Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին

Մայիս 11,2025 12:57

Հայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին` «Միկրոճարտարապետություն արհեստական ինտելեկտի միջոցով. ստեղծելով նոր հիշողություններ հնագույն հուշարձաններով» նախագծով:

Հայաստանի տաղավարի պաշտոնական բացումը կայացել է մայիսի 9-ին. այն տեղակայված է Tesa 41, Arsenale di Venezia, Fondamenta Case Nuove 2738/C հասցեում։

Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, Վենետիկի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի հայագիտության ֆակուլտետի դասախոսներ, հրավիրյալ անձինք, եվրոպական և միջազգային ճարտարապետական համայնքի ներկայացուցիչներ և ուսանողներ։

Տաղավարի բացումը պետություն-մասնավոր հաջողված համագործակցության հերթական օրինակ է: Այն բացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսակական աջակցությամբ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հանդես է եկել ելույթի խոսքով և առանձնակի ընդգծել. «Վենետիկի բիենալեում Հայաստանի պաշտոնական մասնակցությունը նպատակ ունի և լավագույն հնարավորությունն է աշխարհին ցույց տալու, որ մենք եվրոպական քաղաքակրթության մի մասն ենք, և մեր ստեղծարար արվեստագիտական միտքը քայլում է համընթաց մշակութային ժառանգությունը պահպանելու, նորարար տեխնոլոգիաներ կիրառելու, արհեստական բանականության հնարավորությունները այդ ոլորտում կիրառելու եվրոպական սկզբունքներին։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է և նպաստում աշխարհի առաջատար մասնագիտական հարթակներում Հայաստանի ստեղծարար մտքի հանրահռչակմանը, միաժամանակ առաջարկում իր լուծումները մշակութային ժառանգության պահպանության, խեղաթյուրումները կանխելու վերաբերյալ»։

Հայաստանի տաղավարի հանձնակատարը ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանն է, իսկ համադրողը՝ Մարիաննա Կարապետյանը։

«Միկրոճարտարապետություն արհեստական ինտելեկտի միջոցով. ստեղծելով նոր հիշողություններ հնագույն հուշարձաններով» նախագիծը թիմային աշխատանք է և ներառում է ճարտարապետների, հետազոտողների և տեխնոլոգների թիմ Electric Architects, TUMO Creative Technologies կենտրոնից, CALFA և MoNumEd կազմակերպություններից: Նախագծում ընդգրկված արվեստագետներից են Սիփանա Չակերյանը և Չահան Վիդալ-Գորենը (CALFA / MoNumEd), Հուլե Քեչիչյանը, Պեգոր Փափազյանը և Մարի Լու Փափազյանը (ԹՈՒՄՈ), Արի Մելենսիանո և Բալենսիանո Վարելչանոն, և. Electric Architects-ի թիմը:

Տաղավարի հիմքում արհեստական ինտելեկտի գեներացնող մոդելն է: Նախագիծն ուսումնասիրում է մշակութային հիշողության սխալականությունը և փորձում է բացահայտել, թե ինչպես կարող են զարգացող տեխնոլոգիաները ընդլայնել ճարտարապետական հիշողության ըմբռնումը՝ ստեղծելով մշակութային արտահայտման նոր, կենդանի ձևեր:

Արհեստական բանականության կողմից ձևավորված ճարտարապետական ապագայի և հավաքական հիշողության հարցերի շուրջ մտորումների խրախուսումը նախագծի գլխավոր նպատակն է։ Նախագիծը նաև ընդգծում է մշակութային ժառանգության պահպանության ավանդական պատկերացումների վերանայման և մշակութային ժառանգության էությունը նորովի ուսումնասիրելու հնարավորությունը։

Բիենալեն գործելու է մինչև նոյեմբերի 23-ը։ Այդ ընթացքում կկազմակերպվեն նաև մասնագիտական և կրթական հանդիպումներ, որոնց կմասնակցեն Վենետիկի համալսարանի, ճարտարապետական քոլեջների և մասնագիտական այլ հաստատությունների ուսանողները:

ՀՀ ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031