանջյանը։
Մանրամասները՝ տեսանյութում՝

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031