Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար, իրավապաշտպան Նինա Կարապետյանցի դիտարկմամբ, եթե նույնիսկ բլոգեր Արթուր Չախոյանն էր սադրել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին կամ աշխատակիցներին, լինելով հեղափոխական ուժ, բարեփոխված համակարգերի ջատագով՝ պետք է դիմեին պետական մարմիններին, ոչ թե բռունցքներին:
«Վարչական շրջանի ղեկավարը պետք է ուղղակի դիմեր ոստիկանություն կամ համապատասխան մարմիններ: Եթե պետական մարմիններին դիմելու փոխարեն դիմել են բռունցքներին, հայհոյանքին ու փողոցի խուլիգանի պես ծեծելուն եւ կա ինչ-որ մեկը, որ դա արդարացնում է, ուրեմն իրենք բոլորը կիսում են այդ փողոցային վարքագիծը: Փողոցային խուժանի պես պահված վարքագիծ է»,- Aravot.am-ին ասաց Նինա Կարապետյանցը՝ մեկնաբանելով իշխանական թեւի այն արդարացումները, թե բլոգերը սադրել էր, վարչական շրջանի ղեկավարն էլ մարդ էր, չդիմացավ:
Անդրադառնալով այն փաստին, որ Տիգրան Տեր-Մարգարյանը դեպքից հետո բավարարվեց միայն ներողություն խնդրելով քաղաքացիներից ու պաշտոնից չհեռացավ, իրավապաշտպանը նկատեց, որ դա նշանակում է, որ «Հանրապետություն» կուսակցությունը (Տիգրան Տեր-Մարգարյանն այդ կուսակցությունից է) ունի նույնքան երաշխիքներ, որքան ունի յուրաքանչյուր ՔՊ-ական կամ ՔՊ-ամոլ մասսաները. «Սա նշանակում է, որ իրենք երաշխիք ունեն, որ պատասխանատվության չեն ենթարկվելու»:
Իրավապաշտպանը անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած վերջին այցին՝ նկատեց, որ այդ այցը Հայաստանին ոչինչ չի տվել, դրանով Փաշինյանը ունեցավ մի նկար Պուտինի հետ ձեռքսեղմումից, ինչը Փաշինյանի համոզմամբ՝ տասով զրո էր Քոչարյանին. «Ռոբերտ Քոչարյանի կողմից հայտարարվել էր, որ ինքը հանդիպել ու զրուցել է Պուտինի հետ: Ի պատասխան դրա՝ Փաշինյանը գնաց Մոսկվա ու հիմա ունի, բացի խոսքերից՝ նաեւ նկար Պուտինի հետ ձեռքսեղմումից: Դա Փաշինյանի կարծիքով՝ հաղթանակ էր Քոչարյանին, ոչ մի արդյունք այդ հանդիպումը Հայաստանին չի տվել: Դրա իմաստը միայն մեկն էր՝ հաղթել Ռոբերտ Քոչարյանին ու տասով զրո անել, որովհետեւ ինքը ուներ միայն բանավոր հաղորդագրություն, իսկ Նիկոլ Փաշինյանն ունի նաեւ ձեռքսեղմման կադր»: