Բարիում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է, որ հոկտեմբերից Պուլիան ավելի կմոտենա Հայաստանին՝ Բարի–Երեւան ավիաչվերթի շնորհիվ:
Պուլիայի օդանավակայանի նախագահ Անտոնիո Մարիա Վազիլեն էլ նշել է, որ չվերթը կարեւոր քայլ է Բարիի օդանավակայանի կապերի ընդլայնման եւ ռազմավարության առումով, նաեւ անդրադարձել է Բարիի հայկական համայնքին, Իտալիայի եւ Հայաստանի միջեւ զբոսաշրջային եւ մշակութային կապերի խորացմանը:
Նա նշել է, որ սա պարզապես չվերթ չէ, այլ հայ-իտալական կամուրջ է, որը նոր հեռանկարներ է բացում՝ զբոսաշրջության, մշակութային փոխանակման եւ տնտեսական հարաբերությունների առումով։ Չվերթի բացումը կարեւորել են Պուլիայի մարզի նախագահ Միկելե Էմիլիանոն, Բարիի քաղաքապետ Վիտո Լեչեզեն, Իտալիայում Հայաստանի դեսպան:
Իսկ Պուլիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Դարիո Ռուպեն Թիմուրյանը նշել է. «Որպես հայկական համայնքի ներկայացուցիչ՝ հպարտ եմ, որ մասնակցություն եմ ունեցել այս կարեւոր կապի ստեղծմանը Հայաստանի համար, հատկապես այս վճռական պահին։ Որպես պուլիացի՝ նույնքան հպարտ եմ մեր մարզի եւ «Aeroporti di Puglia»-ի կատարած աշխատանքի համար։ Նրանց նախագահները, բացի նրանից, որ մեր համայնքի լավ բարեկամներն են, այլև միշտ պատրաստ հանդիպելու, լսելու մեզ եւ գործելու՝ ստեղծելով նոր հնարավորություններ թե՛ Պուլիայի, թե՛ Հայաստանի համար»։
Կարդացեք նաև
Aravot.am-ի հետ զրույցում հայագետ, իտալական Բարի քաղաքի «Արմենի Ապուլիա» ասոցիացիայի քարտուղար, «Հրանդ Նազարյանց» մշակութային կենտրոնի համահիմնադիր ու ղեկավար, պրոֆեսոր Կարլո Կոպպոլան դեռ անցյալ տարվանից էր խոսում այդ չվերթի մասին: Նա փաստել էր, որ հիմնականում միջին վիճակագրական հայաստանցին չգիտի, թե Հռոմից ներքեւ ինչ կա, եւ որտեղ են Պուլիան ու Բարին, քանի որ հիմնականում Հայաստանից մեկնում են Միլան, Վենետիկ, Ֆլորենցիա, Հռոմ եւ Նեապոլ, ապա՝ Սիցիլիա, իսկ Պուլիայի հատվածը բացակայում է: Եվ սա այն դեպքում, երբ նրա խոսքով՝ Պուլիան, Հարավային Իտալիան շատ հետաքրքիր են ու գրավիչ, նաեւ պատմականորեն բավականին առնչություններ ունեն Հայաստանի հետ:
Ի դեպ, ազգությամբ հայ առաջին վերաբնակները Բարի են ժամանել 1924 թ. Կարմիր Խաչի փախստականների ճամբարից, Օսմանյան Թուրքիայից 1913թ գաղթած բանաստեղծ Հրանտ Նազարյանցի ջանքերով։ Պուլիայում հայկական ներկայության հարցերով ուսումնասիրություններ են կատարում Կարլո Կոպպոլան եւ Սիրանուշ Քուարանտան:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ