Լրահոս
Չհասած հեռագիրը
Օրվա լրահոսը

«Հնարավոր է այդ ամենը անել եւ հաջողության չհասնել, բայց անհնար է առանց որեւէ բան անելու հասնել հաջողության». Էդգար Ղազարյանը՝ իմպիչմենթի նախաձեռնության մասին

Մայիս 05,2025 14:13 Share

«Կան մարդիկ, որոնք ասում են՝ վարչապետին հիմա իմպիչմենթ հայտնելն անհնար է, դա բացառվում է, անլուրջ է: Չհասկացա, սա անլո՞ւրջն է, կա ավելի հավանական, ավելի լուրջ տարբերա՞կ: Ի դեպ, որեւէ մեկը չի էլ առաջարկում: Հետեւաբար, մենք եկել ենք այն խորը համոզման, որ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ոչ միայն հնարավոր, այլ միակ տարբերակ մնացել է վարչապետին անվստահություն հայտնելը»,- ուղիղ եթերում այսօր ասաց հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանը:

«Հետեւաբար, այդ ճանապարհից ոչ թե պետք է խուսափել, փախչել, ոչ թե պետք է ծաղրել, դրա նկատմամբ հակաքարոզչություն անել, այլ հակառակը՝ մեկտեղել մեր բոլորի ջանքերը, որս ինչ ունենք՝ խելք, ազդեցություն, կապեր, լրատվամիջոցներ, նյութական միջոցներ, եւ այս խնդիրը լուծել:

Ես չեմ ասում, որ անվստահության գործընթացը շատ հեշտ է, ընդամենը մի թուղթ վերցնում, ստորագրում ես, գնում ես ՔՊ-ականների մոտ, որոնք էլ քեզ սպասում են բարձր տրամադրությամբ: Ոչ, այդպիսի բան չի լինելու: Եթե որեւէ մեկը մտածում է, թե ես երազներով ապրող մարդ եմ, ոչ: Ես շատ լավ եմ հասկանում այս գործընթացի դժվարությունները եւ ՔՊ պատգամավորների հետ աշխատելու իմաստով եւ հասարակության հետ աշխատելու: Պարզվում է նաեւ՝ մեր ընդդիմադիր պատգամավորների հետ աշխատելու իմաստով: Բայց ցանկացած լավ գործի հաջողությանը հասնելու համար պետք է հաղթահարել դժվարություններ: Առանց ջանք, էներգիա, ինտելեկտ, ժամանակ գործադրելու հնարավոր չի հասնել հաջողության: Հնարավոր է այդ ամենը անել եւ հաջողության չհասնել, բայց անհնար է առանց որեւէ բան անելու հասնել հաջողության: Հետեւաբար, գիտակցելով, հասկանալով, որ դա դժվար ճանապարհ է, մենք բոլորս պիտի գնանք այդ դժվարությունը հաղթահարելու եւ ունենանք բաղձալի, ցանկալի, մեր պետության, մեր ժողովրդի եւ անհատապես յուրաքանչյուրիս շահերից բխող որոշում, որով փրկում ենք մեր ֆիզիկական կյանքը, որը հիմա սպառնալիքի տակ է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք:

Անվստահության գործընթացի մասին շատ մարդիկ են խոսել՝ տարբեր ժամանակներում: Ընդ որում, այս գաղափարը ոչ մեկի հեղինակային իրավունքը չի հանդիսանում: Մեր հարգարժան պատգամավորներից կան, որ ասում են՝ մենք ավելի շուտ գիտեինք դրա մասին, դրա մասին առաջինը հայտարարել է Իշխան Սաղաթելյանը «Դիմադրության» շարժման ժամանակ: Ճիշտ է: Անվստահության գործընթացը կարող էր մեկնարկել 2022 թվականի օգոստոսի 2-ին, երբ դեռեւս «Դիմադրության» շարժումը հանրահավաքներ անում էր Ֆրանսիայի հրապարակում: Եվ դրանցից մեկի ժամանակ շարժման համակարգող, պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ այսուհետ մենք այլեւս հնարավորություն ունենք նաեւ անվստահությամբ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, պետք է գտնել հարմար ժամանակ»,-ասաց Էդգար Ղազարյանը եւ թվարկեց, թե դրանից հետո էլ ովքեր են դա հայտարարել:

«Բայց դա որեւէ մեկիս մտահղացումը չի: Դա կարգավորվում է մեր Սահմանադրությունով: Կարդում ես Սահմանադրությունը եւ տեսնում՝ ինչ եւ երբ է հնարավոր անել: Բայց պետք է անել: Իսկ ո՞վ կարող է անել: Միայն ԱԺ պատգամավորները»,-ասաց Էդգար Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031