Սյունիքի մարզի Տեղ համայնքում մայիսի 9-ին եռուզեռ էր։ Հարգանքի տուրք ու խոնարհում բոլոր պատերազմներում հաղթանակներ կերտած ու անմահացած հայորդիների հիշատակին, ինչպես նաեւ հույս դեպի հաղթական ապագան՝ սա էր օրվա խորհուրդը։
Համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցն անձամբ է դիմավորում հյուրերին․ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին, Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Խաչատրյանին ու Նարեկ Ղահրամանյանին, Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանին, բարձրաստիճան զինվորականներին, ուժային ու իրավապահ կառույցների ներկայացուցիչներին։ 2-րդ համաշխարհային պատերազմի հուշահամալիրում բարձրացվեց Տեղ համայնքի խորհրդանշական դրոշը։
Եռագույնի երկարությունը 24 մետր է, որն խորհրդանշում է 44-օրյա պատերազմում համայնքից զոհված քաջորդիներին, մակերեսը 32 քառակուսի մետր է, որը խորհրդանշում է 1992թ-ին Թուրուսի խութի ազատագրման մարտում աչքի ընկած 32 մարտիկներին, իսկ վերեւից ու ներքեւից դրոշը կլուսավորեն 4 լուսարձակներ, որոնք խորհրդանշում են 2023թ․ ապրիլի 11-ին Տեղի սահմանին նահատակված 4 հատուկ ջոկատայիններին։
Կարդացեք նաև
Դրոշը բարձրացնելու պատիվը տրվեց 44-օրյա պատերազմի մասնակից Հարություն Դավթյանին ու Արցախյան առաջին պատերազմի մասնակից Մարտիկ Իսունցին։
«Ուզում եմ այն ոգին ներշնչեմ համայնքի մեջ, որ լինենք միասնական, ամուր ու պինդ։ Տեղը հանրապետությունում միակ համայնքն է, որի 7 բնակավայրերը սահմանամերձի կարգավիճակ ունեն»,-նշեց համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։
Համերգային ծրագրից բացի․ մատուցվեց նաեւ մատաղ՝ մեկ պատգամով՝ մեր հաղթանակներն ու դրանց կերտողները չեն մոռացվում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ