Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց պետական աջակցության ոչ մի կառույց լիարժեքորեն չի կարող դիմակայել նման մարտահրավերներին, որոնք Թուրքիայի հովանավորությամբ հայության առաջ է դնում Ադրբեջանի կառավարությունը

Մայիս 12,2025 17:21

Ադրբեջանի կառավարությունը, այսպես կոչված, Աղվանա-ուդիական քրիստոնեական համայնքին որևէ քրիստոնեական կենտրոնի կողմից ուղղափառ եկեղեցու կարգավիճակ ու ինքնավարություն կորզելու նպատակով հետևողական քայլեր է ձեռնարկում և հսկայական ֆինանսական ու մարդկային ռեսուրսներ է օգտագործում։

Քրիստոնեական աշխարհում նման փորձ արդեն գոյություն ունի։ Մասնավորապես 2018 թվականի նոյեմբերին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին հաջողվեց Թուրքիայի նախագահի օժանդակությամբ ստանալ Կոնստանդնուպոլսի Տիեզերական պատրիարք Բարդուղեմիոսի համաձայնությունը Ուկրաինայի ուղղափառ Եկեղեցուն լիակատար ինքնավարություն շնորհելու գործում և այդպիսով, թեև չչեղարկվեց, սակայն արհամարհվեց 17-րդ դարում ընդունված այն որոշումը, համաձայն որի ուկրաինական եկեղեցին անցնում էր Մոսկվայի հովանու ներքո։ Հունաց Տիեզերական պատրիարքի կողմից Ուկրաինայի ուղղափառ Եկեղեցուն ինքնավարություն շնորհելու փաստը մեծ դժգոհություն էր առաջացրել Ռուս Ուղղափառ Եկեղեցում՝ ընդհուպ խզվել են ամեն տեսակի կապերը Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու հետ։

Որոշ լրատվական աղբյուրների համաձայն` Աղվանա-ուդիական համայնքը Ադրբեջանի նախագահի գլխավորությամբ նույնպես դիմել է Կոստանդնուպոլսի պատրիարքին, սակայն մերժում է ստացել, ինչը, կարծում եմ, կարող էր հետևանք լինել նաև Թուրքիայի կողմից ոչ բավարար չափով ջանքերի գործադրման՝ պայմանավորված պարզապես ժամանակավրեպ լինելու հանգամանքով, այսինքն, Թուրքիայում ներկայիս ներքաղաքական իրավիճակում Հունաց Տիեզերական պատրիարքից նման քայլ պահանջելը կամ նույնիսկ խնդրելը դրական արդյունք չէր կարող ունենալ։

Ուժի մեջ է մնում նաև այս ուղղությամբ արդեն նորընտիր Հռոմի Պապի գլխավորությամբ Ադրբեջանի կառավարության և Վատիկանի համագործակցության շարունակության հնարավորությունը, ինչը բնականաբար շուտ տեղի ունենալ չի կարող, իսկ գուցե և ընդհանրապես տեղի չունենա, որովհետև Լևոն 14-րդ Հռոմի նոր Պապը ճիշտ դիտանկյունից կարող է նայել հարցերին ու դատապարտել Ադրբեջանի «ճշմարտության» քողի տակ պատսպարված հետին զավթողական նպատակները։ Այս սցենարը ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում միայն տեսականորեն է հնարավոր, սակայն համահայկական ներուժը ի վիճակի է այն կյանքի կոչել։

Չի բացառվում նաև, որ Ադրբեջանը կփորձի Աղվանա-ուդիական քրիստոնեական համայնքի համար ուղղափառ եկեղեցու կարգավիճակ և ինքնավարություն կորզել Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդից, թեև ուկրաինա-ռուսական հակամարտության ավարտից հետո դժվար թե Ռուս Ուղղափառ Եկեղեցու առաջնորդը նման խնդրահարույց որոշումներ կայացնելու իմաստ գտնի։ Բոլոր դեպքերում մենք պետք է մի բանում համոզված լինենք, որ Ադրբեջանը այդ գործում հետևողական է լինելու։

Այսպիսով` ենթադրում եմ, որ առանց պետական աջակցության ոչ մի կառույց, ոչ մի կազմակերպություն ու կուսակցություն լիարժեքորեն չի կարող դիմակայել նման մարտահրավերներին, որոնք Թուրքիայի հովանավորությամբ հայության առաջ է դնում Ադրբեջանի կառավարությունը։ Կարծում եմ ՀՀ իշխանություններին անհրաժեշտ է մի կողմ թողնել միջազգայնացված անձնական անպտուղ հակակրանքներն ու ավելի սկզբունքայնորեն ու խիզախորեն հետամուտ լինել ազգային-հոգևոր արժեքների պաշտպանմանն ու համագործակցել Հայ Առաքելական Եկեղեցու և ազգային ուժերի հետ, համագործակցել համապատասխան կազմակերպությունների ու անհատների հետ հանուն հայկական վտանգված շահերի, և ի վերջո գործի դնել սփյուռքի գործերի հատուկ հանձնակատարին կամ ընդհանրապես լուծարել այդ անբողբոջ գրասենյակը։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031