«Երիտասարդական քաղաքականության մասին» վերջերս ընդունված ՀՀ օրենքի համաձայն՝ նախատեսվում է երիտասարդական կենտրոններ ու երիտասարդական տարածքներ ստեղծել Հայաստանի տարբեր համայնքներում՝ ապահովելով երիտասարդական միջավայր, որը հնարավորություն կտա երիտասարդների համար ոչ ֆորմալ կրթություն ապահովելու, նրանց ինտելեկտուալ ժամանցը կազմակերպելու, առաջնորդական հմտություններ զարգացնելու, ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու և ակտիվ քաղաքացիներ դարձնելու։
Սա կլինի լավագույն միջոց շատ ու շատ փոքր համայնքներից դեպի մեծ քաղաքային բնակավայրեր արտագաղթը կանխելու, երիտասարդներին իրենց ծննդավայրի հետ ավելի ամուր կապելու, նրանց համայնքի զարգացման մեջ անմիջականորեն ներգրավելու։
Օրենքով պայմանավորված՝ ՏԻՄ-երն ունենալու են երիտասարդական տեղական քաղաքականություն ու ի թիվս այլ համայնքային ծառայությունների՝ նաև տրամադրելու են երիտասարդական աշխատանքի ծառայություններ։ Այս նպատակով համայնքներում նոր հաստիքներ են ավելանում՝ երիտասարդական աշխատողների։
Կարդացեք նաև
Որպեսզի ՏԻՄ-երի ներկայացուցիչները պատրաստ լինեն տեղական երիտասարդական քաղաքականության մշակմանը և իրականացմանը, համայնքային երիտասարդական աշխատանքի կազմակերպմանը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ 50/50 ձևաչափով վերապատրաստումներ է սկսել Հայաստանի տարբեր մարզերի ՏԻՄ ներկայացուցիչների՝ համայնքապետերի, վարչական ղեկավարների, աշխատակիցների, ավագանու անդամների ու երիտասարդական ոլորտի ներկայացուցիչների համար։
Հայաստանի 70 համայնքներից շուրջ 30-ն արդեն մասնակցել են հնգօրյա վերապատրաստումներին։ Այն իրականացվում է «ԵՄ-ն հանուն կրթական բարեփոխումների ծրագրի շրջանակում»․ երիտասարդական աշխատանքի, երիտասարդական ծառայությունների, երիտասարդական տեղական քաղաքականության, երիտասարդական միջավայրի ձևավորման մասին գիտելիքներ տալուց բացի, վերապատրաստման շնորհիվ հնարավորություն է տրվում նաև ուսումնական այցեր կատարել Հայաստանի տարբեր երիտասարդական կենտրոններ՝ Հայաստանում առկա տարբեր երիտասարդական միջավայրերի մոդելներին տեղում ծանոթանալու համար։
Հատկանշական է, որ ՏԻՄ ներկայացուցիչները մասնավորապես հետաքրքրված են իրենց համայնքներում երիտասարդական միջավայրերի՝ երիտասարդական կենտրոնի և երիտասարդական տարածքի ձևավորմամբ, ինչի նպատակով ԿԳՄՍ-ն դրամաշնորհ է տրամադրում համայնքներին։
Aravot.am-ի հետ զրույցում ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերի վարչության պետի տեղակալ Արմենուհի Պետրոսյանը նշեց, որ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների շարք են հաստատել, որով ինչպես նախարարությունը, այնպես էլ համայնքապետարանները որոշ պարտավորվածություններ կունենան, որպեսզի օրենքը ճիշտ կիրառվի։
Համայնքապետարանները, ըստ մեր զրուցակցի, տեղական մակարդակում պիտի ապահովեն երիտասարդական քաղաքականություն՝ դրան միտված գործողությունների ծրագիր ունենալով ու այն հաստատելով։
«Մեր նպատակն է, որ բոլոր համայնքներն ու երիտասարդներն ունենան հնարավորություն ստանալու որակյալ երիտասարդական ծառայություններ»,- ասաց Արմենուհի Պետրոսյանը։
Ըստ նրա՝ համայնքներում երիտասարդական ծառայությունների մատուցումը դառնում է պարտադիր, իսկ մինչ այդ այն համայնքապետի ցանկությամբ է իրագործվել, ընդ որում ոչ բոլոր համայնքներում։
«Համայնքային երիտասարդական ծառայության կազմակերպման նպատակն այն է, որ երիտասարդները կապվեն իրենց բնակավայրերի հետ, փորձեն ստեղծել, արարել ու շարունակեն ապրել իրենց համայնքներում, թեկուզ ներքին միգրացիա չլինի, էլ չեմ խոսում արտաքին միգրացիայի մասին։ Սրանք լուրջ խնդիրներ են, որ պետությունն այդ մարտահրավերները վերացնելու ուղղությամբ բացի ֆորմալ կրթությունից, կարիք է տեսնում ոչ ֆորմալ կրթության միջոցով «փափուկ հմտություններ» ապահովել, կարողությունները զարգացնել, զբաղվածության հարց լուծել»,-ասաց Արմենուհի Պետրոսյանը։
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ, երիտասարդության հարցերի փորձագետ-ուսուցանող Արթուր Նաջարյանն էլ մեզ հետ զրույցում, տեղեկացրեց, որ ըստ «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի՝ համայնքները պետք է երիտասարդական աշխատողներ ունենան և երիտասարդական ծառայություններ ապահովեն։ Այս նպատակը իրագործելու համար շատ կարևոր է համայնքներում ձևավորել երիտասարդական միջավայր, այսինքն՝ երիտասարդական կենտրոն կամ երիտասարդական տարածք բացել, ինչի համար ԿԳՄՍ-ն շուրջ 26 միլիոն դրամ է տրամադրում ՀՀ համայնքներին։
Արթուր Նաջարյանի պարզաբանմամբ՝ երիտասարդական կենտրոնի և երիտասարդական տարածքի միջև ձևաչափի և բովանդակության որոշակի տարբերություն կա․ երիտասարդական կենտրոնն առնվազն 100 քառակուսի մակերես ունեցող ֆիզիկական տարած է՝ ժամանակակից նյութատեխնիկական հագեցվածությամբ և կահավորմամբ, որը պարտադիր պետք է ունենա հիմնական աշխատակազմ՝ երիտասարդական աշխատողներ, ովքեր և պատասխանատու են երիտասարդներին տրամադրվող ծառայությունների կազմակերպման, ապահովման, երիտասարդական աշխատանքի իրականացման համար․ և դա պետք է լինի մշտական բնույթ կրող։
Իսկ երիտասարդական տարածքն առնվազն 60 քառակուսի մակերես ունեցող ֆիզիկական տարածք է՝ ժամանակակից նյութատեխնիկական հագեցվածությամբ և կահավորմամբ, սակայն այստեղ հիմնական աշխատակազմ հարկավոր չէ․ սա ավելի շատ երիտասարդների հավաքատեղի է, որտեղ տարբեր միջոցառումների ու գործողությունների նախաձեռնությունը և իրականացումն ամբողջապես երիտասարդներին է։ Ըստ մեր զրուցակցի՝ երիտասարդական տարածքներն ավելի հարմար են հատկապես փոքր բնակավայրերի համար, որոնց վարչական, ֆինանսական և մարդկային ռեսուրսներ շատ նվազ են։ Ըստ Արթուր Նաջարյանի՝ երիտասարդական միջավայրի ստեղծումը, հատկապես հեռավոր գյուղական բնակավայրերում որոշակիորեն նաև նպաստելու է արտագաղթի կանխմանը։
«Հաճախ ենք հանդիպում դեպքերի, երբ որևէ արտադպրոցական խմբակ այցելելու կամ երիտասարդական աշխատանքի ծառայություններից, բովանդակալից ժամանցի հնարավորություններից օգտվելու նպատակով ծնողները ստիպված են լինում դժվարությունների գնով ապահովել իրենց երեխաների տեղափոխությունը քաղաքային բնակավայրեր, ինչը, իհարկե, ոչ բոլոր ընտանիքներն են կարողանում անել։ Երիտասարդական միջավայրի ձևավորումը լուծում է այս խնդիրը՝ առկա հնարավորությունները դարձնելով հասանելի և մատչելի տարբեր բնակավայրերի երիտասարդների համար․ ասել է՝ ծառայությունն ինքն է գնում շահառուի մոտ։
Այս համատեքստում շատ կարևոր է դառնում համայնքապետարանների համապատասխան բաժինների աշխատակիցների կարողությունների զարգացումը։ Գաղտնիք չէ, որ Հայաստանի գրեթե բոլոր համայնքների երիտասարդության հարցերի պատասխանատու բաժինների աշխատակիցները ունեն երիտասարդական աշխատանքի, երիտասարդական քաղաքականության մասին շատ նվազ գիտելիքներ և փորձ, իսկ այս բացը լրացնելու համար շատ անհրաժեշտ են կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումներ, ինչը և իրականացվում է ԿԳՍՄՆ-ԵՆԿ-ՅՈՒՆԻՍԵՖ համատեղ ջանքերով»,- ասաց Արթուր Նաջարյանը։
Ըստ մեր զրուցակցի, երիտասարդական աշխատանքն այսօր շատ կարևոր միջոց է երիտասարդների հզորացման, քաղաքացիական ակտիվության բարձրացման, սոցիալական հմտությունների ձևավորման համար, իսկ երիտասարդական աշխատանքի ծառայությունները հավելյալ արժեք են ֆորմալ կրթությանը։
«ՅՈՒՆԻՍԵՖ»-ի երիտասարդական ծրագրերի ղեկավար Հասմիկ Ալեքսանյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց կառույցը նախարարությանն աջակցել է ոչ միայն երիտասարդական քաղաքականության մասին օրենք ունենալու, այլ օրենքի կիրարկման հարցում։
«Այս դասընթացը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից, որոշում է կայացվել աջակցել նախարարությանը, որպեսզի կարողանանք համայնքներում իրազեկել թե՛ օրենքի մասին և թե՛ օրենքից բխող այլ քայլերի մասին, որպեսզի համայնքները տեղյակ լինեն ու սկսեն կարևորել երիտասարդների դերը ու երիտասարդների զարգացման դերը իրենց համայնքներում ու ընդհանրապես Հայաստանում, քանի որ «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի համար շատ կարևոր է, որպեսզի դեռահասները և երիտասարդները շատ հնարավորություն ունենան, որպեսզի կարողանան դպրոցից բացի այլ գիտելիքներ ձեռք բերել ոչ ֆորմալ կրթական ծրագրերին մասնակցելով, ապահով տարածքներ ունենան, կարողանան ընտանիքից ու դպրոցից զատ նաև տեղ ունենալ, որտեղ կարող են շփվել, ընկերներ ձեռք բերել, կարդալ, նոր բաներ սովորել։
Մեզ համար շատ կարևոր է աջակցել նախարարությանը՝ նաև երիտասարդական կենտրոնների ստեղծման քաղաքականությանը։
Մենք «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» հետ մի քանի երիտասարդական կենտրոններ ստեղծել ենք։ Սա էլ ամբողջական փաթեթ է դառնում՝ օրենքին աջակցելով ու նաև համայնքային զարգացմանը աջակցելով՝ փորձելու ենք ընդհանրական մի մոդել ունենալ երիտասարդական միջավայրերի, որպեսզի համայնքները պատրաստ լինեն ու այդ բոլոր գործիքների հմտությունները ունենան, որպեսզի իրենք էլ կարողանան գործարկել և երիտասարդների հետ ճիշտ աշխատեն, չվնասեն»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի»