Վայոց ձորի մարզի բնակիչները դեմ են Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շահագործմանը, ասում են, որ դրա հետեւանքով աղետալի վիճակ կստեղծվի մարզում։ Հանքավայրը գտնվում է Եղեգնաձորի տարածաշրջանում։
Գլաձորի բազմամետաղային հանքավայրի ուսումնասիրությանն ու շահագործմանը դեմ նախաձեռնող խմբի անդամ, Եղեգնաձոր խոշորացված համայնքի բնակիչ Հայկ Իսախանյանն ասում է՝ արդեն 10-15 տարի է՝ ցանկանում են շահագործել հանքավայրը, բայց բնակիչները պայքարում են։ Այս հանքավայրի մի մասը շահագործվել է 1950-1970-ական թվականներին, եւ, բնակիչների խոսքով, թողել է շատ վատ հետեւանք։ «Այն մարդիկ, որոնք աշխատել են այդ հանքավայրում, ժամկետից շուտ հիմնականում քաղցկեղից մահացել են։ Եվ հիմա էլ այդ հիվանդացությունը Եղեգնաձոր համայնքում շատ բարձր է։ Խորհրդային միության տարիներին խնդիր էր դրվել, որ այդ հանքը պիտի աշխատի, եւ խնդիր էր դրված 30 կմ շառավղով բոլոր բնակավայրերը տեղափոխել, որից հետո Խորհրդային Հայաստանի ղեկավարները գտան, որ այդ հանքը պետք է կոնսերվացնել, որովհետեւ շատ մեծ վտանգներ էր պարունակում։ Մենք նաեւ ձեռք են բերել տեղեկություն, թե Վայոց ձորի մետաղական հանքերն ինչպիսի մետաղներ են պարունակում։ Մի մեծ խնդիր ենք արձանագրել, որ սկսած Ելփինից մինչեւ Վայք ամբողջ Վայոց ձորը գտնվում է ուրանային հանքաշերտի վրա։ Այսինքն՝ այդ հարցը պետք է մասնագետներն ուսումնասիրեն՝ կամ մենք պետք է ապրենք այս տարածքում, կամ պետք է հանքեր լինեն»,- նշում է նա։
Հայկ Իսախանյանն ասում է, որ 1995 թվականին ՄԱԿ-ի ծրագրով ուսումնասիրություններ են իրականացվել Վայոց ձորում՝ պարզելու, թե մարզը զարգացման ինչ հեռանկարներ ունի։ Մասնագետները պարզել են, որ Վայոց ձորի զարգացման հեռանկարներն են այգեգործությունը, գինեգործությունը, տուրիզմը, հյուրանոցային բիզնեսը։
«Եվ անցած 30 տարիների ընթացքում շատ մեծ գումարներ են ներդրվել այս ոլորտներում։ Խաղողի այգիները տասնապատկվել են, ունենք տասնյակ գինու գործարաններ, մարզում գտնվեց ամենահին գինեգործարանը։ Այս բրենդը պիտի զարգացնենք, անհամատեղելի են հանքն ու գինեգործությունը։ Բաց հանքի շահագործում նշանակում է պայթեցումներ ու փոշի։ Շատ լուրջ գիտական վերլուծություն պետք է կատարվի Վայոց ձորում հանքարդյունաբերության ոլորտում։ Մենք դեմ չենք հանքարդյունաբերությանը, եթե կներդրվեն այսօրվա բարձր տեխնոլոգիաները, որոնց շնորհիվ չի վնասվի մեր առողջությունն ու շրջակա միջավայրը, մեր ջրերը, մենք դեմ չենք լինի։ Բայց առայժմ նախնադարյան ձեւով գալիս են, որպեսզի մեր հանքերը շահագործեն, պայթեցնեն, չգիտեմ ինչ անեն։ Նախկինում հանքի շահագործման հետեւանքով Վերնաշեն գյուղի ջրերը տասնապատիկ պակասեցին, մենք խմելու ջուր չունենք, մեր խմելու ջուրն այսօր տարել են փորձաքննության ու եզրակացրել, որ խմելու համար պիտանի չէ։ Այսինքն՝ ես կարծում եմ, որ հանքերի շահագործումն անհամատեղելի է այսօրվա մեր ապրելակերպի հետ»,- նշում է նա։
Կարդացեք նաև
Մարզի բնակիչներն ասում են, որ 2015 թվականին առանց իրենց թույլտվության ինչ-որ կազմակերպություն մտավ ու սկսեց քանդել իրենց սարերը։ Խոսքը «Վայկ մետալս» ՍՊԸ մասին է։ «Ամբողջ ժողովուրդը հավաքվեց, նույնիսկ ճանապարհներ փակեցինք, որից հետո իրենց տեխնիկան վերցրեցին տարան»,- հիշում են բնակիչները։
Այնուհետեւ այն ժամանակվա բնապահպանության նախարարությունը ընկերությանը թույլտվություն էր տվել՝ ուսումնասիրություններ իրականացնելու համար։ Առաջին հանրային լսումը կայացավ, մարզի բնակիչները «ոչ» ասացին հանքի շահագործմանը։ Եվ 2016 թվականին բնապահպանության նախարարությունը բացասական եզրակացություն տվեց Գլաձորի բազմամետաղային հանքավայրի բացհանքի շահագործման նախագծին։ «Նախքան դա, 2010 թվականին դարձյալ տվել էին բացասական եզրակացություն առանց մեր իմացության, իսկ հիմնական պատճառը ջրային ռեսուրսների, էկոհամակարգի, արոտավայրերի խնդիրն էր։ Հիմնական շեշտը դրված է ջրային ռեսուրսների վրա, քանի որ Թեքսարն ու Վայոց սարը հանդիսանում են այս տարածաշրջանի համար խմելու եւ ոռոգման ջրի ջրային ավազան։ Այս ամբողջ ջրերը լցվում են Արփա-Սեւան, եթե մեր ջրերը հարստացվեն ծանր մետաղներով ու թունավոր նյութերով, ոչ միայն Վայոց ձորը կթունավորվի, այլ նաեւ Արփայով Սեւանը կթունավորվի։ Սրանք խնդիրներ են, որոնք պետությունը պետք է համայնքի ու ժողովրդի հետ քննարկի, շատ մասնագետներ ներգրավել, վերլուծել»,- ասում է Հայկ Իսախանյանը։
Վայոց ձորի մարզի բնակիչների անհանգստությունը չի փարատվում, քանի որ, նրանց խոսքով, երկու տարին մեկ անգամ տարբեր ընկերությունների անունով նույն մարդիկ գալիս են հանքավայրը շահագործելու նպատակով։ Բնակիչների խոսքով, մասնավորապես, տարբեր կազմակերպությունների անունից մի քանի անգամ իրենց մոտ եկել է Արամ Օսիկյանը։ Վերջին անգամ եկել են 2024 թվականին։
Վերնաշեն համայնքի նախկին ղեկավար Հարություն Գեւորգյանի խոսքով՝ անընդհատ գալիս են ու փորձում սիրաշահել բնակիչներին՝ հանրային քննարկման արդյունքում դրական գնահատական ստանալու ակնկալիքով։ «Տարբեր սուտ ներդրումներ են խոստանում, ասում են՝ այս կանենք, այն կանենք, մենակ թույլ տվեք այդ հանքերը շահագործենք։ Իսկ բնակչության մի մասը, անտեղյակ լինելով, կարծես թե գայթակղվում է այդ աշխատատեղերի թիվն ու ներդրումների չափը լսելով ու փորձում համաձայնություն տալ՝ չմտածելով, թե դրա հետեւում ինչ է կանգնած։ Գլաձորի բազմամետաղային հանքավայրում կան 17-19 գունավոր մետաղներ, որոնցից 9-ը խիստ հակացուցված են կենդանական աշխարհի գոյությանը եւ թունավոր են։ Եթե հանկարծ դա խառնվեց բնությանը, Հայաստանի կեսը ոչնչանալու է, ոչնչանալու են մեր քաղցրահամ ջրերը, մեր գեղեցիկ բնությունը»,- նշում է Հարություն Գեւորգյանը։
Նրա խոսքով՝ հանքավայրի ծրագիրը պետք է սառեցվի, երբ տեխնոլոգիաները կարդիականացվեն, երկիրն իրեն կվերագտնի, այն ժամանակ թող հանքավայրը շահագործեն։ «Մենք դեմ չենք հանքավայրին, բայց այն պետք է շահագործվի նոր տեխնոլոգիաներով ու խելացի ձեւով։ Հայաստանը մեր հարստությունն է, մենք դեմ ենք այդ հարստությունը վատնելուն ու հանքանյութը վաճառելուն, բնակչությանը սպանելուն»,- ասում է նա։
Բնակիչները ստորագրահավաք են անցկացրել, դիմել են մարզպետին ու կառավարությանը՝ խնդրելով այս հրատապ ու կարեւոր հարցի վերաբերյալ անցկացնել տեղական հանրաքվե։ Բուկլետներ են հրապարակել ու տարածել՝ տեղեկացնելով մարդկանց այս տարածաշրջանում հանքարդյունաբերության հնարավոր հետեւանքների մասին։
Ստորագրահավաք է անցկացվել նաեւ, 2600 մարդ դեմ է քվեարկել հանքավայրի շահագործմանը եւ ընդամենը մոտ 150 մարդ է կողմ քվեարկել։ «Եթե ժողովրդի մեծամասնությունը կորոշի, որ այդ հանքավայրը պետք է բացեն, քավ լիցի, թող բացեն։ Այսինքն՝ մենք ուզում ենք ժողովուրդը որոշի՝ այդ տարածքում հանք լինի՞, թե՞ մենք ապրենք։ Մեր պապերն են ապրել այստեղ, այստեղ են մեր սրբատեղիները, սա թանգարան է բաց երկնքի տակ, եթե մարդը չի այցելում Սպիտակավոր վանք, այս տարածքը դառնում է ամայի վայր, 39 վանք ու եկեղեցի ունենք այստեղ, խաչքարերի մասին էլ չեմ խոսում։ Ո՞վ ունի Նորավանք, Գլաձոր համալսարան, 12-րդ դարում աշխարհում 5 համալսարաններ կային, դրանցից մեկը Գլաձորի համալսարանն էր։ Եկեք պահպանենք այդ համալսարանը»,- ասում է Հայկ Իսախանյանը։
Վայոց ձորի մարզի բնակիչներին անհանգստացնում է նաեւ ոսկու կորզման գործարան կառուցելու հարցը։ Այս հարցով մայիսի 13-ին Զառիթափ համայնքում հանրային լսումներ են անցկացվելու։ «Եթե այդ գործարանը կառուցվեց, Արփա գետի ամբողջ հովիտը շատ մեծ ռիսկի տակ կհայտնվի։ Աշխարհի փորձը ցույց տալիս, թե ինչպիսի աղետներ են եղել ցիանի տեղափոխման ժամանակ եւ ինչպիսի աղետներ են լինում դրա թափոնները պահպանելու դեպքում։ Մենք հիմա ահազանգում ենք՝ եթե այդ գործարանը կառուցվի, աղետ կլինի, մենք կզրկվենք արենի խաղողից ու գինուց։ Ցանկացած գինեգործ պետք է իր փաստաթղթերում նշի, թե իր գործարանից կամ այգուց այդ ցիանական պոչամբարն ինչ հեռավորության վրա է։ Եթե չնշի, ինչ-որ դեպք լինի, այդ մարդը կդատվի, իսկ եթե նշի, իր գինին ոչ մեկ չի գնի»,- ասում են գյուղացիները։
Եղեգնաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Ավագյանի խոսքով՝ այս տարածաշրջանում հնարավոր չէ համատեղել մի կողմից հանքարդյունաբերությունը, մյուս կողմից բնապահպանությունը, տուրիզմի ու գյուղատնտեսության զարգացումը։ «Հանքարդյունաբերությունը եւս կարեւոր ճյուղ է, բայց դրա վնասը կոնկրետ ես չեմ կարող գնահատել։ Այսինքն՝ պետք է լուրջ հանրային քննարկումներ լինեն, պետք է լսել ժողովրդի խոսքը, առանց դրա չի կարող որեւէ գործողություն իրականացվել։ Կարելի է մեծ տեղական հանրաքվե անցկացնել, հանրային քննարկում անել, բայց չպետք է սահմանափակվել միայն հանքավայրին մոտ համայնքներով։ Բնակչության կարծիքը մի քանի տարի առաջ հիմնականում բացասական էր։ Մարդիկ կան, մտածում են, որ աշխատատեղ լինի, գնան հանքավայրում աշխատեն, մյուսներն էլ ասում են՝ ես զբաղվում եմ գյուղատնտեսությամբ, դա ինձ պետք չէ, տարածքը կվնասի։ Դրա համար եմ ասում՝ պետք է լինի մեծ հանրային քննարկում»,- հավելեց Վարդան Ավագյանը։
Նա նշեց, որ այս պահին մարզում զարգանում են տուրիզմն ու գյուղատնտեսությունը․ «Մենք օրերս 7 տարվա համաձայնագիր ենք ստորագրել WWF-ի հետ, որի շրջանակներում այս տարածքում կենդանիների պահպանություն ենք ապահովում, ծրագրի շրջանակներում բնակավայրերում նաեւ սոցիալական հարցեր են լուծվելու։ Եթե այնտեղ կենդանի է, բնություն է պահպանվում, բնականաբար, հանքը չի կարող աշխատել, իրարամերժ գործընթացներ են։
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանն ասում է, որ այս տարածաշրջանում հանք շահագործելուն միանշանակ դեմ է։ «Հանք շահագործելն ինքնըստինքյան արդեն վնաս է, եթե ինչ-որ տարածքներում փորձում են գոնե հնարավորինս քիչ վնասել, ապա այստեղ ոչ մի բան չի կարելի փորձել, որովհետեւ ցանկացած քայլ արդեն վնաս է։ Այնտեղ տարածքներ կան, որոնք 1950-60-ական թվականներին քանդել են, մինչեւ հիմա ոչինչ չի աճում այդ տարածքներում։ Շուտով կլինի մեկ դար, այդ չնաշխարհիկ երկրում ոչինչ չի աճում։ 2016 թվականից մինչեւ 2023 թվականը եկել են, անվերջ ժողովներ ու քննարկումներ են արել, երեք ընկերություն են ստեղծել ու գալիս են։ Մեկը մերժվում է, մյուսն է գալիս»։
Ինչո՞ւ են դեմ հարցին, մարզպետարանի պաշտոնյան պատասխանում է․ «Այդ ամբողջ սարից ջուր է գալիս, ջուրը գնում է Եղեգիս համայնք, գալիս է Վերնաշեն, Մալիշկա, Եղեգնաձոր ու Գլաձոր։ Մենք մասնագետ ենք բերել, դուրս եկավ, այս սարում ուսումնասիրություն կատարեց ու գրեց իր եզրակացությունը, որ այդ ամբողջ սարում ջուր է, եւ ցանկացած հանքարդյունաբերություն վնասելու է Վայոց ձորի կեսը»,- ասաց մարզպետարանի պաշտոնյան։
Հանքը շահագործելու մտադրություն ունեցողները խոստանում են, թե աշխատատեղեր կբացեն, ներդրումներ կանեն ազդակիր համայնքներում։ Գեղամ Մարգարյանն ասում է, որ հաշվարկ է արել․ «Իրենք ասում են՝ տարեկան 10 մլն դոլար փող կբերենք, ես հաշվարկ ունեմ՝ գյուղատնտեսությունից մենք 25 մլն փող կբերենք տարեկան։ 20 տարուց իրենք կգնան՝ իրենց հետեւից ավերածություն թողնելով, իսկ մենք 50 տարի հետո այս հրաշք միջավայրն անվտանգ կնվիրենք մեր սերունդներին, ոնց որ մեր պապերն են արել»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ