Լրահոս
Օրվա լրահոսը

2024-ի ընթացքում մի շարք արտադրողներ ու ներմուծողներ չեն հետեւել կանոններին, մի շարք կազմակերպություններ տարբեր պատճառաբանություններով չեն համապատասխանեցրել իրենց արտադրանքը սահմանված պահանջներին. Գեւորգ Պապոյան

Մայիս 12,2025 19:11

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 12-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել Կառավարությունը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը հիշեցրել է, որ 2024 թվականի հունվարի 1-ից գործում են ծխախոտային արտադրանքի նկատմամբ Մաքսային միության «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգով» սահմանված պահանջները: Դրանց համաձայն՝ ծխախոտային արտադրանքի սպառողական տուփերի վրա պետք է լինեն գրաֆիկական նախազգուշացումներով պատկերներ, որոնք կտեղեկացնեն սպառողներին ծխելու վտանգավորության մասին: Նախարարը նշել է, որ 2024 թվականի ընթացքում մի շարք արտադրողներ ու ներմուծողներ չեն հետեւել  այդ կանոններին, շուկայում մի շարք կազմակերպություններ տարբեր պատճառաբանություններով չեն համապատասխանեցրել իրենց արտադրանքը սահմանված պահանջներին, գերադասել են վճարել  400.000 դրամ սահմանված տուգանքը, ինչի հետեւանքով բարեխիղճ տնտեսավարողների համար ստեղծվել են անարդար մրցակցային պայմաններ:

Գեւորգ Պապոյանը տեղեկացրել է, որ Կառավարությունն առաջարկում է ավելի խստացնել կարգավորումները: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների` Հայաստանում իրացման նպատակով արտադրությունը կամ ներմուծումն առաջացնում է տուգանքի նշանակում արտադրողի եւ ներմուծողի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա իրացման շրջանառության մեկ տոկոսի չափով: Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծով այն նշանակվում էր արտադրողի եւ ներմուծողի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մեկ տոկոսի չափով:

Հաջորդ առաջարկը վերաբերում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների՝ Հայաստանում իրացման հարցին: Կառավարությունն առաջարկվում է տուգանքի չափը սահմանել վաճառողին սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից իննհարյուրապատիկի չափով: Նշենք, որ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծում այն նախատեսված էր վաճառողին սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ ներկայացված լրամշակված օրինագծին:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031