Շարունակվում է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի այցը Վայոց ձոր:
Օգոստոսի 8-ին Անահիտ Մանասյանն այցեր է իրականացրել Ջերմուկ խոշորացված համայնք, ինչպես նաև Կեչուտ և Գնդեվազ բնակավայրեր:
Տեղի են ունեցել հանդիպումներ բնակիչների հետ: Տեղում իրականացվել է իրավունքներին վերաբերելի խնդիրների հավաքագրում:
Վերոնշյալ բնակավայրերի բնակիչները ներկայացրել են զբաղվածության ապահովմանը, սեփականության իրավունքին, խմելու և ոռոգման ջրի հասանելիությանը, անվտանգությանը, զինծառայողների իրավունքներին, ինչպես նաև բնակիչների սոցիալ-կենցաղային պայմանների լավարկմանը միտված այլ հարցեր:
Կարդացեք նաև
Բնակիչները բարձրացրել են արոտավայրերի, խոտհարքների և վարելահողերի օգտագործման հետ կապված խնդիրներ։ Բացի այդ, նրանք նշել են, որ դժվարացել է գյուղատնտեսությամբ զբաղվելու և իրենց ընտանիքներին կենսական միջոցներով ապահովելու հնարավորությունը։ Բարձրացված խնդիրների հետ միաժամանակ բնակիչները ներկայացրել են նաև դրանց լուծման իրենց տեսլականը:
Անահիտ Մանասյանը վստահեցրել է, որ քննարկման շրջանակներում վերհանված խնդիրներն աշխատակազմում կուսումնասիրվեն, միջոցներ կձեռնարկվեն պետական իրավասու մարմինների հետ համագործակցությամբ դրանց լուծումներ գտնելու ուղղությամբ:
Այցի շրջանակներում Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել նաև Կեչուտի նախակրթարանում:
Մարդու իրավունքների պաշտպանի` հանրապետությունում մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով իրականացվող մարզային այցերը կրում են շարունակական բնույթ:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ


















































