«Շատ քիչ պատգամավորներից ենք պատասխան ստացել։ Գրավոր նամակներով արձագանքել են ՔՊ-ից Թագուհի Ղազարյանը, Վահագն Ալեքսանյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը»,- լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի նախաձեռնությանը պատգամավորներին արձագանքին։
Նա նշեց՝ այսօրվա և առաջիկա հանդիպումների մասին տեղեկացել է ԱԺ կայքից, որտեղ տեղեկություն է հրապարակված, որ ՀՀ ԱԺ փոխնախագահներ Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը, ինչպես նաև հանձնաժողովները ընդունելություն են կազմակերպում քաղաքացիների համար։ Որպես քաղաքացի՝ գրանցվել է և եկել նրանց հետ հանդիպման։
Այն, որ որոշ ՔՊ-ական պատգամավորներ պատռել են իմպիչմենտի նամակը՝ Էդգար Էդգար Ղազարյանն այսպես մեկնաբանեց․ «Իմպիչմենտի նամակը պատռելով՝ չեն կարող խուսափել իրենց բաժին պատասխանատվությունից՝ նախ որպես հանրային ծառայող պատասխանելու քաղաքացիներից ստացած նամակներին և երկրորդ՝ ըստ էության հարցը քննարկել»։
Կարդացեք նաև
Էդգար Ղազարյանը հանդիպեց Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ։ Հանդիպման ընթացքում նրանց ներկայացրեց Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հիմքերը։
Ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց՝ հանձնաժողովի անունից ընդունելությունը վարում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը․ «Ցավոք, միայն ինքն էր պատգամավորներից, այլ պատգամավորներ չկային՝ չնայած ընդունելությունը ոչ թե պատգամավորների հետ էր հայտարարված, այլ հանձնաժողովի։ Ենթադրում էի, որ հանձնաժողովի բոլոր անդամները ներկա կլինեին։ Ունեի հարցեր՝ օրինակ` նախագահ Վահե Ղալումյանին։ Խնդրեցի, որ պարոն Ղազարյանը փոխանցի նրան։ Օրինակ՝ պարոն Ղալումյանը եղել է Տավուշի մարզպետ, հիմա իր եղբայրն է մարզպետը։ Մարզի սահմաններն այդ ընթացքում փոխվել են։ Ուզում եմ իմանալ՝ ի՞նքն է ապօրինի պաշտոնավարում, թե՞ իր եղբայրը։ Այդ ընթացքում ոչ մի օրենք չի փոխվել։ Լավ կլիներ՝ եղբայրն էլ գար, հասկանայի՝ ո՞րն է իրենցից ապօրինի պաշտոնավարել»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ է կարծում՝ Ռուբեն Ռուբինյանի հետ հանդիպում կստացվի՞ և ըստ նրա՝ ինչո՞ւ չէին եկել ՔՊ-ական պատգամավորները, Էդգար Ղազարյանը պատասխանեց․«Դժվար վախենան իմ կերպարից, գրեթե բացառում եմ, միգուցե վախենում են խոսքից ու փաստարկներից, որ պիտի լսեն ու պատասխանեն, միգուցե քաղաքական պատասխանատվությունից են խուսափում։ Հետաքրքիր է Ռուբեն Ռուբինյանի կարգավիճակը, քանի որ իմ տպավորությամբ՝ Ռուբեն Ռուբինյանը խախտել է սահմանադրական կարգը։ Ռուբինյանն ընդունում է իր կարգավիճակը և այդպես ընդունվում է՝ պաշտոնական բանագնաց։ Մեր Սահմանադրությամբ՝ օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունները հստակ տարանջատված են, և պարոն Ռուբինյանը օրենսդիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյա է, իսկ մեր երկրի Սահմանադրությամբ՝ արտաքին քաղաքականությունն իրականացնում է կառավարությունը։ Այսինքն՝ ըստ մեր երկրի օրենսդրության և դիվանագիտական ծառայության մասին օրենքի՝ քանի դեռ Թուրքիայի հետ չկան դիվանագիտական հարաբերություններ՝ վարչապետի որոշմամբ պետք է նշանակվեր հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, որը պատասխանատու լիներ հայ-թուրքական հարաբերությունների համար։ Պարոն Ռուբինյանն իրավասու չէ իրականացնել արտաքին քաղաքականություն։ Կառավարությունը պետք է իրականացնի արտաքին քաղաքականություն և հաշվետու լինի ԱԺ-ին, բայց հիմա Փաշինյանն է նշանակել Ռուբինյանին և նա հաշվետու է Փաշինյանին։ Ուզում եմ հասկանալ՝ պարոն Ռուբինյանը պատրա՞ստ է ինքնախոստովանական ցուցմունքով ներկայանալ ԱԱԾ-ին»։
Լրագրողների դիտարկմանը՝ մի կողմից անվստահություն ենք հայտնում մյուս կողմից գալիս, հանդիպումների եք մասնակցում իրենց հետ, Էդգար Ղազարյանն այսպես արձագանքեց․ «Իրենք պիտի իմպիչմենտ հայտնեն։ Այս հանդիպումների իմաստն այն է, որ չստացվի՝ մենք մերկապարանոց հայտարարություններ ենք անում։ Նպատակն իրենց հետ քննարկելն է, որ իրենք իրենց ֆունկցիաները կատարեն»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ