-Մեր մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ ընդհանուր առմամբ, մամուլի ազատության վիճակը գրեթե նույնն է, ինչ նախորդ տարվա ընթացքում: Այսինքն՝ որեւէ բան չի խոսում այն մասին, որ մեզանում շեշտակի բարելավումներ են տեղի ունեցել այդ առումով,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ անդրադառնալով «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ մամուլի ազատության վերաբերյալ զեկույցին, որի համաձայն, ՀՀ-ն 9 սանդղակով բարելավել է իր դիրքերը:
Թե ինչն է ընկած «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության արձանագրած բարելավման հիմքում, պարոն Մելիքյանը մի ողջամիտ բացատրություն է միայն տեսնում. «Այն, որ այլ երկրներում իրավիճակը շատ ավելի արագ վատթարացել է, եւ այս իրավիճակում ՀՀ-ն ուղղակի նույն ցուցանիշներով վերեւ է բարձրացել այդ սանդղակով: Այլ բացատրություն չկա: Այդ փաստարկի օգտին են խոսում նաեւ Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները՝ նոր օրենքներ են ընդունվել ռեգրեսիվ բնույթի, ժողովրդավարական ինստիտուտները ճգնաժամային իրավիճակում են եւ այլն: Մինչդեռ Վրաստանը մեկ այլ միջազգային կազմակերպության ՝ Freedom House-ի գնահատմամբ՝ ավելի առաջ էր մամուլի ազատության առումով, քան Հայաստանը: Իսկ այս զեկույցում Վրաստանը, որ առանց այդ էլ հետ էր Հայաստանից, 11 կետով էլ ավելի է նահանջել: Եթե համեմատենք 2024-ի տվյալները 2023-ի կամ 2025-ի սկզբի տվյալների հետ, շեշտակի առաջընթացի հիմնավորում չենք տեսնում»:
Անդրադառնալով ԶԼՄ-ի մասին օրենքում փոփոխություններ անելու մասին Արդարադատության նախարարության օրենսդրական նախագծին, որն արդեն դրվել է հանրային քննարկման եւ որով առաջարկվում է, որ լրատվամիջոցից հերքման եւ պատասխանի իրավունքի պահանջից բացի կարող է ներկայացվել նաեւ տեղեկատվության հեռացման պահանջ, պարոն Մելիքյանը նկատեց, որ այն որեւէ կերպ չի սահմանափակի խոսքի, մամուլի ազատությունը. «Ես ծանոթ եմ այդ նախագծին, իրենք այս ընթացքում նաեւ խորհրդակցել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հետ: Ես չեմ համարում, որ դա սահմանափակում է, որովհետեւ գիտենք՝ հայհոյախոսությունը, վիրավորանքն ու զրպարտությունն ինչքան տարածված են սոցիալական մեդիայում: Կարող եմ հղում կատարել եվրոպական դատարանի նախադեպային որոշումներին, որ մարդը պետք է ընտրություն ունենա պատասխանելու, հերքում պահանջելու եւ հեռացնելու: Նախ վիրավորանքին պատասխան գրելը հարցի լուծում չէ, զրպարտության պարագայում մարդը կարող է որոշել հերքում գրել եւ այդ նյութը մնա համացանցում, բայց կարող է ասել՝ չէ, չեմ ուզում հերքում հրապարակել, քանի որ զրպարտություն է, թող հեռացվի: Բայց դա լինելու է ոչ թե մարդու, այլ դատարանի որոշմամբ: Եթե դատարանն ապացուցի, որ զրպարտություն է, ու զրպարտված մարդը պահանջում է հեռացնել, միայն այդ դեպքում է հեռացվելու»:
Մեր զրուցակցի խոսքով, օրենսդրական նախագծում տեղեկատվության հեռացման պահանջը շատ չոր էր դրված, իր կարծիքով՝ կարող է լինել դեպք, երբ լինի շատ օբյեկտիվ քննադատություն, պարզապես մեջը մի հատ հայհոյանք լինի. «Դրա համար ես պնդեցի, որ այդ հեռացման պահանջը վերաբերի առանձին արտահայտությանը, առանձին նախադասությանը, տեքստի ինչ-որ մի մասի, հետո նոր ամբողջ հրապարակմանը: Այսինքն՝ եթե կա օբյեկտիվ քննադատություն, մի հայհոյանքի համար չի կարելի պահանջել, որ այդ ամեն ինչը դուրս գա, ուղղակի պետք է հայհոյանքը վերացնել: Այս առաջարկությունս ընդունվեց: Ես կարծում եմ, որ օրենսդրական այս փոփոխության չընդունելու ալիքը հատուկ է ընդդիմադիր մամուլին, բայց մեծ հաշվով սա հակառակը սոցիալական մեդիայում իրավիճակը մի քիչ ավելի կառողջացնի ու ցիվիլ կդարձնի: Սա պետք է ավելի սթափեցնի ե՛ւ իշխանությունների, ե՛ւ ընդդիմության ներկայացուցիչներին, ե՛ւ նրանց կողմից հովանավորվող լրատվամիջոցներին ու նրանց կողմից գործող սոցիալական մեդիայի օգտատերերին»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ