Լրահոս
Օրվա լրահոսը

Երախտագիտության մեդալ՝ հայկական սրտով իտալացուն

Հունվար 10,2024 17:31

Իտալական Բարի քաղաքի «Արմենի Ապուլիա» ասոցիացիայի քարտուղար, «Հրանդ Նազարյանց» մշակութային կենտրոնի համահիմնադիր ու ղեկավար , պրոֆեսոր Կարլո Կոպպոլան Իտալիայում հայտնի է իր հայանպաստ գործունեությամբ: Նա երկար տարիներ զբաղվում է հայկական Սփյուռքի, հայ-իտալական պատմական կապերի ուսումնասիրության հարցերով, լուրջ աշխատությունների հեղինակ է: Դրանցից մեկը Gli Armeni in Sicilia՝ «Հայերը Սիցիլիայում» վերնագրով գիրքն է` հայերեն եւ իտալերեն:

Անցյալ տարի պրոֆեսոր Կոպպոլան եւ դոկտոր Սիրանուշ Քուարանտան Հայաստանում Իտալիայի դեսպանատանը հանդես էին եկել բանաստեղծ Հրանդ Նազարյանցի եւ Բարիի հայ համայնքի մասին դասախոսությամբ ու ֆիլմ էին ներկայացրել:

Օրերս, երբ Իտալիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանն այցելել էր Բարի եւ հանդիպել փոխքաղաքապետ Էուջենիո Դի Շիաշոյի հետ, հանդիպման ժամանակ Կարլո Կոպպոլային էր հանձնել նրան՝ ՀՀ Նախագահի շնորհած Երախտագիտության մեդալը։ Ի թիվս այլոց, հանդիպմանը, բացի Կարլո Կոպպոլայից՝ ներկա են եղել դոկտորներ Դարիո Ռուբեն Թիմուրյանը եւ Սիրանուշ Քուարանտան:

Aravot.am-ի հետ զրույցում Կարլո Կոպպոլան նշեց, որ հպարտ է ընդունել Երախտագիտության մեդալը, եւ անչափ կարեւորում է հայ-իտալական հարաբերությունների խորացումը: Ի դեպ, նա երկքաղաքացի է՝ 2019-ից նաեւ Հայաստանի քաղաքացիություն ունի:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Պուլիայում հայկական ներկայությանը եւ հայերի կողմից հիմնադրված Նոր Արաքս բնակավայրին:

Պուլիա այցի ընթացքում դեսպանն այցելել է նաեւ Սան Պիետրո Վերնոտիկո, Սան Վիտո դեյ Նորմանի համայնքներ, հանդիպել տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ, որոնք իրենց ավանդն են ունեցել այդ համայնքների կողմից Արցախի ճանաչման հարցում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Կարլո Կոպպոլան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031