Հայաստանում գործող 10 քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների եւ կալանավորված անձանց բժշկական սպասարկումն իրականացնում է առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը:
2018թ․-ից հիմնադրված ՊՈԱԿ-ն արդարադատության նախարարության ենթակայությամբ էր, իսկ կառավարության 2023թ․ ապրիլի 27-ի որոշմամբ քրեակատարողական բժշկության կենտրոնը անցավ առողջապահության նախարարությանը։ Պատիժ կրող անձանց պատմելով՝ փոփոխությունից հետո քրեակատարողական հիմնարկի պետը ոչ մի իրավասություն չունի բուժաշխատողների նկատմամբ։ «Նախկինում առողջական խնդիրներ ունենալու դեպքում եթե բժիշկը ուշանում էր կամ ընդհանրապես չէր գալիս, բանտի պետը սաստում էր բժշկին՝ վազելով գալիս էր։ Հիմա ասում են՝ մենք կապ չունենք, իրենք այլ հիմնարկ են, մենք՝ այլ»,-մեզ հետ զրույցում ասաց դատապարտյալներից մեկը։
Անազատության մեջ գտնվող անձանց մի խմբի դիտարկմամբ՝ տարբերությունը ակնառու է․ պատշաճ բուժսպասարկում իրականացվում է։ «Նախկինում փորացավի դեմ անալգին էին տալիս, գլխացավի դեմ էլ՝ անալգին, նեւրոզի դեպքում էլ՝ անալգին։ Հիմա բոլոր դեղամիջոցները կան, անհրաժեշտության դեպքում տրամադրվում է»,-նշեց «Արմավիր» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալներից մեկը։ Հայաստանի 10 քրեակատարողական հիմնարկներում բուժծառայությունը իրականացվում է 24 ժամ ու 7 օր ռեժիմով: «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկական օգնության կազմակերպման ու սպասարկման բաժնի պետ Նաիրա Բաբայանի գնահատմամբ՝ քրեակատարողական հիմնարկներում տրամադրվող բուժօգնության ծավալներն ու որակը, նախկին տարիների հետ համեմատած, բավականին աճ է ապրել։
«24 ժամ այնտեղ ներկա են միջին բուժաշխատողները, իսկ ավագ բուժաշխատողները, բացի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի ստորաբաժանումից, որը ստացիոնար է՝ հերթապահությունների ժամանակ հերթափոխում ունենում ենք բժիշկներ, մնացած ՔԿՀ-ներում ավագ բուժաշխատողներն աշխատում են ժամը 9-ից մինչեւ 6-ը»,-նշեց տիկին Բաբայանը։
Կարդացեք նաև
Բժիշկն է ընտրում՝ ի՞նչ առաջնահերթությամբ զննի բանտարկյալներին
Մեր հարցմանը ի պատասխան քրեակատարողական բժշկության կենտրոնից տեղեկացրին, որ գործող կարգի համաձայն՝ ազատությունից զրկված անձը քրեակատարողական հիմնարկ ընդունվելուց հետո անմիջապես ենթարկվում է արտաքին մարմնական զննության՝ վնասվածքների, ենթադրյալ խոշտանգման դեպքերի առկայությունը հայտնաբերելու նպատակով։
Դրանց առկայության դեպքում բուժաշխատողը լրացնում է «Խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձեւերի հետ կապված բժշկական զննության արձանագրության» ձեւաթուղթը, որը 24 ժամվա ընթացքում տրամադրվում է համապատասխան իրավասու մարմիններին։ Մուտքի ժամանակ ազատազրկված անձը ենթարկվում է հոգեկան առողջության զննության սկրինինգի, արագ թեստավորման՝ հեպատիտ Ց-ի, ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի նկատմամբ։
ՔԿՀ մուտք գործելուց հետո 24-72 ժամվա ընթացքում ազատությունից զրկված անձը ենթարկվում է օբյեկտիվ զննության ստորաբաժանման բժշկի կողմից։ Զննության արդյունքում բժշկական ցուցման առկայության դեպքում անձը ենթարկվում է անհրաժեշտ լաբորատոր-գործիքային հետազոտությունների՝ ցուցման կարգին համապատասխան /պլանային կամ շտապ/։
Ըստ հետազոտությունների արդյունքների՝ անձին տրամադրվում է անհրաժեշտ բժշկական օգնություն եւ դեղորայքային բուժում։ Համաձայն ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշմամբ՝ ազատությունից զրկված անձը ռենտգեն հետազոտության ենթարկվում է բժշկի ցուցմամբ՝ անհրաժեշտության հիմքով։
Պատիժ կրող անձինք առողջական խնդիրներ ունենալու դեպքում լրացնում են «Բժշկական զննության գրանցման թերթիկ»-ը, որտեղ համառոտ նկարագրում են գանգատները։ Ամեն օր փակ ծրարով բուժաշխատողները ստանում են գանգատներն, ու բժիշկը դրանց ծանոթանալով, հետազոտելով նրանց՝ նշանակում է անհրաժեշտ բուժում։ Իսկ երբ մի քանի անձ է դիմել բուժօգնություն ստանալու համար, ապա բժիշկն է գնահատում՝ դիմողներից ո՞ւմ խնդիրն է ավելի հրատապ։ Բնականաբար, անհետաձգելի ահազանգերի դեպքում՝ բուժօգնությունը տրամադրվում է անմիջապես։
«Դեղ շպրտում՝ գնում են», «ճնշման դեղեր չկային»․ ինչի՞ց են բողոքում անազատության մեջ գտնվողները
«Գորիս» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ռազմիկ Օհանյանը ձեռքի մեջ բեկորներ ունի։ Պատերազմից հետո է հայտնվել անազատության մեջ։ Երբեմն ուժեղ ցավեր է ունենում ու երբեմն իր խնդրած ցավազրկող դեղը չեն տալիս։ «Ասում են՝ սա է, ուզում ես՝ ստացիր, չես ուզում այդպես մնա։ Ասում եմ՝ եղբայր, այլ ցավազրկող տվեք, դա ինձ չի օգնում, պատասխանում են՝ որ այլ դեղ չկա»,-ասում է Ռազմիկը։ Վերջինս նաեւ բողոքեց բուժակներից մեկի աշխատանքից։ «Բերում՝ դեղը համարյա շպրտում է ու գնում։ Գոնե մարդկային ու բարեհամբույր լինեն»,-դժգոհեց դատապարտյալը։ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Գորիս» ստորաբաժանման ցերեկային բուժքույր Գոհար Հովսեփյանը չի կիսում Ռազմիկի տեսակետը։ Ասում է՝ չգիտեմ գուցե՞ մի անգամ պատահաբար նման իրավիճակ է ստեղծվել։ «Մեր համար նրանք մարդ են, բուժառու։ Նրանց մենք չենք դիտարկում որպես բանտարկյալ»,-նշում է նա։ Գոհար Հովսեփյանը 16 տարի ՔԿՀ-ի բուժմասում է աշխատում․ օրական 15-17 պատիժ կրող անձ է դիմում իրենց, հիմնականում զարկերակային ճնշման գանգատներով։ «Դեղամիջոցներ միշտ առկա են, չի եղել մեկ օր, մեկ ժամ՝ որ չունենանք անհրաժեշտ դեղը»,-ասաց մեր զրուցակիցը։
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալներից մեկը պատմեց, որ 20 օր մնացել է առանց զարկերակային ճնշումը կարգավորող դեղի։ «Ստիպված հաշմանդամություն ունեցող մայրս առավ դեղս ու բերեց»,-ասաց նա։
Քրեակատարողական բժշկության կենտրոնի պատասխանատուները դատապարտյալի բողոքը «աբսուրդ» են համարում։
«Դեղերը տրամադրում են հատուկ նշանակման թերթիկով ու դեղը ստանալիս՝ ազատազրկված անձը ստորագրում է դրա դիմաց։ Կառավարության որոշմամբ՝ խրոնիկ հիվանդներին դեղերը կարող ենք տալ 5-7 օրվա կտրվածքով։ Ու նրանք պիտի ստորագրեն ամեն հատիկի դիմաց»,-պարզաբանում է կենտրոնի բժշկական օգնության կազմակերպման ու սպասարկման բաժնի պետ Նաիրա Բաբայանը։ Վերջինս նաեւ նշում է, որ երբեմն նույն դեղամիջոցի այլ անվանումովն են տալիս։ «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն, դեղամիջոցները ձեռք բերելու համար մրցույթը հայտարարում են դեղի ազդող նյութով։ «Ասում են՝ բժիշկը որ անունով նշանակել է, կոնկրետ այդ դեղը տվեք։ Մենք եթե դա չենք ունենում, բացատրում ենք, որ ազդող բաղադրությունը նույնն է, որեւէ տարբերություն չկա։ Եթե չեն համաձայնվում, ստորագրում են՝ որ իրենց կամքով են հրաժարվել դեղը ստանալ»,-ասաց տիկին Բաբայանը։ Այս պարագայում, բժշկի կողմից նշանակած դեղերը կարող են բերել պատիժ կրող անձանց հարազատները։
Լուսանկարներն ու անունները հրապարկվում են պատիժ կրող անձանց համաձայնությամբ
Գլխավոր լուսանկարում ՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ստորաբաժանում
Արմեն ԴԱՎԹՅԱՆ