Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Մհերյանի «Կուսակալը» պիեսը, Արթուր Սահակյանի տաղանդավոր բեմադրությամբ և Սամսոն Ստեփանյանի շեքսպիրյան մասշտաբի կատարմամբ, կմնան հայ մշակույթի պատմության մեջ

Մայիս 12,2025 14:26

Օրերս կայացավ Սամվել Մհերյանի «Կուսակալը» ներկայացման պրեմիերան` Արթուր Սահակյանի ռեժիսուրայով:

Թատերգության մեջ ներկայացվող այս պատմական դրամայի թեման առնչվում է Հայաստանում քրիստոնեության մուտքի իրադարձություններին:

Aravot.am-ը դիմեց ռեժիսոր Լեւոն Իվանյանին, որը 2000-ականներին աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «ՀՔՊԿՀ 1700 ամյակի» եկեղեցական գրասենյակում որպես ծրագրերի ընդհանուր պատասխանատու: Լեւոն Իվանյանը միաժամանակ խոշորամասշտաբ հանդիսությունների ռեժիսոր է և որպես հանդիսատես ներկա է եղել բարդ պատմաշրջան ներկայացնող «Կուսակալը» ներկայացման պրեմիերային:

– Պարոն Իվանյան, որ 2001-ին այս թեմայով ներկայացումներ եղել են և կխնդրենք կարճ ակնարկով խոսել նաև այդ մասին:

-Ինձ համար դժվար կլինի բարդ ներկայացմանը պարզ մեկնաբանություններ տալը, բայց փորձենք: «Կուսակալը» անսովոր ներկայացում է, մոնումենտալ ներկայացում է և շատ բարդ ներկայացում է: Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում կայացավ ոչ երաժշտական, և ոչ կատակերգական ներկայացման պրեմիերա, որը խիստ դրամատիկ ընթացք ունի և ողբերգական ավարտ, բայց ունի նաև հոգևոր մեծ հաղթանակի հզոր շունչ: Ներկայացումը բարդ է այնքանով, որ և ստեղծագործական կազմը, և հանդիսատեսը գործ ունեն խճճված ժամանակի պատմական բազմաշերտ իրադարձությունների հետ, որոնք կատարվել են մեզանից մոտավորապես 1740 տարի առաջ, ավելի ստույգ` 301 թվականից 13 տարի առաջ, որը հիմնովին փոխեց հայոց կյանքը, որով ապրում ենք մինչև օրս և որը նույնքան վտանգված է նաև այսօր ու հենց այդ առումով էլ պիեսում ներկայացված դեպքերն ու ապրումներն այսօրեական են, նորից դարձել են շատերի համար վիճաբանական, սակայն շատ ավելի շատերի համար բացարձակ անվիճելի արժեքներ են և, որ երկրի բարոյաքաղաքական լուծման միակ ճանապարհը հոգևոր բարոյական և աստվածահաճո ճանապարհն է, որը վերտրամաբանական զորություն ունի և այդ վերմտային ուժը շատ ավելի բարդ խնդիրներ է լուծում, քան «խելամիտ», «խելացի», «ռացիոնալ» ու «պրագմատիկ» դատողությունների պարզունակ շղթան:

Բարդության գործոնը հիմնականում նաև այն հանգամանքի մեջ է, որ շեքսպիրյան քրոնիկների շունչ ունեցող ներկայացումը որպես թատերգություն կառուցված և խարսխված է բացառապես խոսքի վրա, որի յուրաքանչյուր բառը կարևոր է` դեպքերն ու հարաբերությունները հասկանալու համար և, որն իր հերթին ռեժիսորից ու դերասաններից պահանջում է խոսքի ու ապրումի հստակ, ավելի արտահայտիչ արտաբերում, որն էլ իր հերթին արտիստական ամենաբարձրակարգ վարպետության պահանջ է:

Ի պատիվ հավաքական ստեղծագործական թատերախմբի՝ պետք է ասել, որ բարդ խնդիրը բարեհաջող լուծված է, բայց քանի որ հենքը միայն դերասանների խոսքն ու խաղն են, ապա բոլոր մասնակիցներից շատ ավելի մեծ վարպետություն է պահանջվում խոսքը տեխնիկապես հասանելի դարձնելու համար ու, թերևս հանդիսականների լարվածության պատճառը ոչ միայն բարեկրթությունն էր, այլև բավականին հաճախ անլսելի բառերի մեջ մի կերպ կողմնորոշվելու մեծ ճիգը:

Առաջ անցնելով ասեմ, թե վստահ եմ, որ այդ մեծ բացը հանդիսատեսի օգնությամբ շատ արագ կլուծվի, քանի որ ներկայացումները հղկվում են հատկապես հանդիսատեսով ու, թերևս, Արթուր Սահակյան աներկբա տաղանդավոր ռեժիսորը և Սամվել Մհերյան համարձակ հեղինակը իրենց մեջ ուժ կգտնեն արդեն արված բեմադրությունից մի ինչ որ մաս հանելով` մի փոքր կրճատելու, որը ստեղծագործական չափազանց բարդ խնդիր է և արդյունքում հայ մշակութային իրականության մեջ կունենանք պատմական թեմայի այսօրեական հնչողությամբ իրականացված շքեղ ներկայացում:

Շեշտենք բեմադրող նկարիչ Գարիկ Մանուկյանի և զգեստների նկարիչ Լուսինե Կարապետյանի պատմական ժամանակին բնորոշ և միաժամանակ ժամանակակից նկարչական ձևավորումը, հին ու նոր ժամանակները ներառող Միքայել Մարգարյանի ճաշակավոր երաժշտական ձևավորումը` գործիքավորող Արման Սահակյանի հետ միասին և իհարկե` հատուկ գնահատանքի է արժանի Բոգդան Հարությունովի լուսային ձևավորումը, որ որոշակի պատկերներում դրամատուրգիական ինֆորմացիայի շեշտադրում էր կրում իր վրա, երբ աղոթական խոսքին գումարվում էր տպավորիչ ճառագայթումներով բեմական լույսը:

Ինձ համար որպես մնջախաղի թատրոնի հիմնադիր կազմի արտիստի, շատ հաճելի է իմ սիրելի մնջախաղի թատրոնի արտիստների պրոֆեսիոնալ պլաստիկայի խմբի ներկայությունը բեմադրության մեջ (Մերի Կիրակոսյան, Նաիրա Եդիգարյան, Տիգրան Մուրադյան, Գարիկ Խաչատուրյան, Լուսինե Մանուկյան, Տաթև Սողոյան, Դոնա Թովմասյան)` Արթուր Հայրապետյանի և Շուշան Սարգսյանի պարուսուցմամբ:

Մինչև ներկայացման ծանրությունը կրող դերասանական կազմին անդրադառնալը ուզում եմ նշել խորհրդատու Անդրանիկ Արշակյան, օգնական Հասմիկ Հակոբյան, բեմական մասին վարիչ Վահան Թովմասյան, դիմահարդար Նելլի Խաչատրյան կազմին:

Եվ խորը հարգանքով եմ նշում տարբեր թատրոններից հավաքական ուժով ներգրավված` և երիտասարդ, և բազմափորձ, և վաղուց արդեն իրենց հաստատած վաստակավոր արտիստներին: Թվեմ ծրագրաթերթիկի` ավագից-կրտսեր հերթականությամբ. վաստակավոր արտիստներ` Սամսոն Ստեփանյան, Շանթ Հովհաննիսյան, արտիստներ` Սէմ Ասատրյան, Դավիթ Գասպարյան, Արա Գևորգյան, Մխիթար Մելքոնյան, Մարինե Գաբրիելյան, Վարդան Գևորգյան, Սարգիս Շողունց, Մարատ Դավթյան, Վիկա Մարտիրոսյան, Աբել Վարդանյան, Գարեգին Գրիգորյան, Բորիս Մարգարյան, Ալլա Հարոյան:

Խաղին չենք անդրադառնում, քանի որ դա շատ մեծ թեմա է: Բոլորը կեցցեն` բադագույն գործը հաղթահարելու համար: Արագ նշեմ նաև գործի կազմակերպման երկու տնօրեններին և իմ խոսքը ներկայացման մասին մի կերպ ավարտեմ. Հ. Պարոնյանի անվան ԵԿՊԹ տնօրեն` Կարո Շահբազյան և artPR տնօրեն` Գայանե Դավթյան: Ի թիվս շատ կազմակերպությունների ես չեմ կարող չնշել Նարեկացի արվեստի միության աջակցության մասին, որ իմ կյանքի մի մասն է:

-Չխոսեցիք սակայն 2001-ի ներկայացումների մասին.

– Այո, չխոսեցի: Կարճ հայտնեմ, որ 2001-ին, ի թիվս տարաբնույթ բազում ծրագրերի, երկու ներկայացում ուղիղ առնչվում էր «Դարձին»: Մեկը` Արամ Սուքիասյանի «Գրիգոր Լուսավորիչ» ռոք օպերան` իր իսկ մոնումենտալ բեմադրությամբ և դերակատարմամբ, և մյուսը` Խորեն Աբրահամյանի «Տրդատ Մեծ» ներկայացումը` իր փայլուն դերակատարմամբ: Ավելին չասեմ, թե չէ մեր խոսքը վերջ չի ունենա: Շեշտեմ, որ Սամվել Մհերյանի «Կուսակալը» պիեսը, Արթուր Սահակյանի տաղանդավոր բեմադրությամբ և Սամսոն Ստեփանյանի շեքսպիրյան մասշտաբի կատարմամբ կմնան հայ մշակույթի պատմության մեջ: Մեկ էլ, չգիտեմ, առիթից օգտվելով փոքր ինչ կոպիտ ուզում եմ ասել, որ ժամանց փնտրող մարդիկ թող չգնան այս ներկայացմանը, սա իրենց խելքի բանը չի: Թատրոնը ժամանցի տեղ չէ:

–Չխոսեցիք նաև եկեղեցի և պետություն ներկայիս հարաբերությունների մասին:

–Լավ է` չխոսենք: Բացահայտ է: Շատ վատ հարաբերություններ են: Մեղավորը` պետությունն է:

-Պարոն Իվանյան, անոնսից գիտենք, որ ներկայացումը քաղաքական նկատառում ունի, բայց Դուք կարծես փորձում եք ավելի զգուշավոր լինել և քաղաքական շեշտադրում չանել, այդպե՞ս է, թե՞ ոչ:

-Թերևս, այո. Չեմ քաղաքականացնում. Դա հեռու կտանի: Բայց մի խոսք կասեմ, որ չասեք` չասաց. «Կուսակալը» պիեսը ստեղծված է «Փոթորկից առաջ» վեպի հիման վրա, հիմա տեսնում եմ, որ «Կուսակալը» բեմադրությունը ներկայացվում է մոտեցող փոթորկից առաջ: Շուտով կտեսնեք:

Զրուցեց` Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Լուսանկարներում` տեսարաններ «Կուսակալը» ներկայացումից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031