Իրավապաշտպան Զարուհի Փոստանջյանն այսօր առավոտյան է վերադարձել Գյումրիից, որտեղ մեկ ամսով կալանավորվել է հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանը:
Տիկին Փոստանջյանը «Հայելի» ակումբում մանրամասներ ներկայացրեց այս գործի նախապատմությունից եւ դատավարության ընթացքից: Նա նշեց, որ գյումրեցի լրագրողը անդամակցում է Հայաստանի ժուռնալիստների միությանը, երկար տարիներ լրագրողական աշխատանք է ծավալում, քաջատեղյակ, իրազեկված է Շիրակր մարզի, Գյումրիի եւ հարակից համայնքների անցուդարձից եւ լուրջ բացահայտումներ է կատարել հատկապես կրթության ոլորտում տեղ գտած խախտումների եւ չարաշահումների վերաբերյալ: «Երկու օր առաջ Հայաստանի իրավապահ համակարգի իմացությամբ եւ, կարելի է ասել, մասնակցությամբ, Լիլիթ Աղեկյանի նկատմամբ նախապատրաստվել եւ իրականացվել է մի գրոհ-օպերացիա, որը կարելի է բնորոշել որպես տեռորիստական ակտ»,-ասաց Զարուհի Փոստանջյանը: Հիշեցնենք, որ Լիլիթ Աղեկյանին երեկոյան տնից էին նվաստացուցիչ պայմաններում, բռնության կիրառմամբ բերման ենթարկել գիշերային հագուստով:
Լրագրողի աղմկահարույց բացահայտումներից օրինակներ ներկայացնելով, Զարուհի Փոստանջյանը խոսքն ուղղեց ՀՀ գլխավոր դատախազին եւ ՄԻՊ-ին՝ այս հարցում նրանց լռությունն ու անգործությունը որակելով որպես հանցակցություն ապօրինի գործողություններին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ