Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս իշխանություններին եւս պետք է ոստիկանություն, որը կկատարի ապօրինի հրամաններ, ոստիկանություն, որը կգնա բռնության, եթե այդպիսի հրաման հնչեց իշխանությունների կողմից». Նինա Կարապետյանց

Մայիս 12,2025 16:41

«Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը Մեդիա կենտրոնում կազմակերպված «Սկոչով փակել են բերանը ու ծեծել. հերթական խոշտանգումը ոստիկանությունում» թեմայով քննարկման ժամանակ խոսելով Արմավիրի քննչական բաժնում քաղաքացի Սերգեյ Աբրահամյանի նկատմամբ իրականացված բռնության եւ այդ առնչությամբ ՆԳՆ տարածած հայտարարության մասին՝ ասաց. «Եթե սա լիներ առաջին դեպքը, մենք կարող էինք ասել, որ սա պատահականություն է, միտում չկա, պատրաստված, ուղղորդված գործընթաց չէ: Բայց ցավալիորեն հենց միայն այս եթերում մենք անհաշվելի թվով խոշտանգումների, բռնության հետ կապված ասուլիսներ ենք արել: Եվ ամեն անգամ հանդիպում ենք նույն հայտարարությանը:

Ես երեւի շատ հին եմ ու անհիշելի ժամանակներից հիշում եմ այս բովանդակությամբ հայտարարությունը: Իսկ ամենատխուրն այն է, որ մինչեւ քննություն իրականացնելը, մինչեւ քննության ավարտը բավականին բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց թույլ են տալիս այսպիսի հայտարարություններ անել: Սա մի կողմից անպատասխանատվություն է, մյուս կողմից՝ միջամտություն է: Սա քննիչներին ուղղություն է ցույց տալիս, թե որն է Ներքին գործերի նախարարության համար ցանկալի, բաղձալի ուղղությունը:

Սա խոշտանգման առաջին դեպքը չէ եւ վերջինը չի լինելու: Ընդամենը մի քանի օր առաջ նորից բռնությամբ, նորից ուժ կիրառելով, այս անգամ էլ կին են տարել՝ նորից նվաստացնելով: Այսինքն, բոլոր գործողությունների մեջ կա մարդուն, քաղաքացուն, Հայաստանի Հանրապետության հերոսին՝ հարկատուին նվաստացման, խոշտանգելու ճանապարհով եւ ուժի ցուցադրումով տանել եւ բռնության ենթարկելով ինքնահաստատվել ոստիկանության միջոցով»:

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են բռնությունները շարունակվում ոստիկանության համակարգում այն դեպքում, երբ բարեփոխումների նպատակով ծախսված հսկայական միջոցների մասին տեղեկություններ ունենք, ինչու քաղաքացի-ոստիկան հաղորդակցությունը շարունակվում է այս ոճով, Նինա Կարապետյանցը ասաց. «Որտեղ մնացին բարեփոխումները հարցը պետք է տալ քաղհասարակության այն ներկայացուցիչներին, որոնք երեք տարի «գլուխ էին լվանում, հարդուկում» ու համոզում էին հասարակությանը, որ այս իշխանությունները գնում են բարեփոխման ճանապարհով: Իրենց հարց կտաք նաեւ, թե ոնց եղավ, որ յոթ տարի իշխանություն ունեն եւ «անձնվիրաբար» ինչ-որ գործողություններ անելու արդյունքում մենք ականատես ենք լինում 1996, 2000, 2008, 2013 թվականներին բնորոշ մեթոդաբանություններին, ինչու ոստիկանությունը չի բարեփոխվում: Որովհետեւ այս իշխանություններին եւս պետք է ոստիկանություն, որը կկատարի ապօրինի հրամաններ, ոստիկանություն, որը կգնա բռնության, եթե այդպիսի հրաման հնչեց իշխանությունների կողմից: Ես պնդում եմ, որ այս «դաբրոն» տրվել է իշխանությունների կողմից, որովհետեւ 2018 թվականից հետո շատ կարճ ժամանակ մենք տեսել ենք չբարեփոխված, չլյուստրացված, չվեյթինգված, վրան էսքան փող չթափված ոստիկանություն, որը շատ նորմալ էր ու ադեկվատ, շատ նորմալ ու հստակ իր գործողություններն իրականացնում էր: Եվ մենք խոսելու տեղ չունեինք: Բայց 2020 թվականից հետո, ես համոզմունք եմ հայտնում եւ դրա ապացույցն էլ կարող եմ ներկայացնել՝ հունիսի 12-ին բաց ամբիոնից, թիվ մեկ հարթակից ջատագովումն ու ծափահարություններն էր վարչապետի կողմից, որ ոստիկանները այդպես ավելի լավ ներգործություն ունենան եւ ավելի շատ պարգեւատրվեն: Եվ շնորհակալություն էր հայտնում բռնության համար: Դե, եթե ուղիղ եթերում թիվ մեկ ամբիոնից են այսպիսի բաներ հնչում, պատկերացրեք, թե ինչեր են հնչում փակ դռների հետեւում, ինչ հրահանգեր են հնչում եւ ինչ «դաբրոներ» են տալիս:

Ցավոք սրտի, սա գնալով խստանալու է եւ մեր հասարակությունը կարող է ականատես լինել թե քանակով, թե ծավալով, էությամբ եւ բովանդակությամբ շատ ավելի տխուր ու ծանր դեպքերի: Ցավոք, այս իշխանությանը պետք է հենց այսպիսի ոստիկանություն»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031