Ի՞նչ ինստիտուցիոնալ որոշումներ օգնեցին Մոլդովային նվազեցնել ապատեղեկատվության եւ արտաքին միջամտությունների ռիսկը, այս հարցին ի պատասխան՝ Մեդիա կենտրոնում կայացած «Հիբրիդային միջամտությունների ռիսկերը․ Հայաստանի եւ Մոլդովայի փորձը» թեմայով քննարկման ժամանակ քաղաքական վերլուծաբան, WatchDog.md համայնքի ղեկավար (Մոլդովա) Վալերիու Պաշան հետեւյալ կերպ արձագանքեց. «Հարցը կարճ է, բայց կարճ պատասխան դժվար է տալ. չկա մեկ լուծում՝ ինստիտուցիոնալ լուծում կամ միայն պետական ինստիտուտների գործողություններ: Մոլդովային անօրինական արտաքին միջամտությունների դեմ պայքարում օգնեց այն, որ ներգրավված էին եւ քաղհասարակության ներկայացուցիչները, եւ պետական մարմինները, եւ անկախ լրատվամիջոցները, եւ հասարակ քաղաքացիները:
Ամեն ոք, ում համար սա կարեւոր էր թվում, իր ներդրումն ունեցավ այդ աշխատանքում: Ինչ վերաբերվում է պետական ինստիտուտներին, նրանք առաջին հերթին հրաշալի աշխատանք կատարեցին անօրինական ֆինանսավորման դեմ ուղղված, որը ստացվում էր ՌԴ-ից, ֆինանսավորում, որ ուղղվում էր ինչպես քաղաքական կուսակցություններին, այնպես էլ ընտրողներին գնելուն՝ տարբեր կառույցների միջոցով, որոնք անգամ չէին էլ մասնակցում ընտրություններին»:
Վալերիու Պաշան խոսեց նաեւ ապատտեղեկատվության եւ հանրային կարծիքը մանիպուլացնելու մասին, ասաց նաեւ, որ հետաքննություն է կատարվել, հարյուրավոր մարդկանց են ձերբակալել ու մեծ քանակությամբ կանխիկ գումար է առգրավվել:
Կարդացեք նաև
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը, որ Ազատություն ռ/կ-ին տված հարցազրույցում ասել էր, թե Ռուսաստանը Հայաստանում ծրագրում է իշխանափոխություն իրականացնել եւ այդ նպատակով Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության միջոցով ճնշում գործադրելով հայ գործարարների վրա՝ փորձում է ՌԴ-ից ընտրողներ բերել Հայաստան՝ հոգալով նրանց տեղափոխման ծախսերը, ինչպես նաև 100 հազար ռուբլի ընտրակաշառք է խոստանում, ասաց, որ աղբյուրներ չի կարող հրապարակել:
«Այդ մարդկանց անվտանգությունը, որոնք նման տեղեկատվություն են փոխանցում, նրանց անանուն մնալը պետք է հարգվի…Ես շատ ափսոսում եմ, որ մեր Արտաքին հետախուզության ծառայությունը կաշկանդվում է կոնկրետ երկրի անունը հայտնելուց, որը Ռուսաստանն է: Կարծում եմ, որ ոչ միայն մեր Արտաքին հետախուզության ծառայությունը, այլեւ ՀՀ իշխանությունները վախենում են Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածություն մտցնելուց: Ամեն դեպքում ՌԴ-ն մնում է հայկական էքսպորտի հիմնական ուղղությունը, դրա համար ՀՀ իշխանությունները չեն շտապում փչացնել հարաբերությունները այդ երկրի հետ»:
Հիշեցնենք, որ Հայաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը տարածել էր հայտարարություն՝ իր ստացած հետախուզական տեղեկությունների հիման վրա․ «Այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով՝ տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն, որոնք ներառում, սակայն չեն սահմանափակվում տվյալ քաղաքական ուժերին նշված գործարարների կողմից ֆինանսական և կազմակերպական բնույթի աջակցության գործողություններով»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի




















































